Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԻԿ ԿԼԻՆԵԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Հայաստանյան եթերի մասին ասում է ԵԱՀԿ մամուլի
ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ անկախ նրանից, որ Դուք տարիներ շարունակ մտահոգություն եք հնչեցնում Հայաստանում մամուլի վիճակի, մասնավորապես հեռարձակող ԶԼՄ-ներում բազմակարծության բացակայության մասին, ըստ էության, այդ հայտարարությունները չեն արժանանում պատշաճ ուշադրության:
– Դե, անկասկած, իրավիճակը մնացել է անփոփոխ: Բազմակարծության մակարդակը, հատկապես հեռարձակման ոլորտում, բավարար չէ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասի այլ պետություններում: Գլխավոր խնդիրը թափանցիկության պակասն է, այսինքն՝ ում ինչ է պատկանում լրատվության ոլորտում: Բավարար ապամենաշնորհացումը պահանջում է հստակեցնել, թե ում ինչ է պատկանում լրատվության ոլորտում:
Սակայն հեռարձակման ոլորտում կան նաեւ այլ տարրեր, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել, եւ այդ խնդիրները կարեւոր են հեռարձակող ԶԼՄ-ների բազմակարծության համար: Դրանցից մեկը արտոնագրման դադարեցումն է, որը տեխնիկական առումով բացատրվում է թվային հեռարձակմանն անցմամբ: Բայց փաստորեն սա անվիճարկելի զոհաբերություն է, եթե նախկին եւ ներկայիս իշխանությունները չեն անում ոչինչ այս առնչությամբ: Եթե ներկա իշխանությունը ոչինչ չանի «Ա1+»-ի արտոնագրի առնչությամբ, ապա կարծում եմ, որ դա կլինի  ոչ պատշաճ վերաբերմունք Ստրասբուրգի դատարանի հանդեպ, եւ դա նշանակում է, որ իշխանությունը վկայակոչելով ձեւականությունները՝ պարզապես եթերի հնարավորություն չի ընձեռում «Ա1+»-ին: Բնականաբար, հեռարձակման իրավունքը կլիներ արդար քայլ, եւ դա նաեւ լավ կլիներ բազմակարծության համար:
Բանն այն է, որ նախկինում «Ա1+-»-ը դիտվում էր որպես անկախ հեռուստատեսություն, սակայն երբ այն զրկվեց հեռարձակման իրավունքից ու մինչ այսօր՝ ոչ մի հեռուստաալիք, կարելի է ընդունել՝ զերծ չէ իշխանության ազդեցությունից՝ հասարակությանը հուզող թեմաների լուսաբանման հարցում:
Այսպիսով՝ բազմակարծությանը մեծագույն ներդրում կլինի, եթե վերսկսվի արտոնագրման գործընթացը՝ անկախ թվային հեռարձակմանն անցումից: Եվ անցումային ընթացակարգին կարելի է վերադառնալ՝ դրանից հետո: Այլապես վտանգ կա, որ անգամ թվային հեռարձակման անցումը նորից կվերստեղծի ներկայիս իրավիճակը, եթե «Ա1+»-ն իրավունք չունենա մասնակցել, այսպես կոչված, «մուլտիպլեքս»-ի իրավունք ստանալու գործընթացին, քանի որ չունի անալոգային արտոնագիր: Այդ դեպքում, եւ Հայաստանում բազմակարծության պակասի իրավիճակը կշարունակվի նաեւ թվայնացման շրջանում,եւ ես դա դիտում եմ իբրեւ վտանգ ապագայի համար եւ ոչ միայն ներկայումս առկա խնդիր:
– Թեեւ մասամբ արդեն պատասխանեցիք հարցին, բայց արդյոք չկա՞ն փոփոխություններ այս ոլորտում, հաշվի առնելով, որ այնուամենայնիվ՝ մեր հեռուստաեթերում փոքր-ինչ ավելացել են բանավիճային հաղորդումները, մասնակիորեն փոխվել է հեռուստաոլորտը կարգավորող մարմինների անդամների նշանակման կարգը:
– Ես երջանիկ կլինեի արձանագրել դրական փոփոխություններ: Նախքան իմ մանդատի ավարտը, որը նախատեսվում է մարտի 10-ին՝ մեր գրասենյակի ներկայացուցիչների հետ ցանկանում ենք այցելել Հայաստան: Եվ ոչ միայն լրատվության ոլորտի պատճառով, այլ նաեւ իմ սեփական նոստալգիայի: Ես շատ դժգոհ կլինեմ, եթե չկարողանամ եւս մեկ անգամ այցելել Հայաստան, որը շատ գեղեցիկ երկիր է:
– Հստակ ե՞րբ եք այցելելու:
– Մինչեւ մարտի 10-ը՝ դա երկար ժամանակահատված չէ: Ուրախ կլինեմ անցկացնել նման ուսումնասիրություններ, թեեւ չեմ կարող խոսել հայերեն, բայց հուսով եմ՝ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը կօգնի մեզ: Հույս ունեմ, որ նույնիսկ եթե լուծված չլինի հեռարձակման արտոնագրերի մրցույթների խնդիրը՝ գոնե լավ է, որ հեռուստատեսությունների ձեռքբերումները եւ ծրագրերը ավելի մեծ տեղ են տվել բազմակարծությանը:
– Ձեր զեկույցներից մեկում մտահոգություն էիք արտահայտել, որ Հայաստանում կրկնակի աճել են լրագրողների դեմ բռնությունները: Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական կամքի բացակայությո՞ւնը, այդ դեպքերի դժվար բացահայտելի լինե՞լը, թե՞ մեկ այլ է պատճառը, որ դրանք չեն բացահայտվում կամ, այսպես ասենք, այնպես են բացահայտվում, որ մնում են առնվազն հարցականներ դրանց պատվիրատուների վերաբերյալ:
– Ոչ ոք երբեւէ չի պնդել, թե այս խնդիրները լուծվում են հեշտությամբ: Ոստիկանության մարմինների բնական բնազդն է լրագրողների նկատմամբ ոտնձգությունների հետ վարվել որպես սովորական հանցանք: Այսպես է լինում մարդու իրավունքների դեմ մի շարք ոտնձգությունների դեպքերում, կամ երբ խոսքը գնում է ռասային խտրականության, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների կամ որեւէ այլ զգայուն հարցի մասին: Նման դեպքերում, եթե կառավարությունը ոստիկանությանը թույլ է տալիս, ապա ոստիկանները տալիս են սովորական պատասխան, ասելով, թե շատ լավ՝ բռնության համար կան տարբեր տեսակի դրդապատճառներ, եւ մենք կհետաքննենք դրանք: Կառավարության դերը շատ առանձնահատուկ է՝ սովորականից տարբեր վարվել եւ հրապարակայնորեն պարտավորվել տվյալ դեպքերը դիտարկել որպես հանցագործություն ժողովրդավարության դեմ, քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցանք:
Այսպիսով, մի կողմից՝ հասկանում եմ, որ բարդ է, սակայն մյուս կողմից՝ հարկավոր է սկսել հանուն Հայաստանում կամ այլ երկրներում ժողովրդավարության որակի: Կան երկրներ, որտեղ ավելի շատ են բռնության դեպքերը, քան Հայաստանում. օրինակ՝ Ռուսաստանը հայտնի է այդ առումով ԵԱՀԿ տարածքում: Մենք ամեն երկրի կառավարությունից ենք պահանջում հատուկ վերաբերմունք, ոչ միայն Հայաստանից: Այնպես որ, կրկին հույս ունեմ, թե կառավարությունը կկարողանա որոշել լուծել այդ ամենը հատուկ ձեւով: Ես չեմ պնդում, թե ոստիկանությունը չի աշխատում, կամ ոստիկանները չեն բացահայտել դեպքերը: Մենք պարզապես պահանջում ենք անել ավելին, քան արվում է սովորաբար:
– Աշնանը հրապարակված զեկույցներից մեկում նշել էիք, թե Ձեր գրասենյակը դիտարկում է անցկացնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության նկատմամբ: Արդյոք այդ դիտարկման ընթացքում արձանագրվե՞լ են որոշակի խախտումներ:
– Սա այն հարցերից է, որոնք կուղղեի ԵԱՀԿ տեղական առաքելությանը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին՝ մենք շարունակում ենք դիտարկումը:
Ես կցանկանայի վերադառնալ նախորդ հարցին, որովհետեւ կա կարեւոր մի հանգամանք: Եթե կառավարությունը չունի լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առանձնահատուկ վերաբերմունք, ապա գոյություն ունի վտանգ: Սա պատահել է մի քանի երկրներում, երբ այն հանցագործները, ովքեր ցանկանում են, որ լրագրողները դադարեցնեն որոշ խնդիրների լուսաբանումը՝ սկսում են սովորել այս տեսակի գրաքննությանը: Սա դառնում է նորաձեւ հանցանքի մի եղանակ, եթե չկա հատուկ վերաբերմունք: Սա դառնում է գրաքննության մի ձեւ, որի թողած ազդեցությունը լրատվության վրա մահացու է: Բռնության մի դեպքից հետո թերթերի խմբագիրներն անմիջապես ըմբռնում են ուղերձը, թե որոնք են այն հարցերը, որոնց հետ չպետք է գործ ունենան: Եվ այս տեսակի գրաքննությունը ավելի ազդեցիկ է, քան կարող է լինել պաշտոնականը: Այդ պատճառով էլ կառավարությունն ունի պարտավորություն անելու ավելին, քան սովորաբար:
Մենք հետաքրքրված ենք այն ամենով, ինչը վերաբերում է հայտարարված արտակարգ դրությանը, որի ընթացքում գրաքննվում էր երեւանյան մամուլը: Մենք  ուշադրությամբ ենք հետեւում այդ ժամանակահատվածում ծագած որեւէ խնդրի, որն առնչվում է լրագրողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել