Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրտով եմ նկարում»

Հուլիս 07,2009 00:00 Share

Նկարիչ Ընծայի աշխատանքների հերթական ցուցադրություն էլ կայացավ Եվրախորհրդարանում

\"\"Վերջերս Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում բացվեց հայազգի նկարիչ Ընծայի ցուցահանդեսը, որտեղից նա վերադարձել է տպավորված: Հայտնի է, որ այնքան էլ հեշտ չէ այնտեղ ցուցահանդես ունենալը, որովհետեւ՝ նախ տարեկան ծրագիրը նախօրոք է կազմվում, եւ հետո ԵԽ-ում ամեն ազգի ներկայացուցիչ գերադասում է, որ իր հայրենակիցը ցուցադրվի նման հեղինակավոր վայրում: Ընծայի կատալոգները տեսնելուց հետո ԵԽ-ում միանգամից ընդունվել է համապատասխան որոշում՝ նրա 31 աշխատանքները «հյուրընկալելու» վերաբերյալ:

Նշենք, որ Ընծան ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը, եղել է Երեւանի «Նորք» թատրոնի դերասան, Երուսաղեմի Ընծայարանի ուսանող, ապա ձեռնադրվել կուսակրոն քահանա: Նկարիչը ավարտել է նաեւ Երուսաղեմի գեղարվեստի դպրոցը, աշխատել տեղի ժառանգավորաց վարժարանում որպես արվեստի ուսուցիչ, հետագայում էլ սովորել Վենետիկի արվեստի ակադեմիայում: Ընծան ոչ միայն նկարում է, այլեւ պատմվածքներ գրում:

Ընծայից հետաքրքրվեցինք՝ նրա նկարների ջերմիկ, ընտանեկան բնույթն արդյո՞ք այսօրվա իրականությունից հեռանալու ցանկության արտահայտություն չէ: «Նման բան չկա: Դրանք իմ անցյալի հուշերն են՝ մանկությունս, ընտանիքս, երազներս… թեեւ ոչ բոլոր հուշերն են քաղցր, բայց ամեն դեպքում տխուր է մանկությունը կորցնելը»,- ասում է մեր զրուցակիցը: Երբ կարծիք հայտնեցինք, որ նրա աշխատանքները հիշեցնում են Արշիլ Գորկուն, Ընծան ասաց. «Ես ամեն ինչից էլ ազդվում եմ՝ քայլող մրջյունից մինչեւ Արշիլ Գորկի, Գորկուց մինչեւ Մոդիլյանի, նրանից էլ մինչեւ ծագող արեւը: Բայց չեմ թաքցնում՝ մի քիչ էլ Գորկի կա իմ նկարներում…»: Դառնալով աստվածաշնչյան թեմաներով նկարներին էլ, հավելեց. «Ինձ համար գրքերի գիրքը Աստվածաշունչն է, որն անսպառ աղբյուր է բոլոր արվեստագետների համար, բայց մյուս կողմից էլ շատ բարդ է նրանից օգտվելը… Հիսուս նկարել՝ չի նշանակում նկարել ուղղակի գեղեցիկ տղամարդ, կամ Աստվածամայրը ընդամենը կին չէ՝ ձեռքին երեխա: Մեջը խորություն պիտի դնել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Միշտ չէ, որ պատրաստ ես հոգեպես»:

Ընծային ասացինք, որ իր պատմվածքներում արտահայտած խոհերը Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» են հիշեցնում: Նա ժպտալով պատասխանեց, որ Աստվածաշնչից հետո իր համար երկրորդ կարեւոր գիրքը Էքզյուպերին է: «Առավոտի» այն հարցին էլ՝ չի՞ վախենում սպառվել, մանավանդ իր ստեղծագործություններից տպավորություն ես ստանում, որ ամբողջը տվել է, ամեն ինչ հորդել է միանգամից, նկարիչը պատասխանեց. «Իհարկե, արվեստագետի համար սարսափելի բան է սպառվելը: Բոլորի պես ես էլ այդպիսի մտավախություն ունեցել եմ: Դե, քանի նկարում եմ՝ նկարում եմ: Հետո լուսատտիկի գաղափարը սիրում եմ՝ խոսքը ոչ թե լույս վառելու, այլ քո էությամբ լուսավորելու մասին է: Իսկ նկարչությունն իմ էությունն է… Այնպես չի, որ ուզենամ՝ կտամ այդ լույսը, չուզենամ՝ չեմ տա»:

Այն դիտարկմանը, թե որոշ նկարիչների գործեր նայելիս գլխացավ է առաջանում, իր պարագայում, սակայն, այդպես չէ, Ընծան պատասխանեց. «Երբ մարդ ուղեղով է ստեղծագործում, դիմացինը պետք է ուղեղով էլ հասկանա, իսկ ով սրտով է նկարում, դիմացինը սրտով էլ հասկանում է: Ուղեղով հասկացված նկարները հոգնածություն են առաջացնում, մարդը միշտ չէ, որ կարող է դիմանալ գեղանկարից հորդող հզոր էներգիային»:

Ընծան, որ մի քանի օր է, ինչ Երեւանում է, ասաց, որ դեռ մտորումների մեջ է, թե որ ոլորտի վրա կենտրոնանա՝ թատրոն, գեղանկարչություն, գրականություն, ռեստավրացիա (վերջին մասնագիտությունը Վենետիկում է ստացել)… Ուզում է նաեւ Էջմիածնում տիկնիկային թատրոն հիմնել. «Հիմա մարդկանց հետ աշխատելը բարդացել է, ուրիշ է տիկնիկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել