Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎ ԴՆԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ

Ապրիլ 24,2010 00:00

5-ամյա Հասմիկի ողնաշարը Մոսկվայում վիրահատել են: Բժիշկները քիչ հավանական են համարել, որ Հասմիկը վիրահատությունից հետո կքայլի, բայց, բարեբախտաբար, երեխան սկսել է քայլել: Որոշ ժամանակ անց երեխայի մոտ հետվիրահատական բարդություններ են առաջացել եւ 2-րդ վիրահատությունն անխուսափելի է: Այս անգամ էլ փոքրիկին պետք է վիրահատեն Մոսկվայում:
Հասմիկի մոր պատմելով, առաջին անգամ երեխան վիրահատվել է Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտում: Եթե նախորդ անգամ Հասմիկի կյանքը փրկելու համար ծնողները ստիպված են եղել բնակարանը գրավ դնել ու վիրահատության գումարը վարկով վերցնել, ապա այս անգամ ընտանիքը ոչինչ չունի գրավ դնելու. երեխայի նախորդ վիրահատության պարտքը դեռ չեն մարել: Վիրահատության ընդհանուր արժեքը $4000 է: Փոքրիկ Հասմիկին օգնելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ առողջապահության նախարարությունից, սակայն խնդիրն այն է, որ մեր նախարարությունը միջպետական պայմանագրի շրջանակներում համագործակցում է միայն Մոսկվայի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների հետ: Հասմիկի մոր պատմելով, ՀՀ նախարարությունից իրենց ուղեգրել են Մոսկվայի Սպերանսկու անվան թիվ 9 հիվանդանոց, մինչդեռ այդ հիվանդանոցում հետազոտելուց հետո, տեղի բժիշկը գրել ու ստորագրել է, որ նշյալ վիրահատությունն իր ուժերից վեր է, քանի որ գործ է ունենալու ողնաշարի վրա գտնվող գլխավոր նյարդի հետ եւ հայտնել է, որ Հասմիկը պետք է վիրահատվի նեղ մասնագիտացված բուժհիմնարկում: Տվյալ դեպքում՝ նպատակահարմարը Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտն է, որտեղ անցել է երեխայի 1-ին վիրահատությունը: ՀՀ նախարարությունն այդ բուժհաստատության հետ չի համագործակցում: Միակ օգնությունը, որ կարող է մեր նախարարությունը տրամադրել, այն է՝ վճարել նրանց Մոսկվա մեկնելու ավիատոմսերի գումարը: «Առավոտը» առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանից հետաքրքրվեց, արդյոք հնարավոր չէ՞ Հասմիկի համար նախատեսված պետպատվերի գումարը, որը տրամադրել է Մոսկվայի քաղաքապետարանը, ուղղել Բուրդենկոյի անվան բուժհիմնարկ, տիկին Սարիբեկյանն ասաց. «Քանի որ այդ կլինիկան Մոսկվայի քաղաքապետարանի ենթակայությամբ չէ, մենք որեւէ մեխանիզմ կամ ազդեցություն չունենք անվճար այդ հարցը լուծելու, իսկ մեր նախարարությունն էլ որեւէ ֆոնդ չունի, որ ուղիղ գումարներ տրամադրի»: Նշենք, որ գումարի մեկ երրորդ մասն արդեն տրամադրել է ՀՀ առաջին տիկինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել