Կանանց WBA/WIBF վարկածներով մինչեւ 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ 21-ամյա Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», տարավ պրոֆեսիոնալ կարիերայում իր 25-րդ անընդմեջ հաղթանակը:
Հուլիսի 4-ին Սյուզին Համբուրգի «Color Line Arena»-ում 10 ռաունդանոց մենամարտ անցկացրեց մեկ աստիճան բարձր քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն, արգենտինացի Կարոլինա Մարչելա Ասունա Գուտիերեզ Գայտեի հետ եւ մրցավարների միաձայն որոշումով՝ մեծ առավելությամբ պարտության մատնեց նրան: Բոլոր երեք մրցավարներն էլ միավորների 100:90 տարբերությամբ հաղթանակը շնորհեցին Կենտիկյանին:
Հայաստանցի մարզուհին, որ բնակվում եւ մարզվում է Գերմանիայում, ռինգում անցկացրած իր 25 մենամարտերից 16-ն ավարտել է ժամկետից շուտ եւ շարունակում է անպարտելի մնալ իր բոլոր մրցակիցների համար:


















































