Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում հայերենը պիտի լինի կրթության լեզու

Հունիս 08,2010 00:00

Կարապետ Ռուբինյանը դեմ է, որ ՌԴ-ն սատարի ՀԱԿ-ին

«Այն մարդիկ, ովքեր համարում են դա Հայաստանի անկախության հետ անմիջական կապ ունեցող հարց՝ դա շատ վտանգավոր եւ կենսական նշանակության խնդիր են համարում: Իսկ ես այդ մարդկանց շարքում եմ»,- «Առավոտի» հարցին՝ օտարալեզու դպրոցների բացման հարցը հասարակության մոտ լուրջ հակազդեցություն առաջացրեց. իսկապե՞ս դա այդքան վտանգավոր խնդիր է, պատասխանեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Պարոն Ռուբինյանը միանշանակ կիսում է այն գնահատականները, որ դա հայ ինքնության, հավասարության խնդիր է, որը կոպտորեն խախտելու փորձ է արվում: «Ես կարծում եմ, որ հասարակությունը չպիտի հանդուրժի այդպիսի բան: Կան մարդիկ, իհարկե, ովքեր գտնում են, որ որեւէ նշանակություն չունի: Իմ գնահատականով, այդ մարդկանց 90 տոկոսը քաղքենիական մոտեցում ունեցողներն են: Եվ կա մարդկանց մի փոքր շերտ էլ, ովքեր սուպերազատական են ու համարում են, որ այդ հարցն էլ պիտի ազատականացվի: Ես չեմ ընդունում թե մեկը, թե մյուսը»,- ասում է մեր զրուցակիցը: Հարկ չհամարելով քաղքենիներին անդրադառնալ՝ պարոն Ռուբինյանը հատուկ սուպերազատականների համար բարձրաձայնում է. «Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր արդեն ընտրությունը կատարել են: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը համարում են իրենց հայրենիքը, եւ այդ հայրենիքում էլ պետական լեզուն հայերենն է: Այդ ընտրությունը կատարածների համար արդեն աներկբա է, որ հայերենը պիտի լինի նաեւ կրթության լեզուն»:
Ի դեպ, օտարամոլության եւ օտարներին ապավինելու առիթով մեր զրուցակցին հիշեցրեցինք, որ ընդդիմության կարկառուն դեմքերից մեկը՝ ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Երջանիկ Աբգարյանը, վերջերս «Առավոտին» տված հարցազրույցում, քննադատելով մեր իշխանությունների վարած քաղաքականությունը եւ մեջբերելով այդ առիթով ՌԴ-ի դժգոհությունը, ասաց. «Սերժից դժգո՞հ եք՝ պաշտպանեք ՀԱԿ-ին»: Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում կամ ինչպե՞ս ինքը կընդունի ՀԱԿ-ի սկսած պայքարը տրամաբանական ավարտին հասցնելու համար արտաքին ուժերի միջամտությունը: «Եկեք տարանջատենք. միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԵՄ արտաքին ուժեր են: Շարժման սկզբում մենք շատ ավելի պարզամիտ էինք եւ շատ ավելի մեծ հույսեր էինք կապում այդ կազմակերպությունների հետ՝ դիտելով նրանց որպես մեզ բնական դաշնակից՝ հանուն ժողովրդավարության եւ օրինականության մեր պայքարում: Հիմա մի տեսակ սթափվելու շրջանն է, նույնիսկ արդեն անցել ենք այդ շրջանն էլ եւ տեսնում ենք, որ բավականին մեծ տարածում ունի կրկնակի ստանդարտների քաղաքականությունը»,- ասաց մեր զրուցակիցը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ երկրների օժանդակությանը՝ ԱԺ նախկին փոխխոսնակի կարծիքն այսպիսին է. «Քաղաքականության մեջ երկրները ղեկավարվում են իրենց շահերով, ու դա շատ բնական է: Ուստի այդ պարագայում հազար անգամ պետք է չափես, որպեսզի հասկանաս, թե էդ ի՞նչ շահ կա այդտեղ, եւ փոխարենն ինչ է քեզանից պահանջվում: Այսինքն՝ ո՞րն է լինելու համագործակցության գինը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի դեպքում դա շատ վտանգավոր եւ տարօրինակ խաղ կլինի, որովհետեւ Ռուսաստանը ոչ ժողովրդավարական երկիր է: Ըստ էության, նույն իմպերիան է, ինչը եղել է դարեր շարունակ: Մենք տեսնում ենք նաեւ այնտեղի խոսքի, մամուլի ազատության վիճակը. ուստի այս առումով էլ մենք շատ բծախնդիր պետք է լինենք՝ նման պարտնյոր ունենալու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել