Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ

Հունիս 19,2010 00:00

\"\"Արտակ Դավթյանը կարծում է, որ «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերը ընդունվելուց հետո լիարժեք կկիրառվեն ոչ շուտ, քան 2012-2013-ին:

Երեքշաբթի հրավիրվելիք արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանը կշարունակի «Լեզվի» եւ «Հանրակրթության» մասին օրինագծերի ընդհատված քննարկումները: Այն, որ այս օրինագծերը հասարակական մեծ հնչեղություն կստանային, գրեթե ոչ ոք չէր կասկածում, բացառությամբ կառավարության: Հիմա կարծես կառավարությունը եւս հասկացել է, որ առանց առաջարկությունները հաշվի առնելու, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու հնարավոր չի լինելու օրինագծերը անցկացնել այն խմբագրմամբ, որով ներկայացվել եւ քննարկվում են: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր այն հիմնական սկզբունքային կետերը, որոնց փոփոխության մասին պատրաստվում է առաջարկություններ անել անգամ Հանրապետական խմբակցությունը:
Արտահերթ նիստում օրինագծի քննարկումներից հետո ողջ ամառվա ընթացքում կառավարությունը ստիպված է լինելու ծանրութեթեւ անել եղած առաջարկությունները, ընդունել կամ չընդունել, որից հետո, հավանաբար՝ արդեն աշնանը, կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, եւ այս լսումների ընթացքում հնչած առաջարկությունները եւս հաշվի կառնվեն առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում ժամանակահատվածում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում խոստացել էր կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե լավատես է եւ կարծում է, որ ոչ քննարկումները եւ ոչ էլ այս օրինագծերի շուրջ լսումները իզուր չեն անցնի, եւ առաջարկները հաշվի կառնվեն. «Մենք ունենք նաեւ դրական օրինակներ, երբ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում օրինագիծը բավականին փոփոխությունների է ենթարկվել, նկատի ունեմ «Տեղական տուրքերի մասին» օրինագիծը, որտեղ 8 նոր հարկատեսակներ պետք է առաջանային, բայց «Ժառանգության» ակտիվ պայքարի շնորհիվ, որին միացան եւ հանրապետական, եւ դաշնակցական գործընկերները, առաջացավ ընդամենը երկու նոր հարկատեսակ, այն էլ՝ տրամաբանության շրջանակներում: Այնպես որ, ես հույս ունեմ, որ այս դեպքում եւս նույնը կկատարվի, եւ Հանրապետական խմբակցությունը կլսի եւ հասարակության ձայնը, եւ իր գործընկերների հորդորները, համապատասխան փոփոխություններ կկատարվեն այս վիճահարույց օրինագծերում, մանավանդ՝ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասաց, որ իրենք բաց են եւ դեռեւս որոշում չեն կայացրել»: Արմեն Մարտիրոսյանը չթաքցրեց, որ ինքը չի կարող հարյուր տոկոսով լավատես լինել այս հարցում. «Քանի որ դառը փորձը ավելի շատ է, քան դրականը, բայց հույս ունեմ, որ այս դեպքում, երբ հարցը հակազդեցության առաջացավ հասարակության բոլոր շերտերի կողմից, ինչը ինձ համար շատ ուրախալի է, եւ նշանակում է, այսպես կոչված, ինքնապահպանման գիտակցումը մեզ մոտ դեռ պահպանվել է, ուրեմն ողջամտությունը կհաղթի, եւ օրինագծերի հեղինակները ի վերջո կհանգեն համապատասխան, բոլորի կողմից ընդունելի տարբերակին»:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե հունիսի 22-ին հրավիրվելիք արտահերթ նիստում վերոհիշյալ հարցերի քննարկումներից հետո նույն հարցով լսումները տեղի կունենան արդեն աշնանը. «Որովհետեւ ամառը լավագույն շրջանը չէ շահագրգիռ քննարկում անցկացնելու համար: Մի առիթով ասել եմ, որ ավելորդ շտապողականությունը լավագույն օգնականը չէ, եւ նույնիսկ եթե լսումները եւ քննարկումները ընթանան աշնանը, նույնիսկ այս պարագայում մեկ-երկու տարի ժամանակ է պետք ծրագրերը հաշվարկելու, հաստատելու համար, եւ քրտնաջան աշխատանք ունի կատարելու առաջին հերթին կրթության եւ գիտության նախարարությունը, եւ ես կարծում եմ, որ հազիվ մինչեւ 2012-2013 թվականներին մեր հանրապետությունում կունենանք նման կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ»:
ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը «Լեզվի մասին» օրինագծի քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե աշխարհին մենք հետաքրքիր ենք առաջին հերթին մեր լեզվով, մեր ինքնատիպությամբ. «Ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում այն մտայնությանը, որ այս օրենքը կարող է դրսում ավելի ինքնավստահ դրսեւորվելու հնարավորություն տալ մեր երեխաներին: Ես համաձայն չեմ, որովհետեւ մենք դրսին հետաքրքիր ենք մեր ունեցածով, մեր մշակույթով, մեր լեզվով: Անշուշտ, լեզու իմանալը շատ կարեւոր է, թեկուզ հաղորդակցման համար, դրսում հաղորդակցման համար: Անչափ կարեւոր է, բայց դա չպիտի լինի երբեք եւ երբեւէ մայրենիի հաշվին: Հայտնիից հայտնի է, որ լեզուն պետություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել