Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Ըստ «Արմինֆոյի»՝ նման կարծիք երեկ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունները» թեմայով կազմակերպված՝ Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ արտահայտեց ՖԲԿ ընկերության ռազմավարական վերլուծությունների դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաեւը: «Ճգնաժամի հաղթահարման ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի կառավարության կողմից, Ղազախստանի ծրագրի հետ միասին՝ ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Մասնավորապես, երկու ծրագրերն էլ փոքր եւ միջին բիզնեսի ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար նախատեսում են էական աջակցության հնարավորություն»,- ընդգծեց նա: Միաժամանակ, Նիկոլաեւը նշեց, որ հայկական ծրագիրը նախատեսում է նաեւ բնակչությանը լայն աջակցություն, մասնավորապես, նա ընդգծեց, որ ծրագրում բնակչության սոցիալական աջակցման միջոցները փաստորեն ներկայացվում են որպես հակաճգնաժամանին միջոցներ, ինչը բացակայում է Ռուսաստանի ծրագրում: Հայաստանի հակաճգնաժամային ծրագրի ռազմավարության մեջ հիմնական շեշտը դրված է ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվելիք ծախսերի ավելացման վրա, մասնավորապես, էներգետիկայի, ճանապարհաշինության, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման, ինչպես նաեւ բարեփոխումների պլանավորման վրա:


















































