Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական անարդյունք որոշումը

Ապրիլ 05,2011 00:00

Թմրամոլության դեմ պայքարի տրամաբանության մեջ ընդունված կառավարական որոշումը շեղվել է տրամաբանությունից, թմրամոլության ծավալներն էլ աճել են:

Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերճյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում գրանցված է 2417 թմրամոլ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 700-ով ավելի է: Գրանցված թմրամոլները 20-30 տարեկան են: Սեմերճյանը նշված ասուլիսում պնդեց նաեւ, որ, ըստ ուսումնասիրությունների, հավանական թմրամոլների թիվը հասնում է 30 հազարի, որոնցից 5-7 հազարը թմրամիջոցն օգտագործում են ներերակային ճանապարհով: Թմրամոլների թվի աճը պայմանավորված է թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացմամբ, ասել էր Սեմերճյանը:
Հիշեցնենք, որ դեպի Եվրոպա գնալու ճանապարհին ապաքրեականացվեց թմրամիջոցների օգտագործումը եւ հիմա սա միայն վարչական պատասխանատվություն է ենթադրում: Սակայն, ինչպես Հայաստանում սովորաբար լինում է՝ լավ գաղափարը իրականացվում եւ կյանքի է կոչվում խեղաթյուրված, տրամաբանությունից շեղված տարբերակով եւ որեւէ օգուտ չի բերում: Օրինակ, Եվրամիության անդամ Դանիայում էլ կա կրոնի ազատություն, սակայն արգելված է «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժումը: Հայաստանը կենսամակարդակով եւ մնացած ամեն ինչով հետ է Դանիայից, սակայն արտոնել է «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժումը:
Դառնանք թմրամիջոցներին եւ թմրամոլներին: Անցած տարեվերջին կառավարությունը որոշեց թմրամոլության դեմ պայքարի շրջանակներում արգելել լիրիկա, կոակսիլ, սեդալգին նեո եւ տրոպիկամիդ դեղերի ազատ վաճառքը: Սրանք հակադեպրեսանտներ են, վերջինը՝ աչքի կաթիլներ, եւ «խորամանկ» թմրամոլները սրանցից թմրամիջոց էին ստանում: Հիմա սրանք կարող են վաճառվել միայն բժշկի դեղատոմսով: Էլի հանուն «աննարկոտիկ» կյանքի, մեր կառավարիչները որոշել են. դեղատոմսի վրա 3 ստորագրություն եւ կնիք պետք է լինի՝ բուժող բժշկի, բաժնի վարիչի եւ հաստատության ղեկավարի: Դե հիմա պատկերացրեք հակադեպրեսանտի կամ հանգստացնող դեղի կարիք ունեցող ծեր պապիկի, տատիկի կամ հիվանդի վիճակը, որ դեղի համար պետք է հասնի պոլիկլինիկա, ուր բուժաշխատողները բարեկրթությամբ չեն փայլում, վկա՝ բազմաթիվ բողոքները: Ստացվում է, որ հակադեպրեսանտի հետեւից գնացածը դեպրեսիա է ունենալու: Մինչդեռ մեր զրուցակից մի դեղագետ, որ սեփական փոքր դեղատուն ունի եւ համաձայնեց թեմայով խոսել միայն անանուն մնալու պայմանով, ասաց, որ բացի լիրիկա, կոակսիլ, սեդալգին նեո, տրոպիկամիդ դեղերից, այլ դեղեր էլ կան, որ սրանց բաղադրությունն ունեն եւ կարող են թմրամիջոցի վերածվել: «Ես ամենաքիչը հինգ նման դեղ կարող եմ թվարկել: Անունները չեմ ասի, որ չասեք թմրամոլներին ուղղորդում է, մասնագետները գիտեն ու կհասկանան: Խնդիրն այն է, որ թմրամոլը ի վերջո այս կամ այն դեղից թմրադեղ կստանա: Լսել եմ, որ դրա համար բենզին են օգտագործում: Ես կարող եմ նրանց միայն բացատրել, բայց թմրամոլները պետք է հասկանան ու մտածեն, որ թմրադեղով իրենք իրենց դանդաղ մահվան են դատապարտում: Մենք պետք է մտածենք իրոք հիվանդի ու դեղի կարիք ունեցողի մասին: Վերը նշված 4 դեղերը միայն դեղատոմսով վաճառելու մասին կառավարության որոշումը թմրամոլության ծավալները չի նվազեցրել, բայց մեծապես վնասել է հիվանդներին, հայկական շուկայից էլ դուրս են մղվել օգտակար դեղեր: Տարիներ առաջ նման ոչ ճիշտ որոշման արդյունքում Հայաստանը զրկվեց ակտիֆեդ եւ սոլուտան դեղերից: Բնականաբար՝ չեմ պնդի, որ լիրիկա, կոակսիլ, սեդալգին նեո, տրոպիկամիդ դեղերի բոլոր գնորդներն էին թմրամոլ, բայց տեսնում եմ, որ ոմանք արդեն անցել են նույն բաղադրությամբ այլ դեղերի, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի»,- ասաց մեր զրուցակիցը:
Ըստ դեղագետի, թմրադեղերի օգտագործումը ապաքրեականացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է թմրամոլության դեմ պայքարելու համար: Հարկ է թմրադեղի օգտագործման առաջին իսկ դեպքից հետո մարդուն բացատրել դրա վնասակարությունը, իրական հաշվառում անել, թմրամոլության համար տուգանքի չափը մեծացնել: «Բժշկության եւ առողջապահության մեջ ընդունված արտահայտություն կա՝ ավելի հեշտ է կանխել, քան բուժել-վիրահատել: Ավելի հեշտ է չկեղտոտելը, քան մաքրելը արտահայտությունն էլ է այս պահին տեղին: «Վիրահատությամբ» շուկայից դեղերը հեռացնելը, ըստ պաշտոնական տվյալների՝ արդյունք չի տվել»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել