Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 24,2010 00:00

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ՝ ՀՐԴԵՀԻՑ
Օգոստոսի 21-ին հրդեհ էր բռնկվել Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում: Հրդեհի հետեւանքով Ջերմուկի 12-ամյա  բնակիչ Միշա Գապ-Տրաֆիկովը ստացել է 1-ին եւ 2-րդ կարգի այրվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց:
Մեկ այլ ահազանգ էլ ստացվել էր  Գյումրիից. Վ. Սարգսյան 29/1 հասցեում ավտոմեքենա էր այրվել: Մասամբ այրվել է Վալերի Չալոյանին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 45 ՍՕ 127 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհի հետեւանքով այրվածքներով Գյումրիի Կյուլպենկյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա Էդվարդ Չալոյանը:

ԱՎՏՈՎԹԱՐ
Օգոստոսի 22-ին Լոռու մարզի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Երեւանյան խճուղում տեղի է ունեցել ավտոպատահար: «ՎԱԶ 21015» մակնիշի 14 ՕՕ 456 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի 36 ԼՕ 813 պետհամարանիշի ավտոմեքենային: ՎԱԶ-ի 20-ամյա վարորդը՝ Արեն Մադոյանը եւ ուղեւոր Արկադի Վարդազարյանը ստացել են վնասվածքներ: Տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից ու տեղափոխել Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Տուժածների վիճակը բժիշկները բնութագրել են ծանր:

ՄԱՀԱՑԵԼ Է
Աշոցք-Գյումրի ավտոմայրուղու 13-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Մերսեդես» մակնիշի 19 ՏՏ 689 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը՝ Մանթաշ գյուղի 52-ամյա բնակիչ Գեւորգ Ավագյանը տեղում մահացել է:

ԿԱԽՎԱԾ ԴԻԱԿ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Գայի պողոտայի 4/32 հասցեում հայտնաբերվել է  51-ամյա Ս. Բեգջանյանի դին (կախված):
Իսկ ՀՀ ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի հին գերեզմանատան հարակից տարածքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է 60-70 տարեկան անձը չպարզված կնոջ դի:

ՆԱԵՎ ԳԱՅԼԵՐԸ
Արագածոտնի մարզի Սադունց գյուղից տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին, ժ. 03.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Ռաֆիկ Կալոյանին պատկանող ոչխարի հոտի վրա եւ հոշոտել 11 գլուխ ոչխար:

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ 21 ԴԵՊՔ
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի՝ 2010թ. հունվարի 1-ից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 21 դեպք, բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 7 դեպք: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 41 դեպքից բացահայտվել է 29-ը, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք: Բացահայտվել է սպանության փորձի 8 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել