Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության պատվիրատուին՝ 10 տարվա ազատազրկում

Ապրիլ 05,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Գուգարք գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Արմեն Պողոսյանը մեղադրվում էր ՌԴ քաղաքացի  Ստանիսլավ Նիզովի սպանությունը պատվիրելու մեջ:
Ըստ գործի նյութերի՝  ՌԴ-ում եղած ժամանակ՝ 2001թ. հունիսի սկզբին, Արմեն Պողոսյանն առաջարկել է իր ծանոթ Ալեքսանդր Սիդորովին՝ 1500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց սպանել Ստանիսլավ Նիզովին:
Ժամանելով դեպքի վայր, Ալեքսանդր Սիդորովը Ստանիսլավ Նիզովին հրազենային վնասվածքներ է պատճառել եւ դիմել է փախուստի՝ Արմեն Պողոսյանի կողմից վարած ավտոմեքենայով: Ստանիսլավ Նիզովը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ: Նշված հանցանքը կատարելուց հետո Ալեքսանդր Սիդորովը Արմեն Պողոսյանից ստացել է 1300 դոլար:
2007թ. ՌԴ Վլադիմիր քաղաքի մարզային դատարանը Ալեքսանդր Սիդորովին դատապարտել է 12 տարի ժամկետով ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում:
Արմեն Պողոսյանի նկատմամբ քրեական գործն անջատվել էր գործից եւ ուղարկվել Հայաստան:
2009 թ. օգոստոսի 25-ից Արմեն Պողոսյանը կալանավորվել էր եւ գտնվում է ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում: Արմեն Պողոսյանի պաշտպան Կարինե Գասպարյանը դատավճռին համաձայն չէ: Պաշտպանն ասում է, թե գործում դեռեւս անպատասխան  են մնում բազմաթիվ հարցեր, որոնք դատարանը անտեսել է. «Չգիտեմ ինչպես որակել դատարանի նման մոտեցումը՝ կաշկանդվածություն մեղադրանքի կողմի՞ց, թե՝ արդարադատության իրականացման խեղաթյուրված պատկերացում: Հակառակ դեպքում դատարանը իրավունք չուներ միայն ձեւականորեն վկայակոչելու, որ ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-360, 365 հոդվածներով՝ առանց կատարելու այդ հոդվածների իրական պահանջները»: Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ. «Նախաքննության ընթացքում քննիչը մեղադրանք է առաջադրել, հիմնվելով միայն գործի՝ Ռուսաստանից ուղարկված պատճենների վրա»: Բացի այդ՝ հանցագործության կատարման հանցակազմն է  բացակայում. «Չկա հիմնավորում, թե ինչո՞ւ, ի՞նչ շարժառիթով է իմ պաշտպանյալը սպանել Նիզովին»: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ՝ ի դեմս դատավոր Ն. Հովակիմյանի, բազմիցս հարցումներ է ուղարկել ՌԴ՝ գործով վկաներին ծանուցելու դատական նիստերի մասին, սակայն՝ ապարդյուն: Բացի այդ, ըստ պաշտպանի, Սիդորովը նախաքննական ցուցմունք է տվել այն մասին, որ Արմեն Պողոսյանի պատվերով ինքն է կատարել սպանությունը, Արմեն Պողոսյանը մնացել է ավտոմեքենայում, այնուհետեւ դատարանում նշել էր, որ Արմեն Պողոսյանն է կատարել սպանությունը: Վերոնշյալներով եւ գործում առկա այլ հակասություններով հիմնավորվելով՝ պաշտպան Գասպարյանը կարծիք է հայտնում, որ դատավճռով դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի դրույթները,  այդ թվում՝ հաշվի չեն առնվել  մի շարք դատական նախադեպեր. «Դատարանն իբրեւ ապացույց է դիտել Սիդորովի նախաքննական եւ դատաքննական՝ միմյանց հակասող ցուցմունքները: Արմեն Պողոսյանի լուսանկարը, երբ ճանաչման է  ներկայացվել   Սիդորովին, վերջինս հայտնել է, թե լուսանկարում պատկերված անձը նման է Արմենին, սակայն հաստատապես պնդել չի կարող, թե նա է, ինչը, ըստ իս, չփարատված կասկած է»: Դատարանը այս փաստը եւս  հաշվի չի առել: Ըստ պաշտպանի՝ դատարանը, դատաքննությամբ հետազոտելով Սիդորովի մոր եւ Նիզովի քրոջ ցուցմունքները,  դրանց չի տվել պատշաճ իրավական գնահատական, ինչը բազմաթիվ հարցերի վրա   լույս կսփռեր: Կարինե Գասպարյանը հավելում է, որ իր պաշտպանյալը զրկված է եղել իր դեմ ցուցմունք տվողների հետ առերեսման իրավունքից:
«Միայն միակողմանի ապացույցների հիման վրա դատարանը նրան մեղավոր ճանաչեց»: Դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930