Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱ, ԳՈՐԾԱՐԱՐ, ԹԵ՞ ՏՈԿՈՍՉԻ

Ապրիլ 05,2011 00:00

Հաշվի առնելով, թե ում ձեռքում են բնակարանների գրավ դրած սեփականության վկայականները, բնակիչներին մեծ պայքար է սպասվում

Այս օրերին ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը քննում է «Նորաշեն-2007» կոոպերատիվից տուժած բնակիչների գործը: Սա այն կոոպերատիվն է, որի տերերը՝ Արմեն Թադեւոսյանը եւ Լյովա Սամվելյանը բնակարան հատկացնելու համար հարյուրավոր քաղաքացիներից հավաքելով հազարավոր դոլարներ, մեկ գիշերում անհետացել էին՝ բնակիչներին թողնելով սթրեսի ու ապրումների մեջ: Բնակիչները մի օր պարզել էին, որ իրենց բնակարանները, որը գնել են տարիներ շարունակ կոպեկ-կոպեկ հավաքած փողերով, խոշոր գումարների դիմաց գրավ են դրված մի շարք ֆիզիկական անձանց մոտ, որոնք տվյալ դեպքում հանդես են եկել պարզապես որպես «տոկոսչիներ»:
«Առավոտն» (25.02.2011թ, 26.03.2011) արդեն մի քանի անգամ անդրադարձել է «Նորաշեն- 2007» կոոպերատիվի մութ պատմությանը: Սակայն որքան գործը բացվում է, այնքան այս գործի հետ կապված ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: Նշել էինք նաեւ, որ մոտ 10-15 օր առաջ իրավապահները կալանավորել են կոոպերատիվի տերերից մեկին՝ Արմեն Թադեւոսյանին: Եվ մինչ իրավապահ մարմինները կպարզեն, թե իրականում ո՞ւր են տանում այս հանցագործության թելերը, տուժած բնակիչներին արդեն շատ բան հայտնի է: Նրանց որոնումների արդյունքում պարզվել է, որ իրենց բնակարանների վկայականները գտնվում են պատգամավորների, կադաստրի, հարկայինի աշխատակիցների, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլ անհատների ձեռքում: Այն, որ այս գործի մեջ իսկապես խառնված են պետական պաշտոնյաներ, վկայում են նաեւ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը:
Մինչ գործը «առնել-թռնելուն» հասնելը, Ա. Թադեւոսյանը եւ Լ. Սամվելյանն իրենց ներքին խոհանոցում շրջանառվող թղթերից մեկում բավականին պարզ անուն առ անուն նշել են, թե որ անձը ում միջոցով եւ որքան տոկոսով գումար է տվել կոոպերատիվի տերերին՝ դրա դիմաց որպես գրավ ստանալով բնակիչների բնակարանները: Բերենք ընդամենը մի քանի օրինակ. մեր ձեռքի տակ եղած ցանկի համաձայն, կոոպերատիվի տերերը 5%  տոկոսադրույքով  $21 հազար գումար են վերցրել մի քաղաքացուց, որի համար միջնորդել է, ասենք՝ «կադաստրի Արմենը»: Կամ՝ ցանկում գրված մեկ այլ տեղեկատվության համաձայն, 14 բնակարանի պայմանագիր գտնվում է ոմն Բեգլարյանի մոտ, որի դիմաց կոոպերատիվի տերերը ստացել են $300 հազար: Ավելի ուշ այդ 14 բնակարանի տերերը պարզել են, որ Բեգլարյանը Էջմիածնի հարկայինի պետն է, որը ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է:
10 բնակարանի պայմանագիր էլ ոմն Սաշի ձեռքում է: «Սաշից» կոոպերատիվի տերերը վերցրել են $150 հազար՝ 5%-ով:  Նշենք, որ մեր մատնանշած փաստաթղթերը, որոնք հավաստում են նաեւ պետական պաշտոնյաների մասնակցությունն այս գործին, գտնվում են նաեւ իրավապահների ձեռքի տակ, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ այս գործը ոստիկանության գլխավոր քննչական վարչությունից չի անցնում հատուկ քննչական ծառայության վարույթ:
Մեր տեղեկություններով, քննչական վարչությունից բնակիչներին պարբերաբար փորձում են համոզել, որ իրենք իրենց ձեռքով դիմում գրեն եւ պահանջեն, որ գործը տեղափոխվի ՀՔԾ:  «Նորաշեն- 2007» կոոպերատիվից տուժած մի խումբ բնակիչներ էլ պայքարում են իրենց բնակարանները հետ ստանալ «Էսկո» կոնցեռնի տնօրեն Սարգիս Աղաբեկյանից: Բնակիչները պարզել են, որ իրենց բնակարանները ձեւակերպված են ոչ թե «Էսկո» կոնցեռնի անունով, այլ՝ Ս. Աղաբեկյանի հարազատների: Այսպես՝ Գ. Չաուշի 14/3 շենքից մոտ 15-16 բնակարան ձեւակերպված է պարոն Աղաբեկյանի մոր՝ Սիմա Ղուկասյանի անունով, մոտ 7-8 բնակարան էլ գնել է Սարգիս Աղաբեկյանի եղբայրը՝ Սուրեն Աղաբեկյանը:
Մինչդեռ պարոն Աղաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում պնդել էր, թե ինքն այդ բնակարանները ձեռք է բերել իր անշարժ գույքի գործակալությունով:
Ի դեպ՝ նկատենք, որ պարոն Աղաբեկյանի հարազատների անուններով ձեւակերպված բնակարանները ձեռք են բերվել շուկայականից  3-4 անգամ ցածր գներով: Ըստ առուվաճառքի պայմանագրի՝ 1 քմ-ի համար վճարելով մոտ $160:
Տեղեկացանք, որ բանակցությունների արդյունքում մի քանի բնակչի հաջողվել է «Էսկոյի» տնօրենից հետ վերցնել իրենց բնակարանները, սակայն այդ քաղաքացիները ստիպված են եղել 1 քմ-ի համար նորից վճարել $320, որպեսզի     նախկինում կոոպերատիվին վճարած մեծ գումարներն էլ չկորցնեն:
Այս գործարքները ձեւակերպվել են որպես նվիրատվություն, ինչն ակնհայտորեն  հարկերից խուսափելու միջոց է: Քանի որ, եթե միեւնույն ֆիզիկական անձը տարվա ընթացքում մի քանի բնակարան է գնում- վաճառում, պարտավոր է վճարել ԱԱՀ: Բնակիչները փաստում են, որ «Էսկոյի» տնօրեն Ս. Աղաբեկյանի հարազատները ոչ միայն իրենց գնած բնակարանների տեղը չգիտեն, այլեւ դրանց բանալիները չունեն, քանի որ դրանք մշտապես գտնվել են իրական տերերի մոտ:  Շատ բնակիչներ իրենց տունը գնել են 2007, 2008, 2009 թթ.-ներին, մինչդեռ Ս. Աղաբեկյանի հարազատները, ըստ փաստաթղթերի, այն ձեռք են բերել 2010-ին: Նշենք, որ Հարավ-արեւմտյան թաղամասի Բաբաջանյան 25/1 հասցեում գտնվող կառուցվելիք  շենքը իր հողատարածքով նույնպես գրավադրված է Սարգիս Աղաբեկյանի հոր՝ Լեւիկ Աղաբեկյանի անունով՝ $300 հազարի դիմաց: Բնակիչների ներկայացմամբ, այս շենքը նույնպես պետք է կառուցվեր «Նորաշեն-2007» կոոպերատիվի կողմից՝ բնակիչների նախապես վճարած գումարներով:
«Էսկոյի» տնօրենի հետ տեղի ունեցած վերջին զրույցի ընթացքում, ինչպես բնակիչներն են վստահեցնում, Ս. Աղաբեկյանը հայտարարել է, որ եթե իր տված 300 հազարը, որը նա տվել է կոոպերատիվի տնօրենին, վերադարձնեն, ապա ինքը պատրաստ է տարածքը հետ տալ բնակիչներին: Այդ հողատարածքի առուվաճառքի պայմանագրում ոչ թե $300 հազար է նշված, այլ՝ 48 միլիոն դրամ: Քանի որ եթե այդ գործարքը գերազանցեր 50 միլիոն դրամը՝ կրկին կառաջանար հարկային պարտավորություն:
2009 թվականին «Նորաշեն-2007» կոոպերատիվին ՀՀ կառավարությունը, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, ֆիննախի երաշխավորությամբ, տրամադրել է $500 հազարին համարժեք դրամ վարկ՝ «Պրոմեթեյ» բանկի միջոցով:
Բնակիչները, որոնք հանդիսանում են նաեւ կոոպերատիվների անդամներ, փաստում են, որ այդ վարկի անհրաժեշտությունը չի եղել, քանի որ առկա ֆինանսական միջոցները բավարար են եղել շենքի շինաշխատանքների ավարտի համար, ուստի ֆիննախի երաշխիքը տրամադրվել է ոչ ճիշտ հաշվարկների արդյունքում: Կոոպերատիվի անդամները տեղյակ չեն էլ եղել այդ վարկի մասին, ավելին, նրանք որեւէ համաձայնություն չեն տվել վարկ վերցնելու համար: Սակայն այսօր պարզվել է, որ առկա է կոոպերատիվի անդամների ժողովի որոշում՝ այդ վարկը ստանալու վերաբերյալ, որտեղ առկա բոլոր ստորագրությունները, բնակիչների պնդմամբ, կեղծ են: Նրանք հավաստում են, որ ոչ մի ստորագրություն չեն տվել: Բանկի կառավարիչն էլ է զարմացել, երբ տեսել է այդ մարդկանց իրական ստորագրությունները, որ խիստ տարբերվել են կեղծ ստորագրություններից:
Առանց մեկնաբանության մեջբերենք նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը, երբ 2009-ին քննարկվել է «Նորաշեն- 2007»-ին վարկ տրամադրել-չտրամադրելու հարցը. «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին: Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են: Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին: Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով, որ պատրաստվածության 50%-ից ավելի աստիճան պետք է լինի: Դա նշանակում է՝ մենք երաշխավորված ենք լինում, որ տրամադրելով այս գումարը, շինարարական այդ օբյեկտները հասցվելու են ավարտին: Մյուս կողմից՝ մենք շուրջ 12 մլրդ դրամ ենք հատկացրել հիփոթեքային վարկավորման համար, որպեսզի խթանենք պահանջարկը: Եթե մենք հիփոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 միլիարդով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել: Եվ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է եւ չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք ՌԴ-ից: Իրականությանը բացարձակապես չհամապատասխանող մեղադրանքներ են հնչում կառավարության հասցեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել