«Privet. V period prazdnikov prodoljaite zvonit’ vsem abonentam za 1 dram/min. S nastupaiuschim Novym Godom». սա ինտերնետում ինչ-որ «chat»-ից հատված չէ: Այս ամանորի շնորհավորանքը sms հաղորդագրության տեսքով իր բաժանորդների շրջանում տարածել էր «Օրանժ» ընկերությունը: Այդ տոնական օրերին, ինչպես գիտենք, կապի որակը վատն էր, գծերը հաճախ խառնվում էին, մեկի sms-ը մյուսին էր գնում ու ինչ-որ տեղ հասկանալի էր, որ «Օրանժը» խառն է եղել ու երեւի չի նկատել, որ ռուսերեն է շնորհավորում հայ բաժանորդներին: Սակայն այս օրերին էլ ժամանակ առ ժամանակ ընկերությունը տարբեր տեղեկատվական, գովազդային հաղորդագրություններ ուղարկում է տարբեր լեզուներով:
Օրինակ, բաժանորդները ստանում են այսպիսի հաղորդագրություն՝ «Skachaite otkrytki s wap.orangearmenia.am ili cherez meniu my orange v telefone I otpravliaite ih po MMS za 0 AMD»: Եթե այս նույնն աներ «Բիլայն» ընկերությունը, կարելի էր ենթադրել, որ ընկերության ռուս սեփականատերերը պարզապես մեր երկրում ուզում են իրենց պետական լեզուն պրոպագանդել, բայց «Օրանժի» դեպքում դա պետք է ֆրանսերեն լիներ: Թե ինչու ֆրանսիական ընկերությունը չի հարգում մեր պետական լեզուն եւ «ռուսամոլ» sms-ներ ուղարկում՝ «Օրանժի» հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ հնարավոր է հեռախոսի լեզուն ռուսերեն է եղել, դրա համար էլ ընկերությունն այդ լեզվով է հաղորդագրություն տարածել. «Մենք կպարզենք, գուցե տեխնիկական ինչ-որ խնդիր է, բայց հայերեն չենք ուղարկում, որովհետեւ ոչ բոլոր հեռախոսները կկարդան, բաժանորդները տառերի փոխարեն վանդակներ կստանան»:
Նշենք, որ հեռախոսի լեզուն այդ ընթացքում չի փոխվել, միշտ եղել է անգլերեն, բայց եթե նույնիսկ լեզուն ռուսերեն էլ լինի, խնդիրը տառերի մեջ չէ, այլ՝ հենց լեզվի:
«Օրանժի» ուղարկած հաղորդագրությունները, այսպես թե այնպես, միշտ անգլերեն տառերով են լինում, բայց լեզուն՝ մեկ ռուսերեն, մեկ՝ անգլերեն, մեկ՝ հայերեն, որը, բնականաբար, հեռախոսի ընտրված լեզվի հետ ոչ մի կապ չի կարող ունենալ:


















































