Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանը բացվո՞ւմ է

Հուլիս 07,2010 00:00

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գրավոր հարցում է ուղարկել Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններ՝ խնդրելով պատասխանել այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում որքան ժամանակում հնարավոր կլինի ավարտել նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Cihan գործակալությունը, որին մեջբերել է tert.am-ը: Ի դեպ, որոշ թուրքական աղբյուրներ էլ հաղորդում են, որ նահանգապետարաններին հարցումն ուղարկել է ԱԳՆ-ն: Գրավոր հարցման մասին հայտարարությամբ հանդես է եկել Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան՝ մանրամասներ ներկայացնելով երկրի ՆԳՆ-ի կողմից իրենց ուղարկված հարցումից: «Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ առկա է Ցյուրիխում ստորագրված համաձայնագիր, որը երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո կյանքի է կոչվելու: Սակայն առայժմ այդ փաստաթուղթը չի վավերացվել խորհրդարանների կողմից, իսկ թե երբ կվավերացվի, հայտնի չէ: Մյուս կողմից, Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններին ուղարկվել է հարցում այն մասին, թե սահմանների բացման դեպքում որքան ժամանակ կպահանջվի սահմանադուռը, ինչպես նաեւ ենթակառուցվածքները կարգի բերելու համար»,- հայտարարել է Կարսի նահանգապետը՝ ընդգծելով, որ իրենք կպատասխանեն ՆԳՆ-ի հարցմանը որոշակի աշխատանքներ իրականացնելուց հետո: Ահմեթ Քարան, միեւնույն ժամանակ, ընդգծել է, որ եթե օրակարգում հայտնվի հայ-թուրքական սահմանի բացման հարցը, իրենք մեկ ամսվա ընթացքում կավարտեն պահանջվող բոլոր աշխատանքները: «Ներկա պահին Արեւելյան սահմանադռան շրջանում աշխատանքները դադարեցված են: Բայց եթե Հայաստանը եւ Թուրքիան գան համաձայնության, եւ սահմանները բացվեն, ապա Արեւելյան սահմանադուռը մեկ ամսվա աշխատանքներից հետո պատրաստ կլինի: Սահմանի բացման դեպքում մեր կողմում ճանապարհների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ ենթակառուցվածքներն էլ գտնվում են բարվոք վիճակում»,- հայտարարել է Կարսի նահանգապետը՝ ավելացնելով, որ սահմանների բացման դեպքում երկաթգիծը նույնպես պատրաստ է շահագործման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել