Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնն էլ է պահում մարդկանց

Հոկտեմբեր 02,2010 00:00

\"\"Կապանի պետական դրամատիկական թատրոնը աջակցության կարիք ունի

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հոկտեմբեր ամսին «Լոռի 2010» թատերական փառատոնին մասնակցելու համար հովանավորներ գտնելու փնտրտուքի մեջ է: Կրկին առաջ է գալիս թատրոնին տրանսպորտային միջոցով ապահովելու խնդիրը: Այսպես է լինում ամեն անգամ, երբ Կապանի թատրոնը պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցի կամ արտագնա ներկայացումներով հանդես գա: Խնդիրը պետք է պետականորեն լուծում ստանա, նշում է Կապանի Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը եւ հավելում, որ թատրոնին տրանսպորտով ապահովելու կարեւորագույն խնդրի մասին բազմիցս է բարձրաձայնել, բայց միայն խոստումներ են հնչել, եւ հարցը օդում է մնացել մինչ օրս:
«Տրանսպորտային միջոցի բացակայության պատճառով մեծ դժվարությամբ է հաջողվում այցելել մարզի տարածաշրջաններ՝ Մեղրի, Գորիս, Սիսիան: Հատկապես գյուղական համայնքներում են կարոտով խոսում թատրոնի մասին: Պատերազմի տարիներին՝ այդ դժվար ժամանակաշրջանում մենք գյուղեր էինք այցելում, ներկայացումներով հանդես գալիս: Այդ ժամանակ ո՛չ դերասանները փող ունեին, ո՛չ էլ գյուղացիները: Մենք մեր ներկայացումներով գյուղացիներին հոգեւոր սնունդ էինք տալիս, նրանք էլ մեզ դրա փոխարեն գյուղական մթերք՝ կարտոֆիլ, պանիր, մածուն էին տալիս: Դա չարչիություն չէր, այլ՝ փոխադարձ շնորհակալական խոսք: Մենք էսօր պատրաստ ենք գյուղացիների համար անվճար ներկայացումներով հանդես գալ, միայն թե տրանսպորտային միջոցով մեզ օգնեն: Ազատագրված տարածքներով ովքե՞ր են գնում, ոչ ոք, բացի մեզանից: Ամեն տարի Ամանորին Ձմեռ պապը Մինջեւան, Կուբաթլու, Քաշաթաղ է այցելում, միջոցառումներ ենք կազմակերպում այդտեղի բնակչության համար: Թատրոնը ավելի մեծ գործեր կարող է անել, ուղղակի պետք է թատրոնին աջակցել, ուշադրություն դարձնել»,- ասում է թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը:
Կապանի թատրոնը հասարակության խոցելի խմբերի համար ամեն տարի բարեգործական ներկայացումներ է կազմակերպում, ծերանոց այցելում: Այս տարի էլ, ավանդույթի համաձայն, կշարունակվի թատրոնի որդեգրած բարեգործական ակցիան, որին մասնակից կդառնան նաեւ զինվորականները: Թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը հավաստիացնում է, որ անկախ խնդիրներից, թատրոնը կշարունակի աշխատել, առավելեւս երբ պատերազմական դժնդակ տարիներին չի դադարեցրել աշխատանքը եւ ամեն խոչընդոտ հաղթահարելով՝ շարունակել է գործել ու կգործի, ամեն քայլ կձեռնարկի մարզի շրջանակներից դուրս գալու համար: Թատրոնի կոլեկտիվը գտնում է՝ վաղուց ժամանակն է, որ թատրոնը դուրս գա երկրի սահմաններից եւ արտասահմանում ներկայացնի Սյունյաց աշխարհը:
Թատրոնը նաեւ կադրերի խնդիր ունի, թեեւ այս հարցը կարծես թե լուծվում է: «Այս տարի կոլեկտիվի օժանդակ կազմի դերասաններից երկուսն ընդունվել են թատերական ինստիտուտ, որոնք, ուսում ստանալուն զուգահեռ, կաշխատեն մեր թատրոնում: Բացի դրանից, թատրոնը համալրվել է նոր, շնորհալի երկու երիտասարդ կադրով, որոնք, ճիշտ է, ունեն ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն, սակայն եկող տարվանից նրանք մասնագիտական կրթություն կստանան Կապանի արվեստի քոլեջի թատերական բաժնում: Հիմնականում տեղացի կադրեր են: Մայրաքաղաքից մեզ մոտ դերասաններ աշխատանքի հրավիրելը շատ մեծ ծախսերի հետ է կապված, բացի այդ, խնդիր է նաեւ ցածր վարձատրությունը: Եթե մայրաքաղաքում դերասանները հնարավորություն ունեն սերիալներում զուգահեռ նկարահանվելու եւ կողմնակի եկամուտ ստանալու, ապա մեզ մոտ այդ հնարավորությունը չեն ունենա ու, կարծում եմ, երկար չեն կարող աշխատել: Ես միշտ դիմել եմ կառավարությանը, մշակույթի նախարարությանը, որ ռազմավարական մեծ նշանակություն ունեցող մեր մարզին հատուկ ուշադրություն դարձնեն, այլապես մշակութային օջախ թատրոնի համար անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում ոչ միայն դերասանները, այլ մարդիկ կթողնեն- հեռանան քաղաքից»,- ասում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը:
Երկու տարի է՝ Կապանի թատրոնը գործում է պետբյուջեի միջոցներով հիմնանորոգված շենքում: Բայց թատրոնը նաեւ օժանդակ շինության կարիք ունի՝ դեկորացիաների, դերասանների հագուստների տեղավորման համար, նաեւ՝ դեկորացիաների ու հագուստների նորացման խնդիր: «Նախկինները մի քանի անգամ արդեն ձեւափոխել ենք, ինչի արդյունքում դրանք բարոյապես մաշվել են: Վերջին անգամ 4-5 տարի առաջ է թատրոնը նոր հագուստ ձեռք բերել: Իսկ թատրոնը աղքատություն չի սիրում, բեմը շքեղություն է սիրում: Եթե պետությունը հնարավորություն չունի, գոնե թող գործարար մարդիկ աջակցեն»,- եզրափակում է զրույցը թատրոնի տնօրենը եւ կոչ անում ավելի ուշադիր լինեն թատրոնի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել