Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Սեպտեմբեր 11,2009 00:00

«Ժառանգության» վարչության նախկին փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը՝ որպես ապացույց կուսակցության 5-րդ համագումարում իրականացված կեղծիքների հեղինակի վերաբերյալ պնդումների՝ փոխանցեց 2008-ի հուլիսի 31-ին Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հատուկ կարծիքը, որը նա գրել էր որպես համագումարում վարչության անդամների ընտրությունների անցկացման վերաբերյալ թերություններն ու խախտումները ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ու նաեւ դիմումը վարչությանը: Մասնավորապես այդ դիմումում նա նշել է տվյալ ընտրությունների ժամանակ Արմեն Մարտիրոսյանի կողմնակալության մասին (միեւնույն ժամանակ վարչության անդամի թեկնածու ու հաշվիչ հանձնաժողովի նախագահ) եւ «անփույթ, անկազմակերպ գործելաոճի» մասին. «Ինձ՝ որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամի, այդպես էլ պարզ չեղավ. ինչո՞ւ էր Արմեն Մարտիրոսյանը քվեաթերթիկներն առանձին հաշվում՝ մեկ այլ սենյակում: Ինչո՞ւ է նա Ասյա Համբարձումյանին, երբ նա նրա ձեռքին տեսել է մի տրցակ քվեաթերթիկ ու հարցրել՝ այս ի՞նչ է կատարվում, պատասխանել, որ քո գործը չի՝ լավ եմ անում, եւ դրել այդ քվեաթերթիկներն իր գրպանը: Ինձ՝ որպես ժամանակավոր հանձնաժողովի անդամի, պարզ չեղավ՝ ինչպե՞ս է Ասյա Համբարձումյանը հայտնաբերել վարչության մեկ այլ թեկնածու՝ Հայկ Գասպարյանի տիկնոջ ձեռքին մի քանի տասնյակ քվեաթերթիկ: Ինձ համար պարզ չէր՝ Ասյա Համբարձումյանն ինչպե՞ս էր կարողացել հայթայթել ավելի քվեաթերթիկներ եւ երկու անգամ ավելի քվեարկել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբողջ գործընթացի հիմնական պատճառը եղել է մեր կուսակցության ղեկավարության անկազմակերպ եւ անփույթ գործելաոճը՝ եթե մարդկանց պատժում ենք, ապա պետք է պատժել ըստ նրանց կողմից կատարած արարքի, գտնում եմ, որ չի կարելի Նորայր Վարդանյանին, Արթուր Հակոբյանին եւ Արթուր Սարդարյանին հեռացնել կուսակցությունից: Այս մարդկանց հետ, ինչպես նաեւ Արմեն Մարտիրոսյանի եւ այլն՝ մենք անցել ենք դժվար, փորձություններով լի ճանապարհ: Եվ սա էլ այդ փորձություններից մեկն է, որը պետք է հաղթահարենք փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ու սխալը ուղղելու ճանապարհով, այլ կերպ տեղի կունենա կուսակցության ղեկավար մարմնում պառակտում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել