Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային կինոկենտրոնը կայք ունի

Հուլիս 07,2010 00:00

Երեկ «Գոլդեն թյուլիպ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի էլեկտրոնային կայքի՝ www.ncca.am շնորհանդեսը: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի ոլորտին վերաբերող անհրաժեշտ ու թարմ տեղեկատվություն, բազմաթիվ հարցերի պատասխաններ, կծանոթանա կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին: Նրա խոսքով, կինոկենտրոնի նորաբաց կայքէջում փորձել են ձեւավորել համագործակցության այնպիսի միջավայր, որը ոչ միայն կբավարարի այցելուների հետաքրքրությունները, այլեւ հաշվի կառնվեն բոլոր առաջարկությունները: Գ. Գեւորգյանը նշեց, որ 2000-ից ավելի ստուդիաների լոգոներ են ուսումնասիրել, եղել են զանազան առաջարկներ, սակայն մասնագետների հետ խորհրդակցելուց հետո եկել են այն եզրակացության, որ պարտադիր չէ զուտ ազգային ճարտարապետական որեւէ կոթող լոգո դարձնել: Կայքից կարելի է ծանոթանալ ֆիլմերի եւ կինոկենտրոնի ֆոտոների արխիվներին, ֆիլմերի բյուջեներին, հայտերի հանձնման կարգին եւ այլն: Կայքի լոգոյի երաժշտության հեղինակը երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանն է: Նա «Առավոտին» ասաց, որ ստեղծելով կինոկենտրոնի լոգոյի երաժշտությունը՝ հավատարմորեն հետեւել է աշխարհում ընդունված սկզբունքներին, երաժշտաոճական առանձնահատկություններին. «Գրել եմ երաժշտություն, որն ունի մշտնջենական վերընթաց զարգացում, պաթոսային է, ուշադրությունն իր վրա հավաքող: Վերջում էլ, որպես կոլաժ ու գեղարվեստական մեջբերում, մեր հիմնի լեյտմոտիվն է՝ առաջին 4 նոտան, որը պարտադրող չէ, բայց, միեւնույն ժամանակ, նրբորեն մատուցված տուրք է մեր պետականությանը»:
Շնորհանդեսի ժամանակ էկրանին երեւացող Հայաստանի ազգային կինոկենտրոնի ՀԱԿ հապավումից «ոտքի վրա» հումոր ծնվեց: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին՝ չե՞ք վախենում որ ՀԱԿ-ը՝ Հայ ազգային կոնգրեսը, կվիճարկի իր հեղինակային իրավունքը, Գ. Գեւորգյանը ժպտաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել