Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարի նորահայտ գործը

Ապրիլ 05,2011 00:00

Կամ եռաչափ կերպարվեստի բացառիկ նմուշը՝ Հայաստանում

Երեւանյան «Շեդեվր» բարձր արվեստի կենտրոնի հիմնադիր Սարգիս Գրիգորյանը Փարիզում հայտնաբերել է հայ մեծանուն նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի 1927 թվականին ստեղծած տարածական արվեստի մի նմուշ: Ընդամենը երեք տարրից՝ երկաթից, ապակուց եւ հայելուց բաղկացած այդ ինքնատիպ եռաչափ նկարն այնպես է գերել «Շեդեվրի» հիմնադրին, որ նա մեծ բարդություններով բերել է Հայաստան, որպեսզի ցուցադրի Հայաստանի ազգային պատկերասրահում: Ի դեպ, ճանապարհին քիչ է մնացել ուղեբեռը կորցնի, բեռներ տեղափոխողներից մեկը այն տարել էր «Էյր Ֆրանս» ընկերության պահեստ, որտեղից, այլ ուղեբեռների հետ, Քոչարի գործը պետք է ուրիշ ուղղությամբ գնար, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվել է:
Մեր զրուցակիցը պատմեց, որ նորահայտ այդ գործը 30 տարի կոլեկցիոներ Պատրիկ Տրիգանոյի մոտ էր, ապա հայտնվել էր փարիզյան «Մինոտավր» պատկերասրահում՝ արվեստի մենեջեր Բենեդիտ Սապիրոյի մոտ:
Ս. Գրիգորյանը նշեց. «Աշխատանքը Հայաստան բերելուս միակ նպատակն այն է, որ հայ արվեստասեր հասարակությունը տեսնի, թե ինչ ժառանգություն ունենք, արվեստի գլուխգործոց, որի հեղինակը հայ է, բայց գործը գտնվում է օտարի սեփականության ներքո»:
Աշխատանքում ներկայացված է իմացության ծառն ու Եվայի կերպարը: Խնձորից բացի, նկարիչը պատկերել է նաեւ տանձեր՝ կանանց կերպարների տեսքով: Ս. Գրիգորյանի բնորոշմամբ, արվեստի նմուշը գեղարվեստական առումով բարձր է եւ շատ հետաքրքիր. «Առասպելական դիցաբանական թեմաներ է ընդգրկում իր մեջ. կին՝ տանձ- խնձորով»:
Ս. Գրիգորյանը նշեց, որ նպատակ ունի քանդակը գնել եւ նվիրել պետությանը. «Դեռեւս ամբողջությամբ չենք գնել այն, քանի որ մեծ արժեք ունի: Մի մասի ապահովագրությունն արդեն արված է, մնում է մյուս մասը: Չափազանց մեծ գումարի մասին է խոսքը, մի հոգու համար դա ահռելի բեռ է, սակայն շատ մեծ ցանկություն ունեմ այն իսկապես ձեռք բերելու: Մենք սա պետք է ունենանք: Քոչարին չի կարելի սովորական նկարիչների հետ համեմատել: Նա՝ ինչպես Պիկասոն է, Դալին… Նրանք աստվածային մարդիկ են, եւ պետք է աստիճաններով այնքան բարձրանանք, որ գոնե մոտ լինենք նրանց, հասկանանք: Օրինակ՝ այս գործը Քոչարը 1927 թվին է արել, բայց մի 1000 տարի առաջ է գնացել»:
Նա հավելեց, որ շարունակելու է Քոչարի այդ ժամանակաշրջանի ստեղծագործություններ փնտրել եւ Հայաստան բերել. «Փարիզում էլի կա Քոչար, հիմնականում՝ մասնավոր կոլեկցիաներում: Ճիշտ է, շատ դժվար է այդ կոլեկցիոներների հետ խոսելը, պայմանավորվելը, բայց նրանք հայերի հանդեպ լավ են տրամադրված: Երբ տեսնում են՝ դու հասկանում ես արվեստից, սկսում են հարգել… Ես ցավ եմ ապրում, որ, օրինակ, Թութունջյան ամբողջ աշխարհը գնահատում է՝ բացի հայերից……100-200 հազար եվրոյով Թութունջյան են վաճառում աշխարհում, Հայաստանում ոչ ոք այդքան գումարով նկար չի գնում: Մեզ մոտ ամեն ինչ այլ է, մերոնց թվում է՝ ամեն ինչ նվիրելու կամ հեշտ ձեռք բերելու մեջ է: Հենց տեսնում են, ասում են՝ նվեր կտա՞ս……Ախր ոչ ոք էս դարում ոչ ոքի հենց այնպես նվեր չի տալիս, սա պետք է վերջնականապես հասկանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել