Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑՈՂ ԵՎ ԵԿՈՂ ՏԱՐՎԱ ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ

Հունվար 14,2011 00:00

Թերեւս տարիների հետ ես կորցրեցի պայծառ առավոտների զգացողությունն իմ կյանքում, քանի որ հիմա քնում եմ այն պահերին, երբ լույսն արդեն բացվում է: Զգացողությունը կորցրեցի, բայց պատկերը մնաց ինձ շարունակ ուղեկցող, երբ նույնիսկ քնի մեջ տեսնում եմ, թե ինչպես է բացվում լույսը, եւ մենք՝ երեխաներով անձրեւ-գիշերից հետո՝ լուսաբացին գնում էինք սունկ որոնելու: Գնում էինք ծաղկած աշխարհի միջով, եւ լուսաբացի ցողը մեզ թրջում էր մինչեւ մեր գոտկատեղը, որովհետեւ մենք փոքր էինք, իսկ խոտ ու ծաղիկները՝ բարձր: Եվ հիմա՝ անքնության իմ մղձավանջների մեջ, երբ դարձյալ ու կրկին վերադառնում եմ հետ, չեմ գտնում իմ սունկը փնտրած, այլ տեսնում եմ ջրի եկած մեր գյուղի ջահել կանանց, որոնք մեզ՝ իրենց սունկը չգտած տղաներիս, սիրում, գուրգուրում էին եւ զվարթ ծիծաղով մեր գլուխները սեղմում իրենց փարթամ կրծքերին՝ մեզանից առնելով խոպան գնացած իրենց ամուսինների հոտը: Իրենք, իհարկե, բոլորը հավատարիմ կանայք էին, բայց որովհետեւ այդ ժամանակ գյուղում աղբյուր չկար, եւ նրանք գալիս էին առվի հեռու ակունքից խմելու ջուրը վերցնելու, իսկ առվի ակունքում մենք էինք՝ սունկ փնտրող ջահելներս, որ այդպես էլ չգտանք, չգիտակցելով, որ մեր փնտրածը մեր գյուղի ջրի եկած կանայք էին: Իրենք ջուրը վերցրեցին, բայց մենք մեր փնտրած սունկը, որ իրենք էին՝ չճանաչեցինք…

Եվ հիմա, երբ նորեն ու կրկին ես տեսնում եմ լաց լինելու չափ հարազատ պատկերներն ու դեմքերն անցած, որոնցից շատերը գուցե այսօր չկան, կամ գուցե կան, բայց ես չգիտեմ նրանց հասցեն, միեւնույն է՝ ապրում են իմ մեջ, ինձ ուղեկցում իմ փնտրտուքի հավերժական տարուբերումների եւ անքնության պահերին, երբ նրանք իրենց ուսերի վրա դույլերը ճոճելով՝ մեզ ցույց էին տալիս մեր փնտրած սնկի ճանապարհը, որ թաքնված էր կարմիր-կանաչ աշխարհի մեջ, որտեղ խոտ ու ծաղիկ մեծ էին, իսկ մենք՝ փոքր: Ուստի եւ չճանաչեցինք ու չհասկացանք իրենց, հետո, երբ հասկացանք, արդեն ուշ էր: Այնուհետեւ ջրի պես հոսեցին ու անցան տարիներ, եւ այլեւս չկան առվի հեռավոր ակունքը ջրի գնացող հարս ու աղջիկներ: Ամեն ինչ անցավ: Եվ այսօր չկանք նաեւ մենք. ո՛չ առվի ափին, ո՛չ նաեւ դաշտերում: Ամեն մեկս հեռացել՝ իր տուն-վրանի տակ ապրում է իր կյանքով՝ առուն ու դաշտերը թողնելով մենակ…

Հիմա չեմ հիշում՝ քնած էի, թե արթուն, բայց մտքով հաստատ այնտեղ էի, երբ իմ տղա Դավիթը համբուրեց ճակատս, ասելով՝ հայրի՛կ, Նոր տարիդ շնորհավոր: Չէ, քնած էի, որովհետեւ արթնացա ու հասկացա, որ մի տարով էլ մեծացա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել