Լրահոս
Օրվա լրահոսը

Ջո՛ւր բաշխողներ, չզլանաք, չթերանաք

Ապրիլ 06,2011 00:00

Մեր առաջին խնդիրը գյուղացու կողքին կանգնելն ու նրա կորցրած վստահությունը վերականգնելն է, անցած շաբաթ Սյունիքում հայտարարել էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, իսկ այս շաբաթ արդեն Արմավիրի մարզի գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նախարարը վերահաստատել է իր խոստումը. «Տարիներ շարունակ գյուղացիներին խոստումներ են տվել, ներկայացրել ծրագրեր: Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված: Մեր գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն է»,- նշել է նա եւ հավելել, որ այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն ծրագրերի իրականացմանը, կենթարկվեն պատասխանատվության:

Արմավիրի գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը ոռոգման ջուրն է, որի բաշխումը, ըստ նրանց, ուշացումներով է իրականացվում: Գյուղնախարարը գյուղացիներին խոստացել է, որ ջրի բաշխումը կսկսվի ապրիլի 10-ից, իսկ եթե ջրօգտագործող ընկերությունը թերանա՝ պատասխանատու աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այս խոստումից հետո Սերգո Կարապետյանն իր անձնական հեռախոսահամարն է փոխանցել գրիբոյեդովցի Մասիս Մուրադյանին եւ ասել. «Առաջին ջուրը կտրվի անվճար: Թե խոստացված ժամանակ չիրականացվի ջրի բաշխումը, տեղեկացրեք ինձ»:

Գյուղացու ճանապարհին հաջորդ խոչընդ ոտը պարարտանյութերի բարձր գներն են: Տեղում այցելելով պատահական մի խանութ՝ նախարարը տեսել է, որ մեկ պարկի արժեքը հասնում է 8 հազար դրամի, մինչդեռ այն չպետք է անցնի 7 200 դրամը: Նախարարը համայնքների ղեկավարներին հանձնարարել է տեղերում հետեւել գներին: «Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ներկրողներն ու վաճառողները մեծ շահույթ չստանան գյուղացու հաշվին: Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից: Եթե չստացավ՝ չի մշակելու իր հողը», – նշել է Սերգո Կարապետյանը: Այս տարի ՀՀ 225 համայնք պետությունից անվճար կստանա օրգանական պարարտանյութ: Բացի սրանից, առեւտրային բանկերի հետ պայմանավորվածություն կա: 14% տարեկան տոկոսադրույքով վարկի 4%-ը կփակի պետությունը, առաջին վեց ամիսներն էլ գյուղացու համար արտոնյալ պայմաններ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել