Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրմուղը չուզողներ ունի՞

Սեպտեմբեր 29,2010 00:00

«Հայջրմուղկոյուղի» ընկերության «Հարավային» մասնաճյուղն արձագանքելով մեր թերթի սեպտեմբերի 7-ի համարում տպագրված «Ջուրն անպիտան է մարզպետի՞ մեղքով» հոդվածին, հայտնում է. «Ցավոք, կան նաեւ հոդվածներ, որոնց տողատակերում թաքնված են նախկինում համակարգում աշխատած եւ իրենց ոչ բարեխիղճ աշխատանքով վարկաբեկված անձինք, որոնք փորձում են ամեն ինչում տեսնել միայն վատը՝ չնկատելով կոնկրետ Կապանի ջրամատակարարման համակարգում կատարված փոփոխությունները, որի արդյունքում բարելավվել է ջրի որակը եւ ավելացել է ջրամատակարարման ժամաքանակը: Վերոնշյալ հոդվածում եւս նկատվում է վերոնշյալ չկամեցողների շունչը: Ոչ ոք չի կարող առանց որեւէ լաբորատոր ստուգման հայտարարել, թե ջուրը խմելու համար բոլորովին պիտանի չէ: Հայտարարում ենք, որ Կապանում գործող 2 լաբորատորիաներում, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով, ամեն օր ստուգվում է ջրի որակը, եւ եթե այն չհամապատասխանի ստանդարտներին, ապա կդադարեցվի ջրամատակարարումը՝ խնդիրը կարգավորելու նպատակով: Կապան քաղաքի ջուրը մթնոլորտային տեղումներից եւ ձնհալից հետո բոլոր ժամանակներում, դժբախտաբար, միշտ պղտորվել է: Բնականաբար, հարց է առաջանում. արդյոք այն ժամանակներո՞ւմ էլ էր պղնձամոլիբդենի հանքում աշխատանքներ տարվում: Ինչ վերաբերում է հանքի շինարարությանն ու շահագործմանը, ապա դրանից ջուրը չի կարող պղտորվել, քանի որ հանքավայրը գտնվում է շուրջ 800 մ ներքեւ այնտեղից, որտեղից ջուրը լցվում է խողովակաշար, իսկ ջրամաքրման կայանը գտնվում է էլ ավելի ներքեւում: Այնպես որ, հանքավայրում կատարվող աշխատանքների պատճառով ջուրը չի կարող պղտորվել: Ակունքի մասին ներկայացվող իրավիճակը եւս չափազանցված է: Չնայած որոշակի թերություններին, այն պահպանված է բոլոր նորմերով:

Իսկ ընդհանրապես Կապանում ջրամատակարարման խնդիրը միշտ էլ բաց է եղել, չունենալով ջրային մեծ պաշարներ, օգտագործել են այն, ինչ կա:

Ավելորդ ենք համարում մանրամասն անդրադառնալ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ուստաբաշյանի արտահայտած կցկտուր ու անիմաստ մտքերին, քանի որ նա մի կողմից փորձել է եւ կապանցիների աչքին լավ երեւալ՝ խոսելով 25 մլն դրամ հավաքագրումների մասին, իսկ մյուս կողմից խուսափելով հարցի կոնկրետ պատասխանից՝ ներկայանալ որպես քաջարի պաշտոնյա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930