ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։
Վարչապետը ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։
Կարդացեք նաև
Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլիանա Յուտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։
Համատեղ հռչակագիր
Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության մասին
Հայաստանի Հանրապետությունը եւ Բուլղարիայի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),
ճանաչելով հայ եւ բուլղար ժողովուրդների միջեւ երկարամյա պատմամշակութային կապերի վրա կառուցված ավանդաբար գերազանց երկկողմ բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները, ինչպես նաեւ փոխադարձ հարգանքն ու վստահությունը եւ տարբեր ոլորտներում իրենց շահերի համընկնումը,
վերահաստատելով իրենց աներկբա աջակցությունը միմյանց անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը,
շարունակելով հավատարիմ մնալ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքներին եւ նորմերին, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում սահմանված նպատակներին եւ սկզբունքներին,
ընդգծելով որպես իրենց գործընկերության հիմք՝ համատեղ հիմնական արժեքների խթանման եւ պաշտպանության իրենց հանձնառությունը, այդ թվում՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության պահպանման հանձնառությունը,
վկայակոչելով Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ 1995 թվականի ապրիլի 10-ին կնքված «Բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության մասին» համաձայնագիրը,
հաշվի առնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ընդլայնվող գործընկերությունը, եւ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության եւ ԵՄ-ի միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին կնքված՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգը, ինչպես նաեւ 2024-2027 թվականների՝ Հայաստանի դիմակայունության եւ աճի ապահովման ծրագիրը,
վերահաստատելով Հայաստանի քաղաքական, տնտեսական, անվտանգային եւ սոցիալական կապերը Եվրոպական ընտանիքի եւ ժողովրդավարական պետությունների ավելի լայնամասշտաբ համայնքի հետ ամրապնդելու Հայաստանի ձգտումը,
նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը, կայունությանը եւ խաղաղությանը,
շեշտելով, որ սույն համատեղ հռչակագիրն ուղղված չէ որեւէ այլ պետության կամ պետությունների խմբի դեմ եւ չի ազդում Կողմերի այն միջազգային պայմանագրից բխող իրավունքների եւ պարտավորությունների վրա, որը Կողմերից մեկը կնքել է երրորդ պետության հետ՝ առանձին կամ համատեղ, ինչպես նաեւ Բուլղարիայի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցությունից բխող իրավունքների եւ պարտավորությունների վրա,
ճանաչելով Հարավային Կովկասում խաղաղությունը որպես կարեւոր գործոն՝ տարածաշրջանի տնտեսական աճի եւ զարգացման համար, եւ Եվրոպայի հետ համագործակցության հսկայական հնարավորությունները հատկապես տրանսպորտի, էներգետիկայի եւ ՏՀՏ հատվածներում,
ընդունելով ԵՄ-ի դերը եւ ջանքերը Հարավային Կովկասում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման հարցում, ինչպես նաեւ ԵՄ-ի դիրքորոշումը որպես Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների երկարաժամկետ գործընկեր՝ համագործակցության եւ կայուն ու ներառական փոխկապակցվելիության ամրապնդման գործում,
արտահայտելով ակտիվ աջակցություն ներառական մոտեցմանը, որն առաջարկվել է Հայաստանի Հանրապետության համար Եվրոպական հանձնաժողովի եւ Արտաքին գործողության եվրոպական ծառայության կողմից՝ երկիրը ռազմավարական տեսանկյունից կարեւոր տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային նախաձեռնությունների մեջ լիարժեք ներառելու նպատակով,
կարեւորելով Սեւծովյան տարածաշրջանի նկատմամբ ԵՄ-ի ռազմավարական մոտեցումը եւ ԵՄ-ի «Գլոբալ դարպասներ» ծրագիրը, ինչպես նաեւ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) նախագիծը եւ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքը (TCTC)՝ տարածաշրջանային կայունությանը եւ տարածաշրջանային եւ միջտարածաշրջանային փոխկապակցվածությանը նպաստելու համար,
ընդգծելով Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության համատեղ ցանկությունն ու վճռականությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու իրենց հարաբերություններն արտաքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության, տիեզերքի, անվտանգության, արդարադատության, մշակույթի, կրթության, շրջակա միջավայրի, սոցիալական հարցերի եւ երիտասարդության միջեւ համագործակցության ոլորտներում,
ձգտելով նոր մակարդակի բարձրացնել իրենց երկկողմ հարաբերությունները,
սույնով հայտարարում են Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին:
Ռազմավարական գործընկերության շրջանակը
- Քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն
1.1․ Կողմերը կպահպանեն եւ կակտիվացնեն բարձր մակարդակի շփումները երկու պետությունների քաղաքական առաջնորդների եւ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչների միջեւ։
1.2․ Կողմերը տարեկան քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն իրենց արտաքին քաղաքականությամբ զբաղվող մարմինների միջեւ՝ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու եւ դիրքորոշումները քննարկելու նպատակով։
1.3․ Կարեւորելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը՝ Կողմերը կանցկացնեն պարբերական երկկողմ ոլորտային խորհրդակցություններ՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներին համապատասխան։ Այս ջանքերն ուղղված են ԵՄ չափանիշներին Հայաստանի օրենսդրության մոտարկմանն աջակցելուն՝ նպաստելով Հայաստանի տնտեսության բազմազանեցմանը, ինչպես նաեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը։
1.4․ Կողմերն ակտիվորեն կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Եվրոպական անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ։
1.5․ Կողմերը կաշխատեն ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման եւ հակակոռուպցիոն գործողությունների խթանման եւ ամրապնդման ուղղությամբ։
1.6․ Կողմերը կընդլայնեն հաղորդակցությունը եւ խորհրդակցություններն իրենց ոլորտային գերատեսչությունների միջեւ՝ ինստիտուցիոնալ համագործակցությունը զարգացնելու եւ բազմաոլորտ համագործակցության օրակարգն ընդլայնելու համար։
1.7․ Բուլղարիան ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները՝ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ խաղաղության ապահովման համար, եւ ճանաչում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը որպես կառուցողական եւ հեռանկարային առաջարկություն, որը եւս կնպաստի տարածաշրջանային փոխկապակցվածությանը, վստահության ձեւավորմանը եւ տնտեսական համագործակցությանը։
- Անվտանգություն, պաշտպանություն եւ արդարադատություն
2.1․ Կողմերն ընդունում են անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման ներուժը եւ համաձայնում են ուսումնասիրել ընդհանուր շահեր ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները։
2.2․ Կողմերը տեղեկություններ են փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ անվտանգության ոլորտում համատեղ մարտահրավերներին դիմակայելու համար։
2.3․ Կողմերը վերահաստատում են ազատ, բաց, համընդհանուր, մարդակենտրոն, անվտանգ եւ փոխգործունակ կիբեռտարածության պահպանման եւ զարգացման իրենց հանձնառությունը։
2.4․ Կողմերը կամրապնդեն իրենց համագործակցությունը կիբեռանվտանգության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ կիբեռհանցագործությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում՝ համատեղ նախաձեռնությունների ձեւավորման, այդ թվում՝ տեխնիկական օժանդակության եւ կարողությունների զարգացման ծրագրերի միջոցով։
2.5․ Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կզարգացնեն փոխշահավետ համագործակցությունն ապատեղեկատվության դեմ պայքարի եւ Օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության (FIMI) հակազդման ոլորտներում՝ երկու Կողմերի պետական եւ մասնավոր հաստատությունների միջեւ փոխգործակցության ամրապնդման միջոցով։
2.6․ Կողմերը կշարունակեն Հայաստանի Հանրապետությունում եւ Բուլղարիայի Հանրապետությունում պաշտպանության ոլորտում երկկողմ տարեկան համագործակցության ծրագրերում համաձայնեցված փոխադարձ շահ ներկայացնող գործողությունների իրականացումը։
2.7․ Պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ բարձր մակարդակում եւ աշխատանքային մակարդակում համաձայնությունների միջոցով, այդ թվում անհրաժեշտության դեպքում՝ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մշտապես հավատարմագրված ռազմական կցորդի գրասենյակի ստեղծման միջոցով։
2.8․ Պաշտպանության ոլորտում համագործակցությունը կծավալվի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում, որով ստեղծվել է 2025 թվականի հունիսի 30-ին կնքված՝ Եվրոպական միության ճգնաժամերի կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը։
2.9․ Կողմերը կամրապնդեն ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությունը համատեղ նախաձեռնությունների եւ վերապատրաստումների, այդ թվում՝ կարողությունների զարգացման ծրագրերի միջոցով, նաեւ իրավասու մարմինների միջեւ ընդլայնված համակարգումը՝ բնածին եւ տեխնածին աղետների նկատմամբ դիմակայունությունն ամրապնդելու համար:
2.10․ Կողմերը կամրապնդեն համագործակցությունն արդարադատության ոլորտում, այդ թվում՝ մարդու իրավունքների եւ քրեակատարողական ոլորտներում, հիմնվելով Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ «Քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի վրա (ստորագրվել է 1995 թվականի ապրիլի 10-ին, Սոֆիայում), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի վրա (ստորագրվել է 1995 թվականի ապրիլի 10-ին, Սոֆիայում), սակայն չսահմանափակվելով դրանցով:
- Տնտեսական, բարձր տեխնոլոգիական, նորարարական եւ ենթակառուցվածքային համագործակցություն
3.1․ Կողմերը վերահաստատում են տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրենց հանձնառությունը՝ առեւտրաշրջանառության աճը բարձրացնելու նպատակով՝ առաջնահերթություն տալով այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների կառավարումը, թափոնների հեռացումը, կենսաբազմազանությունը, հողերի կայուն կառավարումը, խելացի գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, զբոսաշրջությունն ու գինեգործությունը:
3.2․ Մասնակիցները կխթանեն համատեղ ձեռնարկություններն ու հետազոտական նախաձեռնությունները, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների փոխանակումը բարձր տեխնոլոգիական ոլորտներում, հատկապես՝ կիսահաղորդիչների, կենսաբժշկության, արհեստական բանականության, ռոբոտաշինության եւ ամպային հաշվարկների ոլորտներում։
3.3․ Կողմերը պարբերաբար կանցկացնեն Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ Տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստեր՝ ոլորտային համագործակցության ներուժի ամրապնդման նպատակով՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:
3.4․ Տնտեսական համագործակցությունն է՛լ ավելի կընդլայնվի՝ դյուրացնելով հաղորդակցությունը տնտեսական շահագրգիռ կողմերի, ստարտափների եւ ազատ տնտեսական գոտիների միջեւ։
3.5․ Կողմերը կխրախուսեն ուղղակի ներդրումների խթանումը՝ նպաստելով իրենց համապատասխան երկրներում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը եւ ապահովելով միմյանց ներդրումների պաշտպանությունը, այդ թվում՝ վերանայելով Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում կնքված համաձայնագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի նոր պահանջների համաձայն:
3.6․ Բուլղարիան կաջակցի Հայաստանին տարածաշրջանային տնտեսական նախագծերին միանալու գործում՝ հաշվի առնելով, որ այդպիսի նախագծերում Հարավային Կովկասի բոլոր երկրների ընդգրկվածությունն ու մասնակցությունը կապահովի ինչպես տնտեսական օգուտներ բոլոր ներգրավված պետությունների համար, այնպես էլ կխթանի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովումը։
3.7․ Հաշվի առնելով դեպի ծով ելք չունենալու եւ համաշխարհային առեւտրային շուկաներ սահմանափակ մուտք ունենալու հետեւանքով Հայաստանի առջեւ ծառացած բազմաբնույթ մարտահրավերները՝ Կողմերը կամրապնդեն համագործակցությունը տարածաշրջանային եւ միջազգային առեւտրին եւ տրանսպորտային հաղորդակցությանը նպաստելու նպատակով, այդ թվում՝ աջակցելով միմյանց նախագծերին, ինչպես օրինակ՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
3.8․ Կողմերը համաձայնել են համագործակցել Կայուն զարգացման նպատակները իրականացնելու, նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացը խթանելու, ինչպես նաեւ կանաչ տնտեսության անցումը ապահովելու նպատակով։ Կողմերը կհամագործակցեն՝ օգտագործելով կորուստների եւ վնասների համար ֆինանսավորման առկա եւ հեռանկարային մեխանիզմները՝ կլիմայի փոփոխության հետ կապված կորուստներին եւ վնասներին առնչվող խնդիրների կարգավորման եւ աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի միջոցով բնական աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացման նպատակով։
3.9․ Կողմերը կամրապնդեն համագործակցությունը կայուն պարենային համակարգերի, սննդամթերքի անվտանգության ու պարենային անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտներում՝ ներդնելով տեխնոլոգիական լուծումներ եւ ժամանակակից համակարգեր՝ պարենի եւ գյուղատնտեսության, այդ թվում՝ խելացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումների խթանման եւ ագրոբիզնեսի ոլորտում առեւտրի դյուրացման համար։
3.10․ Կողմերը կփոխանակվեն Հայաստանի եւ Բուլղարիայի խոցելի էկոհամակարգերում կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերներին դիմակայելու գործում լավագույն գործելակերպով։
3.11․ Կողմերը կուսումնասիրեն ամպային հաշվարկների եւ տվյալների վերլուծության ոլորտում համագործակցությունը՝ Հայաստանի եւ Բուլղարիայի ամպային ենթակառուցվածքի զարգացման նպատակով՝ ուշադրություն դարձնելով թվային փոխակերպման համար ամպային տեխնոլոգիաների օգտագործմանը:
3.12․ Կողմերը կկազմակերպեն համատեղ գործարար եւ տեխնոլոգիական համաժողովներ Հայաստանում եւ Բուլղարիայում՝ տրամադրելով հարթակ շահագրգիռ կողմերի հաղորդակցման, գաղափարների փոխանակման եւ համագործակցության համար։
3.13․ Կողմերը կդիտարկեն միջազգային բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսներին եւ տեխնոլոգիական տոնավաճառներին մասնակցելու հնարավորությունը՝ ցուցադրելով իրենց հավաքական կարողությունները եւ ներգրավելով համաշխարհային ներդրումներ երկու երկրների տեխնոլոգիական ոլորտներում:
3.14․ Կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար՝ զբոսաշրջությունը զարգացնելու, գործարար կապերն ու մարդկանց միջեւ հաղորդակցումը խթանելու նպատակով:
3.15. Կողմերը հատուկ կարեւորություն են տալիս երկու պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Երեւանի եւ Սոֆիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության եւ գործընկերության ակտիվացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների լրացուցիչ խթան:
3.16․ Կողմերը կաջակցեն երկու երկրների արդյունաբերական գոտիների, ազատ տնտեսական գոտիների, տեխնոլոգիական պարկերի եւ նորարարության կենտրոնների միջեւ համագործակցությանը։
3.17․ Կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն էներգետիկայի, տրանսպորտի, թվայնացման եւ այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ բազմակողմ հաղորդակցության նախագծերի վերաբերյալ։
3.18․ Կողմերը կդիտարկեն տիեզերքի ուսումնասիրման եւ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները:
3.19․ Կողմերը կդիտարկեն տիեզերքին առնչվող համատեղ նախագծերի մեկնարկման, այդ թվում՝ խելացի արբանյակների մշակման եւ տիեզերական քաղաքականության ոլորտում հնարավոր համագործակցության հնարավորությունները։
- Էներգիա
4.1․ Կողմերը կզարգացնեն համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ կանաչ ջրածնի եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների արտադրության նախագծերի մշակման հարցերում:
4.2․ Հաշվի առնելով վերականգնվող էներգիայի զգալի ծավալ արտադրելու երկու երկրների հնարավորությունները՝ Կողմերը մտադիր են կազմակերպել համատեղ խորհրդատվություններ կանաչ ջրածնի եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի, մասնավորապես՝ արեւային եւ քամու էներգիայի ոլորտում նախագծերի մշակման վերաբերյալ։
4.3․ Կողմերը կխթանեն Մեծամորի ատոմային էլեկտրակայանի եւ Կոզլոդույի ատոմային էլեկտրակայանի միջեւ համագործակցությունը՝ էներգետիկ անվտանգության բարձրացման եւ Կողմերի ընդհանուր նպատակին հասնելու համար՝ ապահովելու, որ միջուկային էներգետիկայի հաջորդ սերունդը զարգանա անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման բարձրագույն չափանիշներին համապատասխան։
- Կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ եւ զբոսաշրջություն
5.1․ Կխթանվի մասնագիտացված կրթական եւ հետազոտական կենտրոնների, հաստատությունների, համալսարանների եւ դպրոցների միջեւ համագործակցությունը՝ փոխանակման ծրագրերի, դասընթացների եւ վարպետության դասերի միջոցով։
5.2․ Կողմերը կխթանեն Հայաստանի եւ Բուլղարիայի համալսարանների միջեւ ակադեմիական գործընկերությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, վերականգնվող էներգետիկան, քվանտային տեխնոլոգիաները եւ կիբեռանվտանգությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համատեղ հետազոտական նախագծերի եւ դասախոսների/ուսանողների փոխանակման վրա:
5.3․ Բուլղարիան ընդունում է Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու հնարավորությունը՝ որպես ակադեմիական համագործակցության եւ նորարարության կենտրոն՝ կրթության եւ հետազոտության ոլորտներում համատեղ նպատակներին հասնելու համար:
5.4․ Կամրապնդվի մշակութային երկխոսությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը՝ համագործակցելով Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության եւ այլ համապատասխան կազմակերպությունների հետ:
5.5․ Զբոսաշրջության ոլորտի համագործակցությունն ընդգրկելու է հյուրընկալության ոլորտում դասընթացներ, համատեղ փառատոներ, ներդրումային համաժողովներ, ինչպես նաեւ երկրներից յուրաքանչյուրի պատմության եւ մշակույթի վերաբերյալ փոխադարձ իրազեկության բարձրացմանն ուղղված ջանքերը։
5.6․ Կողմերը կզարգացնեն համագործակցությունը ֆիզիկական մշակույթի եւ սպորտի ոլորտներում։ Այն կներառի մասնակցություն երկու երկրներում անցկացվող միջազգային մարզական միջոցառումներին, համատեղ ուսումնական ճամբարների կազմակերպում, ինչպես նաեւ մարզչական սեմինարների անցկացում: Այն կներառի նաեւ գիտելիքի եւ լավագույն փորձի փոխանակում մեծ սպորտի, զանգվածային սպորտի, հարմարվողական սպորտի, սպորտային բժշկության եւ սպորտային գիտության մասնագետների միջեւ:
Սույն համատեղ հռչակագիրը չի առաջացնում միջազգային իրավունքով նախատեսված իրավունքներ ու պարտականություններ, վերջինիս վրա չի տարածվում «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիան (1969թ.), եւ փոխարենն արտացոլում է քաղաքական հանձնառությունները։
Ստորագրված է ______________ ում _______________ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ հայերեն, բուլղարերեն եւ անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են։ Մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։
| Հայաստանի Հանրապետության կողմից՝ | Բուլղարիայի Հանրապետության կողմից՝ |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան Նախագահ Իլիանա Յոտովա
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ






















































