Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՆԴԻՄԱՆԵ՞Լ Է ԱԳՆ-ԻՆ

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Արաքս գետից ավազի արդյունահանումը մտահոգել է նույնիսկ թուրքերին

«Արարատի մարզում գտնվող Արաքս գետի հունից ներկայումս դադարեցված է ավազի արդյունահանումը»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է ՀՀ նախագահին առընթեր Սեւանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը՝ հերքելով այն տեղեկատվությունը, թե օրեր առաջ՝ գետահովիտ այցից հետո, կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, երբ պարզել է, որ հայ գործարարները անխնա շահագործում են գետի հողերը որպես ավազի հանք՝ ահռելի ու անվերականգնելի վնասներ հասցնելով շրջակա միջավայրին: «Եթե ես ամեն այցից հետո սրտի տագնապով հիվանդանոց տեղափոխվեմ, բա իմ գործերն ո՞վ պետք է անի: Ես առողջ եմ»,-  վստահեցրեց պարոն Մովսիսյանը՝ հրաժարվելով ներկայացնել գետահովտում գործարարների գործունեության արդյունքում հասցրած վնասների չափը՝ տեղեկացնելով, թե առաջիկայում հրապարակային հայտարարություն կանի: Միայն ասաց, որ վերջին անգամ գետահովիտ այցելել է 2010 թ. դեկտեմբերին՝ հանձնաժողովի այլ անդամների հետ, տարածքում կատարել ուսումնասիրություններ ու ներկայացրել կառավարությանը: Նրա տեղեկացմամբ, կառավարությունն էլ խնդիրը լուծելու նպատակով որոշում է կայացրել ու 345 մլն դրամ հատկացրել: «2086 մ տարածքի վրա կառուցվածքների վերականգնման ու ամրապնդման աշխատանքներ են տարվում ու կշարունակվեն մինչեւ գարնան վարարումները, մայիսին աշխատանքները կավարտվեն»: Ըստ պարոն Մովսիսյանի, այդքանով չեն ավարտվի վերականգնման աշխատանքները, կառավարությունը նախատեսել է եւս 40 մլն դրամ հատկացնել խնդիրները վերացնելու նպատակով. «Արաքսի գետահովտում բարդ իրավիճակ է ստեղծվել: Գետի երկարությունը 100կմ-ից ավելի է, թեքությունները շատ փոքր են, վերեւներից եկած գետաբերուկները կուտակվում են գետի հունով մեկ, առաջացնում խնդիրներ: Առաջարկել ենք կանոնավոր կերպով գետը մաքրել գետաբերուկներից»:
Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գետի հունի հողերը անխնա շահագործում են արդեն երեք տարի, ու զարմանալի է, որ շահագործման թույլտվությունը կառավարությունն է ապահովել. «Օրենքով նման թույլտվություն անհնար է: Զարմանում եմ, թե ինչպես է կառավարությունը նման հնարավորություն ընձեռել գործարարներին: Գետից ավազ հանելը արգելվում է, որովհետեւ այն անմիջապես խախտում է գետի ամբողջ ռեժիմը, սելավավտանգ է ու հեղեղների պատճառ կարող է դառնալ: Էլ չեմ խոսում այն բազմաթիվ վտանգների, ռիսկերի մասին, որ ավազի արդյունահանման արդյունքում կարող են առաջանալ: Խախտվում է ամբողջ կենսաբազմազանությունը»: Կ. Դանիելյանի խոսքով, գետից ավազի արդյունահանումը մտահոգում է բոլորին, բացի Հայաստանից: Նրա տեղեկություններով, վերջերս նույնիսկ Թուրքիան է մտահոգվել ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը նոտա է ուղարկել. «Թե այս ինչ եք անում գետի հետ, դուք վնասում եք գետի բնականոն աշխատանքը: Զարմացել եմ մեր հարեւանի նոտայից, որովհետեւ նրանք մտահոգվելու փոխարեն պետք է ուրախանային, նրանց տարածքներ ենք նվիրաբերում: Ամբողջ խնդիրն այն է, որ Արաքսը սահմանային գետ է, ու երբ Հայաստանի կողմից քանդում ենք, գետն իր հունը փոխում է, ու արդյունքում մեր տարածքները զիջում ենք Թուրքիային»: ՀՀ ԱԳՆ-ից էլ «Առավոտին» փոխանցեցին, որ վերջին ամիսներին Թուրքիայից հանդիմանության նոտա չեն ստացել: Տիկին Դանիելյանն էլ հավելեց. «Քանակն արդեն որակ է տվել: Գետահովտում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որ աչք փակել այլեւս հնարավոր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել