Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-3

Ապրիլ 02,2011 00:00

Ժամանակին կար «Ա1» հեռուստաընկերությունը, որը հետո վերածվեց «Ա1+»-ի եւ 9 տարի առաջ այս օրը՝ 2002-ի ապրիլի 2-ին, ՀՌԱՀ-ի որոշմամբ զրկվեց եթերից: Բայց ՀՌԱՀ-ը 8 տարի անց, դեկտեմբերի 16-ին կայացրած որոշմամբ հեռարձակման հնարավորություն ընձեռեց «Ա» հեռուստաընկերությանը, որն ակնհայտորեն պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

\"\"Մարզերում թվային հեռարձակման մրցույթները դրականորեն տարբերվում են հանրապետական եւ մայրաքաղաքային մրցույթներից այն առումով, որ դրանց մասնակցել են նաեւ նոր հեռուստաընկերություններ: Սակայն այս առանձնահատկությունն այնքան էլ միանշանակ դրական գնահատականի արժանի չէ, եթե հաշվի առնենք, որ մարզերում հեռարձակելու արտոնություն ստացած նոր ՍՊԸ-ները մեծ մասամբ այն հին հեռուստաընկերություններն են, որոնք նախկինում ունեին հանրապետական կամ մայրաքաղաքային հեռարձակում, սակայն նախամրցութային պայմանավորվածությունների հետեւանքով նորից հայտ չներկայացրին: Այդպես է՝ ինչպես արդեն ներկայացրել ենք, անմիջապես մրցույթից առաջ ստեղծված «Տավուշ ՏՎ» ՍՊԸ-ի դեպքում, որի սեփականատերն ակնհայտորեն «Գրանդ հոլդինգն» է: Այդպես է նաեւ ՀՌԱՀ աշխատակազմի քարտուղարություն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետից (այս դեպքում՝ 2010թ. հոկտեմբերի 17-27-ը) անմիջապես առաջ՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին գրանցված «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ի դեպքում, որը հեռարձակելու է «Ա» (այբ) հեռուստաընկերությունը: Այս ՍՊԸ-ի մասնակիցների ցուցակից դատելով՝ սա այլ փաթեթավորմամբ նույն «Շողակաթն» է, որը հեռարձակվելու է նաեւ Արմավիրի մարզում: Այսինքն՝ նախկին մի կապուղու փոխարեն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այժմ փաստացի ունի երկուսը՝ մարզային եւ հանձին «Արարատ» ալիքի՝ նաեւ հանրապետական սփռման կապուղի:
«Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ում հավասար՝ 25 տոկոսով բաժնեմասեր ունեն 4 հոգի: Առաջինը Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն է, որը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետն է ու նաեւ, ինչպես նշված է մրցութային առաջարկում՝ «2002թ. մինչ օրս որպես խորհրդատու մասնակցել է «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի կազմման եւ հեռուստահաղորդումների պատրաստման աշխատանքներին»: Մյուս բաժնետերը Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն է, որը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչն է եւ «2005-ից մասնակցել է «Շողակաթ» հեռուստաընկերության սոցիալական հաղորդումների եւ հասարակական խոցելի խմբերի խնդիրները լուսաբանող հաղորդումների պատրաստմանը»: Երրորդ բաժնետերը Տ. \"\"Մկրտիչ եպիսկոպոս Մանուկյանն է՝ Արագածոտնի թեմի առաջնորդը. «2009թ. «Շողակաթ» հեռուստաընկերության հոգեւոր-մշակութային հաղորդումների խորհրդատու»: Եվ վերջապես՝ չորրորդ բաժնետերը 2002 թվականից «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանն է:
«Ա» հեռուստաընկերության հեռուստացանցում ընդգրկված «հեռուստաշարքերի մի մասը պատվիրվելու է «Շողակաթ» հեռուստաընկերությանը»: Կցված է նաեւ հոկտեմբերի 15-ին ստորագրված յուրօրինակ՝ ինքն իր հետ համաձայնագիր: Այստեղ Մանյա Ղազարյանը՝ որպես «Շողակաթի» տնօրեն, համագործակցության պատրաստակամություն է հայտնում ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրներից է ինքը: Մրցութային առաջարկում նաեւ նշված է, որ «Ա» հեռուստաընկերությունը «գործելու է Մայր Աթոռի տարածքում գտնվող մասնաշենքում՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նախկին մատենադարանի մասնաշենքում», որտեղ գործում է «Շողակաթը»:
«Շուկայի վերլուծություն» ենթաբաժնում նշել են, թե «Ա» հեռուստաընկերության «ռազմավարական համագործակցությունը Մայր Աթոռի հետ» կնպաստի իրենց վարկանիշի բարձրացմանը, «ինչը կնպաստի գովազդների ներգրավմանը»: Անգամ հեռուստաընկերության անխափան էլեկտրասնուցումը ապահովելու առնչությամբ են նշել. «Հոսանքի երկարատեւ խափանման դեպքում հեռուստաընկերությունն ամբողջությամբ կսնուցվի Մայր Աթոռի գեներատորից»:
Միջանկյալ հիշեցնենք, որ 2000 թվականին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում դրույթ կար, ըստ որի՝ կրոնական կազմակերպությունները չեն կարող լինել մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ: Սակայն հետագայում վերացվեց այս արգելքը:
Եվ հիմա այս մրցութային առաջարկում կան փաստաթղթեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ին ժամանակավոր օգտագործման իրավունքով գույք եւ տեխնիկական սարքավորումներ, կամ «ֆորս մաժորային իրավիճակներում» 360 մլն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելու մասին, որոնք, ինչպես երեւում է լուսանկարներից՝ ստորագրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հեռուստաալիքի հայեցակարգում բազմիցս շեշտված է, որ «Ա» հեռուստաընկերությունը հասարակության բարեփոխման, ժողովրդավար պետության կերտման գլխավոր պայմանը համարում է քրիստոնեական բարոյականության հաստատումը, մարդու ազատության եւ իրավունքների պաշտպանությունը», ու նաեւ, որ «Ա» հեռուստատեսությունը նպաստում է «քրիստոնեական-բարոյական արժեքների հանրային քարոզչությանը»:
Այսուհանդերձ՝ ծրագրային քաղաքականության ենթաբաժնում նշված է. «Հեռուստածրագրերում առաջնայնությունը տրվելու է հասարակական քաղաքական հաղորդումներին, որոնց հիմնական նպատակն է բազմակողմանի տեղեկատվություն ապահովելը»: Հիշեցնենք, որ իր գործունեության ողջ ընթացքում «Շողակաթը» հաղորդում էր բացառապես հոգեւոր-մշակութային լուրեր եւ չի ունեցել լրատվական ծրագիր կամ, ասենք, «Մամուլի տեսություն» հաղորդաշար: Իսկ այժմ իր յուրօրինակ անվանակցի՝ «Ա1+»-ի լավագույն ավանդույթների համաձայն՝ «Հեռուստաընկերության հայեցակարգը» ենթաբաժնում նշել են. «Ա» հեռուստաընկերությունը ստեղծվում է մարզում բազմակարծությունն ապահովելու, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու համար: «Ա» հեռուստաընկերությունը հասարակական եւ ընկերային խնդիրների լուսաբանման ընթացքում հաշվի է առնում գոյություն ունեցող տարակարծությունները: «Ա» հեռուստաընկերությունը պատրաստում է հաղորդումներ, որոնք նպաստում են գոյություն ունեցող տարակարծությունները հանրային քննարկման նյութ դարձնելուն: «Ա» հեռուստաընկերությունն իր եթերում տեղ է հատկացնում քաղաքական կուսակցություններին եւ քաղաքական գործիչներին՝ ներկայացնելու իրենց տեսակետները հասարակական-քաղաքական տարբեր երեւույթների եւ իրադարձությունների նկատմամբ»: Եվ ծրագրերում նախատեսել են ոչ միայն լուրեր հաղորդել, այլ նաեւ «Մամուլի տեսություն», թեեւ վերջինիս նկատմամբ վերաբերմունքը չեն թաքցրել՝ այն անվանելով «իր բնույթով հակահեռուստատեսային հաղորդաշար»:
Հիշեցնենք, որ 2010-ի հոկտեմբերի 23-ին պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ հայտ չեն ներկայացրել՝ մասնակցելու մրցույթին, «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանն ասել էր. «Քանի որ մրցույթներում նախատեսված չէր հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիք՝ պատճառը դա է, որ մենք չենք մասնակցում: Անցած տարիների ընթացքում «Շողակաթն» աշխատել ու ճանաչվել է իբրեւ հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիք»: Իսկ այժմ փաստորեն թվային հեռարձակման ցանցի միջոցով գործելու են իբրեւ ընդհանուր ուղղվածության հեռարձակող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել