Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-5

Ապրիլ 06,2011 00:00

Մարզային եւս մի հեռուստաընկերություն է իր մրցութային առաջարկով աշխարհագրության եւ օգտակար հանածոների մասին
դասեր տվել ՀՌԱՀ անդամներին:

\"\"

Աջակցող նամակ

«Աջակից»-ից

Մինչ այժմ մեր ուսումնասիրած մրցութային առաջարկներից թերեւս ամենածավալունը Շիրակի մարզում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման մրցույթում «Գալա» հեռուստաընկերությանը հաղթած «Ցայգ» հեռուստաընկերության 4 հատորանի հայտն է: Դրա մի հատորում հիշատակված են «Մենք+» կազմակերպության անցկացրած սոցհարցումների արդյունքները. «Այն հարցին, թե ո՞ր տեղական հեռուստաընկերություններից են ստանում տեղեկատվությունը, հարցվողների 54,6%-ը պատասխանել է «Շանթ», 38,6%-ը՝ «Ցայգ» եւ 6,8%-ը՝ «Շիրակ» հեռուստաընկերությունից: «Գալա» հեռուստաընկերության անունը չի հիշատակվում, քանի որ վերջինս կա՛մ չունի գովազդային պատվերներ, կա՛մ չի հեռարձակում դրանք»: Սակայն կից ներկայացված գծապատկերից ակնհայտ է, որ հարցման ընթացքում խոսք չի եղել ընդհանրապես տեղեկատվություն ստանալու մասին, հարցադրումը եղել է միայն այսպիսին. «Տեղական ո՞ր հեռուստաընկերություններից եք իրազեկվում գովազդի մասին»:

«Ցայգի» փաթեթում խեղաթյուրման մեկ ուրիշ օրինակ էլ կա. այլ ընկերությունների մի քանի հաղորդումներ նշված են որպես իրենց սեփական արտադրանք, ասենք՝ «Երկրի հարցը» ծրագիրը, որի հեղինակային իրավունքը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանն է, իսկ «Ցայգը» միայն վերահեռարձակում է այն:

Այս մրցութային առաջարկի մեկ այլ առանձնահատկությունն աջակցող նամակներն են: Նման նորարարության չի դիմել որեւէ այլ հեռուստաընկերություն: Իսկ ահա «Ցայգը» մրցութային փաթեթում ներառել է ՀՌԱՀ-ին ուղղված ՀՀԿ «Գյումրի 2» շրջանային կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի նամակը, որտեղ նա մասնավորապես նշել է. «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում «Ցայգ» հեռուստաընկերությանը, միաժամանակ հույս հայտնում, որ հաջողությամբ մասնակցելով կապուղիների համար հայտարարված մրցույթին՝ «Ցայգը» այսուհետ եւս կշարունակի իր գործունեությունը որպես հանրության կողմից սիրված, գնահատվող եւ վստահություն վայելող հեռուստաընկերություն»: Նման մի նամակ էլ գրել է ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեի նախագահ Ս. Բարսեղյանը, մասնավորապես նշելով, թե «Ցայգի» աշխատակազմը «միշտ էլ աչքի է ընկել եւ աչքի է ընկնում քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ, արհեստավարժությամբ եւ լրագրողին վայել վարքուբարքի դրսեւորմամբ»: ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր երաշխավորական նամակում նշել է. «Ցայգը» մեզ գրավում է գնային ճկուն քաղաքականությամբ եւ հավասարակշռված լրատվությամբ»: Աջակցական նամակ է ուղղել նաեւ Գյումրիում Իտալիայի հյուպատոսը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավարը: Բայց այս եւ չթվարկված այլ նամակներից, որոնք զգալի ծավալ են ապահովել մրցութային առաջարկում՝ մեզ առավել դուր եկավ նախ այն «աջակցող նամակը», որն ուղղել է «Աջակից» բարեգործական հասարակական կազմակերպությունը. «Քաղաքակրթությունն ունի հույժ կարեւոր խնդիր՝ մարդուն մտածել սովորեցնել, եւ քաղաքակրթության մասնիկ կազմող ցանկացած լրատվամիջոց իր առջեւ պիտի նպատակ դնի հեռուստադիտողին սովորեցնել մտածել, գնահատել իրական արժեքները, անաղարտ պահել մայրենին: Այս սկզբունքներին ի սկզբանե հավատարիմ մնաց «Ցայգ» հեռուստաընկերությունը», եւ մեկ էլ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի նամակի «Առ որ անկ է» հասցեավորմամբ նամակը. «Մենք գնահատանքով ենք վերաբերվում «Ցայգի» աշխատանքին եւ համարում, որ նման հեռուստաընկերության գոյությունը Շիրակի մարզի կայուն զարգացման գրավականն է»:

Հանրագիտարանի՞ց են արտագրել

Սյունիքի մարզում արտոնագրված 8 հեռուստաընկերություններից թվային հեռարձակման համար միակ հայտ ներկայացրածը «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ն էր՝ «Սոսի» հեռուստատեսությունը, որի գործարար ծրագրում նշված է. «Սոսին» նաեւ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի Սյունիքի մարզի թղթակցական կետն է»: Այս հեռուստաընկերությանն առաջիկա 10 տարիներին 100 մլն դրամի չափով ֆինանսավորելու պատրաստակամություն է փաստաթղթով հայտնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենը:

«Ձագեձորի» մրցութային առաջարկը հարց է առաջացնում, թե հետաքրքիր է՝ ինչո՞ւ են մեր ՀՌԱՀ անդամները ենթադրության տեղիք տվել, որ աշխարհագրություն չգիտեն, որ այս էլ երկրորդ հեռուստաընկերությունն է (առաջինն Արարատի մարզում հեռարձակվող «Տելելեքսն» էր) իր մրցութային առաջարկով փորձում լրացնել այդ բացը. «Սյունիք մարզը գտնվում է հանրապետության հարավում: Սահմանակից է Իրանին, արեւմուտքից՝ Նախիջեւանին, արեւելքից՝ Լեռնային Ղարաբաղին, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորի մարզին: Մարզը պայմանականորեն կարելի է բաժանել 4 շրջանների՝ Գորիսի շրջան, Սիսիանի շրջան, Կապանի շրջան եւ Մեղրիի շրջան»: Նկատի ունեցեք՝ սա մրցութային առաջարկի «շուկայի ուսումնասիրություն» ենթաբաժինն է, որտեղ նաեւ նշել են. «Օգտակար հանածոներով հանրապետության ամենահարուստ մարզն է: Դրանցից կարեւորագույններն են՝ գունավոր (պղինձ, մոլիբդեն, ցինկ եւ այլ գունավոր) եւ թանկարժեք (ոսկի, արծաթ) մետաղների հանքաքարերը, ինչպես նաեւ ոչ մետաղային օգտակար հանածոների մի ամբողջ շարք (շինարարական եւ երեսպատման քարեր, բազալտային հումք, կրաքարի եւ այրվող թերթաքարերի, մարմարի, գրանիտի, պերլիտի եւ դիատոմիտների պաշարներ)»: Հետո առանձին-առանձին անդրադարձել են մարզի քաղաքներին՝ Կապանին, Քաջարանին, Գորիսին, Սիսիանին, Դաստակերտին (լուսանկարում), ներկայացրել տվյալներ դրանց տեղակայման, բնակչության, տնտեսության առաջատար ճյուղերի մասին: Մրցութային առաջարկի այս մասը կարծես ուղղակի արտագրված է հանրագիտարանից կամ Սյունիքի մարզի մասին որեւէ ձեռնարկից: Նույն կերպ՝ կարծես ուղղակի ՀՌԱՀ կայքից են պատճենել մրցութային առաջարկի մեկ այլ ենթաբաժին՝ «Հեռուստատեսության շուկայի ներկայիս վիճակը», որտեղ ընդամենը վերաշարադրել են, թե ինչ հեռուստաընկերություններ են գործում Սյունիքում, մալուխայի՞ն, թե՞ եթերային հեռարձակում են իրականացնում, ո՞րն է դրանց սփռման գոտին եւ այլն:

Բայց ի՞նչ կապ ունեն դիատոմիտների կամ Սյունիքի մարզի այլ բնահումքային պաշարները «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով հաղթողին ընտրելու համար սահմանված չափորոշիչների հետ: Եվ ուշագրավն այն է, որ ՀՌԱՀ անդամները, որոնք վատ թաքցրած ծաղրով էին արձագանքել այն փաստին, որ «Գալա» հեռուստաընկերության առաջարկում նշված էր նաեւ դրա հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ի մեկ այլ գործունեության տեսակի՝ օճառի եւ լվացող-մաքրող միջոցների արտադրության հեռանկարների մասին, բոլորովին չեն ընդվզել, որ մեկ այլ առաջարկում էլ նշված է բնափայտի մշակման, մրգերի պահածոների եւ հյութերի արտադրության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել