Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ հերթ կհասնի՞

Մայիս 05,2010 00:00 Share

Երկրորդ աշխարհամարտի վետերանների նկատմամբ ուշադրություն եւ կա, եւ չկա

\"\"

Հայրենական մեծ պատերազմի վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: Կյանքի օրենքն է՝ ամենաերիտասարդ վետերանն այսօր 80-ն անց է ու ավելի շատ 90-ին մոտ: Մինչ օրս նրանք բազում չլուծված հարցեր ունեն:
Պարզվում է՝ թե քաղաքում, թե գյուղում նրանց խնդիրները նույնն են: Հիմնական անհանգստացնող հարցը ցածր կենսապայմաններն են, որը նույնքան ցածր կենսաթոշակի ու ավանդների փոխհատուցման ուշացնելու արդյունք է: «Հա, էլի կհամբերենք, որ ասեմ ուշադրության պակաս կա՝ չկա, բայց այս տարի ոչ թոշակն է բարձրացվելու, ոչ էլ փոխհատուցում է տրվելու, ես ինչ գիտեմ, հաջորդ տարի քանի՞սն են ողջ լինելու»,- մտահոգված ասում է Պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի Վանաձորի վետերանների խորհրդի նախագահ Արտեմ Մանուչարյանը: Միայն անցած տարի Հայաստանում 400 վետերան է մահացել, այժմ նրանց թիվը 3880-ն է, որից 450-ը Լոռու մարզային վետերանների խորհրդի անդամներն են (դեռեւս հաշվառված են միայն Գուգարքի շրջանի 21 գյուղերի եւ Վանաձոր քաղաքի վետերանները), նրանցից 27-ը կին է: Հատկապես գյուղական համայնքներում վետերանների թիվը շատ քիչ է, գյուղեր կան, ուր ընդամենը 1-2 վետերան է մնացել: «Հիմա մենք այն տարիքում ենք, որ ամեն պահի կարող ենք այս աշխարհից հեռանալ, բայց մի լավ օր չտեսանք, վետերանի ամենաբարձր թոշակը ընդամենը 35 հազար դրամ է: Մարդիկ կան, որ 50 տարվա ստաժ ունեն, որ տանեն փոխեն աշխատանքային թոշակի՝ ավելի բարձր կլինի, սակայն այդ դեպքում զրկվում ենք տարբեր արտոնություններից»,- ասում է Արտեմ Մանուչարյանը:
Առողջապես տկարացած վետերաններին անհանգստացնող խնդիր է նաեւ պետպատվերի շրջանակներում ամբուլատոր եւ համաբուժարանային ծառայություններից անվճար օգտվելու հարցը: Անվճար տրվող դեղորայքն էլ այնքան անորակ է, որ արդյունք չի տալիս: Առողջապահության ոլորտի մասնագետները վետերաններին խորհուրդ են տալիս առաջարկությամբ հանդես գալ եւ դրամական փոխհատուցում պահանջել, որով կարելի է հոգալ բոլոր խնդիրները:
Իսկ վետերանները բողոքում են նաեւ Վանաձորի Փառքի սրահի՝ ոչ այնքան անմխիթար վիճակից, որքան քաղաքային իշխանությունների անտարբերությունից: Ավելի վատ վիճակում է գտնվում Երկաթուղայինների այգում տեղակայված վետերանների քաղաքային սկզբնական կազմակերպությունը, որտեղ չկա ջուր, լուսավորություն, ջեռուցում, կոյուղի: Նրանց խոսքերով, Վանաձորի քաղաքապետարանը ժամանակին չի վճարում ակումբի կոմունալ ծախսերի համար բյուջեով նախատեսված գումարը, դրա համար են տարեցտարի պայմանները վատանում: Ի պատասխան այս դժգոհության, Վանաձորի փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանն ասում է. «Շենքը պատկանում է քաղաքապետարանին, սակայն ակումբը իրենցն է, եւ, ըստ օրենքի, նրանք պետք է վճարեն, ուղղակի մենք հարգում ենք նրանց վաստակը եւ աջակցում, արդեն 250 հազար դրամ փոխանցել ենք, իսկ բյուջեով ակումբի ծախսերը հոգալու համար 500 հազար դրամ է պետք»:
ՀՀ կառավարությունը Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ դրամական օգնություն տվեց վետերաններին, Լոռու մարզպետարանը միջոցառումների շարք մշակեց, սակայն վետերանների աչքին ամենալավ կազմակերպված միջոցառումն անգամ չի երեւում, թեկուզեւ նրանց անհրաժեշտ է այդ ուշադրությունը, սակայն նրանք այնքան կենցաղային խնդիրներ ունեն, որ լիարժեք ուրախանալ չեն կարողանում: «Մաքառելով ապրում ենք, եթե սպասենք, որ պաշտոնյաների խիղճը արթնանա, մի 6-7 տարի կքաշի, էլ ոչ որոշում պետք կլինի, ոչ ուշադրություն»,- նկատում են վետերանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել