Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնություն. երբ ամեն ինչ ակնկալելի է

Սեպտեմբեր 17,2010 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում ամեն ինչ կրկին վերադառնում է հին ու սովոր՝ առօրեականության եւ ակնկալելի արդյունքների փուլը: Համենայնդեպս, այդպիսին էին Բարձրագույն խմբի առաջնության 4 հանդիպումներում գրանցված արդյունքները: Ու թեեւ այս տուրը փոքր-ինչ ձգձգվեց (սեպտեմբերի 11-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը կայացավ սեպտեմբերի 14-ին), նույնիսկ 3 օրերի սպասումը էական փոփոխություն չմտցրեց մրցաշարային աղյուսակում: Չեմպիոնը իր բարձր կարգը հերթական անգամ հաստատեց Կապանում՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասարի» դարպասն ու այդպիսով պահպանելով 5 միավորի տարբերությունը «Բանանցի» հետ, որն իր հերթին սեպտեմբերի 11-ին «պլանային» հաղթանակ էր տոնել Երեւանում «Կիլիկիայի» նկատմամբ՝ 2:1 հաշվով: Ի դեպ, չնայած միավորների տարբերությունը հօգուտ Կուզմանոսկու թիմի էր, հենց «Փյունիկն» այս տուրում առաջինը 8 թիմերից հատեց 50 խփված գնդակի սահմանը: Այժմ փյունիկցիների ակտիվում 51 խփած ու 18 բաց թողած գնդակ կա, մինչդեռ «Բանանցը» նույնքան բաց թողնված գնդակների պարագայում խփել է միայն 46-ը: Բայց ֆուտբոլում ամեն ինչ որոշում են միավորները, ուստի՝ խոշոր հաշվով մի շարք հաղթանակները միշտ չէ, որ առաջինը լինելու երաշխիք են: Առաջինը լինելու համար նախեւառաջ կայունություն է անհրաժեշտ՝ որակ, որն այս մրցաշրջանում չի բավարարում Երեւանի «Միկային»: Նախորդ տարվա փոխչեմպիոնը չեմպիոնական ամբիցիաներով մոտեցավ մրցաշրջանի մեկնարկին, ապա՝ անբացատրելի սայթաքումների ջրապտույտում հայտնվեց: Ոչ այնքան փոփոխությունների ենթարկվելով՝ այսօր Արմեն Շահգելդյանի թիմը կրկին հաղթանակների ուղին գտել է: «Միկան» 20-րդ տուրում 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, այս անգամ՝ «Իմպուլսի» նկատմամբ՝ 2:0 հաշվով: Ընդ որում՝ տարիների ընդմիջումից հետո հարազատ թիմ վերադարձած դարպասապահ Գեւորգ Կասպարովն էլ արդեն 3-րդ խաղն անընդմեջ անառիկ է պահում սեփական դարպասը: Սակայն անգամ այս «արտակարգ միջոցառումները» միայն տեսականորեն կարող են օգնել «Միկային», իսկ գործնականում՝ 8 միավորի տարբերությունը 3-րդ տեղում ընթացող «Ուլիսի» հետ եւ 9 միավորի առավելությունը 5-րդում հանգրվանած «Իմպուլսի» նկատմամբ ապահովում են 4-րդ՝ ոչ մրցանակային տեղը փոխչեմպիոնի համար:

Իսկ ահա «Ուլիսը» փոքր, բայց հաստատուն քայլերով տուր առ տուր ապահովում է իր տեղը երրորդ հորիզոնականում: Այս անգամ Սեւադա Արզումանյանի թիմի մրցակիցը «Շիրակն» էր, որին ուլիսցիները կարողացան հաղթել միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում խփած միակ գնդակի շնորհիվ, այն էլ՝ բավական վիճահարույց մրցավարության պայմաններում: Ինչեւէ, հաղթանակը մնում է հաղթանակ, իսկ պարտությունն էլ՝ պարտություն: Մի բան է, սակայն, ակնհայտ, որ Գյումրիի «Շիրակը» թեեւ դժվար, բայց դուրս է գալիս խաղային ճգնաժամից: Նշենք նաեւ, որ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցած այս հանդիպումը «Ուլիսի» հետ վերջինն էր 2010թ.-ին գյումրեցիների համար իրենց հարազատ մարզադաշտում: Այսուհետեւ «Շիրակն» իր սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնելու է Իջեւանի «Արնար» մարզադաշտում՝ Գյումրիի «Քաղաքայինի» վերանորոգման պատճառով: Այս թեմային եւ, առհասարակ՝ Հայաստանում մարզադաշտերի խնդրին կանդրադառնանք առաջիկայում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930