Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂ ՉՏԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Հուլիս 24,2009 00:00

1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով, գնում էինք Կարս՝ Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում, Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին՝ շինած անտաշ քարով: Մեր ուշադրությունը այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ՝ մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել: Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած մեկուսի ծխում էի՝ հետեւելով երկուստեք քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին, պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս: Ես կատաղեցի՝ այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք: Ոստիկանները ուշադիր լսեցին եւ ասացին՝ ո՛չ, հող չի կարելի տանել: Մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, գնեք՝ ինչ ուզում եք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Պատվիրակությունը ճանապարհելուց հետո մենք եղանք Կարսում, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք, ու երբ շատ խնդրեցինք, մեզ թույլ տվեցին տեսնել Անին… Եվ երբ արդեն վերադառնում էինք, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի՝ ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո ասաց. ասում է՝ մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր… Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել