Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսիկյանը լուսակիր անձնավորություն էր»

Ապրիլ 01,2011 00:00

Երեկո՝ կոմպոզիտորի հիշատակին

\"\"Այս տարի Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Ատեփան Լուսիկյանը կլիներ 55 տարեկան: Օրերս նրա հիմնադրած հոգեւոր երաժշտության կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպել էր կոմպոզիտորի 55-ամյակին նվիրված մեծարման երեկո: Ներկա էին նրա հարազատներն ու արվեստը գնահատողները:

Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի ներկայիս տնօրեն Մհեր Նավոյանի խոսքով, Ստեփան Լուսիկյանը ապրող, արժեքներ ստեղծած կոմպոզիտոր է. «Նրա ստեղծագործությունները այդքան բազմաքանակ չեն, որքան կուզենայինք լինեին: Նրա ստեղծագործությունները ակադեմիական՝ հոգեւոր եւ կամերային ժանրում են եւ էստրադային: Այսօր առանձնացրել ենք հիմնականում կամերային գործերը»:

Դիրիժոր Դանիել Երաժշտի ղեկավարությամբ երեկոն բացվեց կոմպոզիտորի «Հայոց լեզու» երգով՝ «Շարական» հնագույն երաժշտության անսամբլի կատարմամբ: Ապա ջութակահար Գոհար Դանիելյանը հնչեցրեց Ս. Լուսիկյանի «Սիրամարգ» սոնատ-մենանվագը՝ գրված ջութակի համար: Երեկոն շարունակեցին Անահիտ Պապյանն ու Մարգարիտ Սարգսյանը՝ Չորս տրիոլետ ձայնի եւ դաշնամուրի համար ստեղծագործությամբ, միջազգային մրցույթի դափնեկիր Լեւոն Առաքելյանն ու թավջութակահար Արթուր Ավանեսովը կոմպոզիտորի սոնատներից ներկայացրին: Երեկոն եզրափակվեց Լուսիկյանի հինգ պիեսներով: Դրանք կատարեց ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը:

ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսն ասաց. «Ստեփան Լուսիկյանը եզակի մարդ էր, եզակի անձնավորություն, եզակի արվեստագետ: Համարում եմ բարեբախտություն, որ թոհուբոհի տարիներին իմ կողքին սակավաթիվ մարդկանց թվում նաեւ Լուսիկյանն է եղել: Ստյոպան նվիրված, անձնուրաց, ընկերասեր, անխարդախ մարդ էր: Մարդ կա՝ նախքան իր մեռնելն է մեռնում, մարդ էլ կա՝ մեռնելուց հետո սկսում է երկար կյանք ապրել. Ստյոպան այդ երկրորդ խմբի մարդկանցից է»:

Դանիել Երաժիշտի բնորոշմամբ, Ստեփան Լուսիկյանը «երկու երանի մի տեղ» անձնավորություն է. «Նա օժտված դաշնակահար էր, կոմպոզիտոր, լավագույն ուսուցիչների մոտ ուսում ստացած: Ժառանգել է սարաջյանական դպրոցի կուլտուրան… Չնայած նա կարճ կյանք է ունեցել՝ 45 տարի, բայց հասցրել է մի ամբողջ դարձի ճամփա անցնել… Երբ ժամանակին Մոսկվայում մասնակցել էր համամիութենական մրցույթի եւ արժանացել դափնեկրի կոչմանը, կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանին գրել է, որ նա նոր մտածողության տեր երիտասարդ է, տաղանդավոր. լավ պահեք, լավ նայեք… Բայց մենք չկարողացանք: Լինելով մշակույթի փոխնախարար՝ մշակույթ կրող մարդ էր, լուսակիր, նրա ազգանունը՝ Լուսիկյան, ճակատագրորեն կապված է իր գործունեության հետ: Ես չեմ հիշում մի դեպք, որ նա օգնություն ցուցաբերած չլիներ որեւէ մտավորականի, մի լավ նախաձեռնության»:

Երգիչ Արամոն առանձնացրեց Ստ. Լուսիկյանի «Երանի» երգը, որը հաճախ է կատարում: Արամոն պատմեց, որ 2001-ին ԱՄՆ-ից՝ կոմպոզիտորի վերադարձին շատ է սպասել. «Ինձ համար մեծ պատիվ է եղել ծանոթանալ հիանալի, պարզ, անկեղծ մարդու հետ: Հենց առաջին հանդիպումից զգացվեց, որ մեր էներգետիկ դաշտերը համահունչ են»: Երգիչը հավելեց, որ երբ «Երանին» երգել է Մոսկվայում, անգամ հայերեն չիմացողներն են հուզվել, հետաքրքրվել՝ ով է հեղինակը. «Նրանցից մեկին, որ բժիշկ էր, նվիրեցի սկավառակը, ասաց՝ առավոտյան վիրահատության ժամանակ այդ երգն եմ դնելու ու վիրահատեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել