Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-Ը ԲԱՐԵԳԹՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՐԵԼ

Ապրիլ 06,2011 00:00

Մի քանի օր է՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բնակիչները խառնվել են իրար: Հայաստանի էլեկտրական ցանցերի հսկիչները գյուղացիներից պահանջում են վճարել նախորդ տարիներին կուտակած պարտքերը: Գյուղացիներն էլ անակնկալի եկած՝ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկար տարիներ է՝ վճարումներ են կատարում եւ նրանց ոչ ոք չի զգուշացրել, որ չվճարած գումարներ ունեն:

«Ամեն ամիս մինչեւ վերջին կոպեկը վճարել ենք: Եթե մի քիչ պակաս ենք վճարում, անմիջապես հոսանքն անջատում են: Ինչո՞ւ հիմա հիշեցին, որ պարտք ունենք: Էդքան լռել են ու հիմա՞ հիշել, որ գյուղացիները պարտքեր ունեն: Մեզ ժամանակին վստահեցրել էին, որ նախկինում կուտակած բոլոր պարտքերը ՀԷՑ-ը չեղյալ է համարել: Հիմա ի՞նչ նոր բան են հորինել: Էդ մինչեւ էսօր տենց բարեգո՞ւթ են եղել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները: Շինուհայրի բնակիչներից՝ 82-ամյա Վարդուհի Ստեփանյանի խոսքերով. «Ամեն անգամ թոշակս ստանալիս՝ տեղում բոլոր կոմունալ վճարները կատարվել են: Ամիս է եղել՝ թոշակիցս անգամ մի դրամ տուն չի մտել: Քանի տարի է, ինչքան էլեկտրաէներգիա եմ ծախսում, ամբողջությամբ գումարը վճարում եմ: Չեմ հասկանում՝ ի՞նչ գումար են վերագրում ինձ»:

«Առավոտը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե ինչո՞ւ են մինչ օրս լռել եւ բնակիչներին ոչ մի անգամ չեն նախազգուշացրել, որ պարտքեր ունեն:

Մեզ հետ զրույցում ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանն ասաց. «Գյուղացիներին անընդհատ բացատրություններ են տրվել: Հաշվի առնելով, որ անապահով գյուղ է եւ մարդիկ սոցիալական ծանր պայմաններում են ապրում, մեր հսկիչները ընդառաջել են եւ նախկինում կտրուկ քայլերի չեն դիմել: Նրանց պարտքերը մարված է մինչեւ 2002 թվականը: Իսկ 2002-ից հետո բնակիչները թերվճարումներ են կատարել, ինչի արդյունքում էլ պարտքեր են գոյացել: Այժմ էլ նրանք հնարավորություն ունեն ժամանակացույցով աստիճանաբար կուտակած պարտքերը մարել»: Ինչ վերաբերում է շինուհայրցի Վարդուհի Ստեփանյանին, ՀԷՑ-ը՝ առաջնորդվելով իրենց սոցիալական աջակցության ծրագրով, որոշել է աջակցել տիկնոջը. «Մենք հաշվի ենք առնում, որ նա միայնակ թոշակառու է եւ հիվանդ երեխա է խնամում, նրա՝ 2003-2005 թվականների թերվճարումներից գոյացած 60 հազար դրամի պարտքը համարում ենք մարված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել