Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԵՐԵՍԱՆԻ HTC-Ն

Հունիս 08,2010 00:00

Երեկ «Օրանժը» տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ ԱՊՀ երկրներում HTC կորպորացիայի ներկայացուցչությունը եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունը, հիմք ընդունելով HTC կորպորացիայի եւ «Ֆրանս Տելեկոմ» խմբի/Orange-ի համաշխարհային գործընկերության պայմանագիրը՝ որոշում են կայացրել տեղայնացնել իրենց մայր ընկերությունների միջեւ կնքված մատակարարման ընդհանուր պայմանագիրը երկարաժամկետ գործընկերության նպատակով: Orange-ը մայիսի 4-ին հայտարարեց HTC Tattoo եւ Desire մոդելների վաճառքի մասին «Ֆրանս Տելեկոմ» խմբի եւ HTC կորպորացիայի համաշխարհային գործընկերության շրջանակներում: Ապագայում Orange-ի խանութներում վաճառքի դուրս կբերվեն Android եւ Windows Mobile օպերացիոն համակարգերով աշխատող այլ HTC սմարթֆոններ՝ արդեն նոր կնքված տեղական պայմանագրի շրջանակներում: «Մենք ուրախ ենք մեր երկու ընկերությունների միջեւ այս նոր մակարդակի համագործակցության համար: Ամբողջ աշխարհում Orange-ը մեր խոշորագույն գործընկերներից է, եւ մենք կարեւորում ենք մեր համագործակցությունն այս միանգամայն նոր շուկայում»,- ասել է ԱՊՀ երկրներում եւ Ռուսաստանում HTC կորպորացիայի ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Կորմիլցեւը: Այս տեղեկատվությունը հետաքրքիր է այնքանով, որ դրա հետեւում մի «սիրային եռանկյունի» կա, որի մի գագաթին HTC-ն է, մյուսներին՝ «ՎիվաՍելլն» ու «Օրանժը», որոնք արդեն մեկ ամսից ավելի է՝ պայքարում են HTC-ի «միակն ու անփոխարինելին» լինելու համար: Դեռ ապրիլին «ՎիվաՍելլը» հայտարարել էր, որ HTC-ի հետ կնքել է բացառիկ պայմանագիր՝ Android համակարգի սմարթֆոնները հայաստանյան շուկա բերելու համար, երբ մի քանի օրից «Օրանժը» հայտարարեց այդ սմարթֆոններն արդեն բերելու մասին: «ՎիվաՍելլը» շտապեց հայտարարությամբ հանդես գալ, որով ապացուցում էր, որ միայն ինքն ունի պայմանագիր HTC-ի հետ: Եվ ահա խնդրեմ՝ «Օրանժի» երեկվա հայտարարությունը:
Միակ լավ բանն այս խառը «սիրային» պատմության մեջ այն է, որ այս մրցակցությունը ի շահ հայաստանյան սպառողի է լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել