Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

10500 դրամ՝ երջանկությունը գտնելու համար

Նոյեմբեր 06,2010 00:00

\"\"Ամուսնական գործակալություն դիմող տղամարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում աղջիկների կուսությանը:

Երեւանում արդեն 7 տարի գործող «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ամուսնական գործակալությունները դեռ մնալու են ծանոթության լավագույն քաղաքակիրթ տարբերակը:
«Հայաստանում ամուսնության գործակալությունների ինստիտուտի զարգացումը փորձում ենք իրականացնել այնպես, որ եվրոպական երկրներից լավագույն փորձերը բերենք Հայաստան: Ուսումնասիրելով այդ փորձերը՝ հասկացանք, որ գործակալությունները քաղաքակիրթ այն ճանապարհն են, որտեղ մարդիկ ուզում են ապրել ու ապրեցնել, երջանկանալ եւ երջանկացնել: Գործակալությունների հաջողություններն ակնհայտ են, արդյունավետությունն էլ՝ տեսանելի, որից ավելի շատ օգտվում են միայնակ քաղաքացիները»: Ն. Մարտոյանը հավաստիացնում է, որ հայերի շրջանում արդեն խորթ չեն ամուսնական գործակալությունները. «Հայ հասարակությունն էլ հասկացավ, որ քաղաքակիրթ ծանոթանալու այդ ձեւն ընդունված է աշխարհում եւ ամոթ բան չէ»: Թե ովքե՞ր եւ ի՞նչ տարիքի մարդիկ են դիմում ամուսնական գործակալությունների «օգնությանը», տիկին Մարտոյանը մեկնաբանեց. «Մեզ մոտ տարիքային սահմանափակում չկա: Մեզ դիմում են այն մարդիկ, ովքեր ուզում են ընտանիք ունենալ: Հայ ընտանիքը, ինչպես յուրաքանչյուր իրեն հարգող օջախ կոչված ինստիտուտը մի քիչ փակ է, ավանդապահ, նահապետական: Այս կարգավիճակում, ինչպես որ մենք ենք աշխատում, դիմում են կայացած, կազմակերպված, արդեն որոշակի ճանապարհ անցած թե՛ օրիորդներ, թե՛ ոչ օրիորդներ, թե՛ այն տղամարդիկ, որոնք իրենց կյանքում հաջողացրել են ընտանիք ունենալ, բայց չեն կարողացել պահպանել՝ խոչընդոտների, խնդիրների պատճառով: Հիմնականում մեզ դիմում են խնդիրներ ունեցող, տխուր մարդիկ, ովքեր հուսալքված են, չգիտեն, թե շրջապատի մարդիկ իրենց ինչպես են ընդունում: Մենք այդ մարդկանց ձեռք ենք մեկնում եւ ուրախություն տալիս»:
Ն. Մարտոյանը նշեց, որ «Հանդիպում» ընտանիքի եւ ամուսնության կենտրոն դիմում են 17-80 տարեկան մարդիկ, անձնագրով կամ վարորդական իրավունքով եւ պարտադիր 10500 դրամով. «10500 դրամը սիմվոլիկ գումար է երջանկությունը գտնելու համար: Եռամսյակի կտրվածքով՝ ավելի քան 12 ամուսնություն ենք ունենում, իսկ կենտրոնը ավելի քան 4000 այցելու ունի, որից 2500-ը կանայք եւ աղջիկներ են»: Հարցին, եղե՞լ են, արդյոք, կենտրոնի միջոցով ամուսնացած եւ ամուսնալուծված զույգեր, տնօրենի փոխանցմամբ՝ այդպիսի երկու դեպք գրանցվել է՝ «իրար չեն հասկացել»: Թե ի՞նչ պայմաններով եւ ինչպիսի՞ աղջիկներ են փնտրում հայ տղաները, կենտրոնի տնօրենն ասաց. «Ինչպես աղջիկներն են կարեւորում աշխատանքով եւ սոցիալապես ապահովված տղաներին, այնպես էլ տղաներն են ուշադրություն դարձնում աշխատանքին, տուն ունենալուն, սոցիալականին: Միակ բանը, որ չեն կարեւորում՝ կույս լինելու փաստն է: Հետաքրքիր է, բայց տղամարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում աղջիկների կուսությանը»:
Կենտրոնի հետ աշխատում է սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով, եթե նախկինում ընտանիքներն էին միջնորդի դեր կատարում աղջիկ-տղային ծանոթացնելու համար, այսօր այդ դերը ստանձնել են գործակալությունները. «Այնպես որ, նորմալ է, որ մարդ ամուսնանում է ամուսնական գործակալության միջոցով: Եթե նախկինում տղաները գալիս էին ընդամենը հավանելու, դուրը կգար՝ կամուսնանային, չէ՝ չէ… Ամուսնական գործակալություններն ավելի հեռուն գնացին: Այստեղ շփվելու, ընտրելու մեծ հնարավորություն կա: Որպես հոգեթերապեւտ, ես օգնում եմ մեր բարդույթավորված աղջիկներին՝ բացվել, ազատվել կոմպլեքսներից»: Սեքսապաթոլոգը նշեց, որ կենտրոնի հաճախորդների հետ մինչեւ անգամ առողջական խնդիրների քննարկում եւ լուծում է լինում. «Եթե ունենում են առողջական ինչ-որ խնդիր՝ սեռավարակների կամ ընդհանրապես սեռականի հետ կապված, նրանց ուղարկում ենք համապատասխան մասնագետների մոտ, որպեսզի այդ մարդը լրիվ առողջ վիճակում ընտանիք կազմի: Բուժվելուց հետո զբաղվում ենք նրա ամուսնությամբ»:
Վերջում Ն. Մարտոյանը հավելեց, որ իրենց գործակալության միջոցով տարբեր տարիքի մարդկանց ամուսնություններ են գրանցվել՝ 76 տարեկան պապիկը 67-ամյա տիկնոջ հետ, 67-ամյա կինը՝ 50-ամյա տղամարդու հետ, 67-ամյա կինը՝ 57-ամյա տղամարդու հետ: Մինչեւ անգամ փախցնելու դեպքեր են եղել՝ 21 տարեկան տղան փախցրել է գործակալության միջոցով ծանոթացած 20-ամյա աղջկան. փախցրել էր, որովհետեւ աղջկա ծնողները դեմ էին գործակալության միջոցով ծանոթացած տղային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930