Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 05,2011 00:00

Բրիտանական կաթոլիկ կազմակերպության նոր հաշվետվությունը ցույց է տվել, որ կրոնական հետապնդումների 75%-ը բաժին է հասնում քրիստոնյաներին: Ուսումնասիրելով 33 երկրներ, «Օգնություն կարոտյալ եկեղեցիներին» կազմակերպության բրիտանական բաժինն իր 2011թ. հաշվետվության մեջ, որի վերնագիրն է «Հետապնդվածներ եւ մոռացվածնե՞ր. Հաշվետվություն հավատի համար հալածվող քրիստոնյաների մասին», հաղորդել է, որ հետապնդումների մեծամասնությունը տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում:
Բացի հայտնի երկրներից՝ Չինաստանից, Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ Սաուդյան Արաբիայից, հաշվետվությունը նաեւ հաղորդում է, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վենեսուելան, Զիմբաբվեն եւ անգամ Սուրբ երկիրը, գրանցվել են կրոնական հետապնդումների դեպքեր: Հաշվետվության մեջ ասվում է, որ քրիստոնյաները դիտարկված երկրներից 22-ում ենթարկվում են խիստ հալածանքի, ընդ որում՝ հավատացյալների համար վատթարագույն իրավիճակ է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը, Նիգերիան եւ Պակիստանը: Հաշվետվության մեջ ասվում է, որ 100 միլիոն քրիստոնյաներ ողջ աշխարհում ենթարկվում են հալածանքների:
Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ քրիստոնյաներն աճող ազգայնականության թիրախ են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բիրման, Հնդկաստանը, Շրի Լանկան: Այս շաբաթ բրիտանացի հայտնի քաղաքագետ Էնն Վիդդեկոումբն անվանվել է «Օգնություն կարոտյալ եկեղեցիներին» կազմակերպության հատուկ դեսպանորդ կրոնական ազատության գծով:
Կաթոլիկ եկեղեցու անդամ Էնն Վիդդեկոումբն ասել է, թե ինքը «գնալով ավելի ու ավելի է մտահոգվում» քրիստոնյաներին վախեցնելու եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներով: Նա նաեւ ընդգծել է բրիտանական կառավարության անկարողությունը՝ սեփական երկրում պաշտպանել կրոնական փոքրամասնությունների իրավունքները եւ նրա միտումը՝ չնկատել քրիստոնյաների հետապնդումներն այլ երկրներում:
«Ժամանակն է բարձրացնել գլուխներս եւ պաշտպանել քրիստոնյաներին, ովքեր տուժում են հանուն իրենց հավատի,- ասել է նա:- Ես ուրախ եմ սատարել «Օգնություն կարոտյալ եկեղեցիներին» կազմակերպությանը, որը հալածվող քրիստոնյաներին օգնելու համար շատ բան է անում»: Ըստ qahana.am-ի՝ բրիտանացի կարդինալ Քիթ Օբրայենն Էդինբուրգից վերջերս քրիստոնյաների հետապնդումներն անվանել է «ամենամեծ սկանդալը մեր սերնդի մարդու իրավունքների շուրջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել