Լրահոս
Օրվա լրահոսը

Նախավերջին ակորդը

Հուլիս 17,2009 00:00

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու երգչուհի Նունե Բադալյանը՝ համերգաշրջանի փակումից առաջ

Հայաստանյան մշակութային օջախները հուլիսին՝ մինչ արձարկուրդ մեկնելը, ավանդույթի համաձայն, ամփոփում են ստեղծագործական տարին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ Ֆիլհարմոնիկը 2008-09թթ. համերգաշրջանը կավարտի հուլիսի 24-ին կայանալիք գալա համերգով, իսկ մինչ այդ, այսօր նվագախումբը հանդես կգա հերթական ուրբաթօրյա համերգային ծրագրով: Կհնչեն Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան, Վեբերի «Ազատ նետաձիգը» օպերայի նախերգանքը եւ օպերային երգչուհի Նունե Բադալյանը կներկայացնի Ռիխարդ Շտրաուսի 4 վերջին երգը: «Առավոտի» դիտարկմանը, թե նվագախմբի անցնող համերգաշրջանը նշանակալի էր անցյալ տարի կայացած ճապոնական հյուրախաղերով, Էդ. Թոփչյանը ավելացրեց, որ այս տարվա հունվարից պարբերաբար նվագախումբը ղեկավարել են հանրահայտ դիրիժորներ Ջոն Նելսոնը (ԱՄՆ), Քրիստոֆեր Վորըն Գրինը (Մեծ Բրիտանիա), Դիոնգ Վիկտորին Յուն (Հարավային Կորեա), դաշնակահարներ Կարլո Գրանտեն (Իտալիա), Բերնդ Գլեմզերը (Գերմանիա), աշխարհահռչակ ջութակահար Գիդոն Կրեմերը եւ այլք: Դիրիժորը կարեւորեց նաեւ իրենց կողմից անցկացված Երեւանյան երկրորդ դասական երաժշտության միջազգային փառատոնը: «Գալիք համերգաշրջանում անցկացվող երրորդ փառատոնում էլ հայաստանցի հանդիսականը առիթ կունենա ունկնդրելու 17 մեծանուն երաժիշտների»,- նշեց արվեստագետը: Հարցին՝ օպերային արվեստի սիրահար Ֆիլհարմոնիկի դիրիժորը գալիք համերգաշրջանում ունի՞ օպերաներ իրականացնելու նախագծեր, Էդ. Թոփչյանը պատասխանեց. «Նախատեսված է երկու օպերա: Կուզենայի Չայկովսկու «Պիկովայա դաման» կամ Վերդիի «Դոն Կառլոսը» բեմադրեր ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, իսկ Չայկովսկու «Եվգենի Օնեգինը» կամ Պուչինիի «Տուրանդոտը»՝ այլ բեմադրիչ»: Հետաքրքրությանն էլ, թե ինչո՞ւ Ֆիլհարմոնիկը ղեկավարելու համար Թոփչյանը հաճախ չի վստահում հայաստանցի իր կոլեգաներին, նվագախմբի գեղարվեստական ղեկավարից ստացանք հետեւյալ պատասխանը. «Կարեւոր է, երբ վահանակի մոտ կանգնած դիրիժորը հետաքրքիր լինի նվագախմբի արտիստների համար: 2009-2010թթ. համերգաշրջանում այս պահին կարող եմ հրապարակել միայն դիրիժոր Զավեն Վարդանյանի անունը»:

Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Նունե Բադալյանի համագործակցությունը Ֆիլհարմոնիկի հետ այսօր կայանալիք համերգում՝ առաջինը չէ: Անցյալ տարի երգչուհին հանդես եկավ Նեդդայի դերերգով (Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի բեմականացման մեջ, որի նախաձեռնողն էր Էդ. Թոփչյանը) եւ Ֆիլհարմոնիկի ու Ազգային օպերային թատրոնի հետ համատեղ՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» ներկայացման մեջ, կատարելով գլխավոր դերերգը: Չնայած Ն. Բադալյանը զբաղված է Օպերային թատրոնի խաղացանկային մի շարք ներկայացումներում, սակայն նրան ավելի հաճախ հանդիպում ենք կամերային երեկոներում՝ Ա. Ղարաբեկյանի եւ Էդ. Թոփչյանի նվագախմբերի հետ: Այս առիթով Ն. Բադալյանն ասաց. «Չգիտես ինչու, մեր թատրոնում յուրաքանչյուր պրեմիերայից առաջ եւ հետո մոռացվում են խաղացանկային ներկայացումները: Սա է հիմնական պատճառը, որ հաճախ չեմ երեւում օպերային ներկայացումներում: Մոտ ժամանակներս Օպերային թատրոնում պրեմիերա է՝ Մոցարտի «Դոն Ժուանը», որտեղ հանդես կգամ դոնա Աննայի դերերգով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031