Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՅՇ Է ՊԵՏՔ ԼԻՆԵԼ

Ապրիլ 07,2011 00:00

Ընդամենը երեք օր առաջ տեղի ունեցավ հերթական ավիավթարը, այս անգամ՝ Կոնգոյում: Վթարվեց վրացական Airzena ավիաընկերության օդանավը՝ Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում՝ վայրէջքի պահին ուժեղ բախվելով թռիչքուղուն:
ՄԱԿ-ի աշխատակիցների եւ խաղաղապահների տեղափոխող օդանավի անձնակազմի 4 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին, իսկ անձնակազմի հրամանատարը եւ եւս մեկ անդամ հայեր էին՝ Ալեքսեյ Հովհաննիսյան եւ Ալբերտ Մանուկով:
Օդանավի աղետի արդյունքում զոհվել է 32 մարդ, փրկվել է միայն մեկը՝ լրագրող Ֆրենսիս Մվամբան, ով, ըստ «Ռոյթերս» գործակալության, հիվանդանոցում ինտենսիվ բուժում է ստանում:
Ավիավթարներն, անշուշտ, շատ ավելի հազվադեպ են լինում, քան ավտովթարները, սակայն միանգամից շատ ավելի մարդու կյանք են խլում: Ընդհանրապես, ավիացիոն գործը բարդ եւ նուրբ ոլորտ է, զուր չէ, որ օդաչուներին տարին մի քանի անգամ բժշկական եւ հոգեբանական ստուգման են ենթարկում՝ չէ՞ որ նրանք պատասխանատու են բազմաթիվ մարդկանց կյանքի համար: Եվ ամեն նման սարսափելի դեպքից հետո հասկանում ես, թե որքան փխրուն եւ զգայուն է այս ոլորտը, եւ որքան ուշադրություն ու հոգատարություն է պահանջում: Եվ այս տեսանկյունից, անշուշտ, այն բացասական մթնոլորտը, որ ժամանակ առ ժամանակ ձեւավորվում է մեր ազգային փոխադրողի շուրջ՝ վտանգավոր է: Վտանգավոր ու մտահոգիչ: Անիմաստ եւ չհիմնավորված, չարդարացված հարձակումները ոլորտի վրա անվերապահորեն անդրադառնում են նաեւ օդաչուների եւ ընդհանրապես ավիացիայի աշխատողների վրա: Իսկ նման լարված մթնոլորտում նրանք ավելի խոցելի են դառնում: Փաստորեն՝ նման անզգույշ արարքներով, անտեղի խոսակցություններով եւ չճշտված լուրերով ոմանք վնասում են ոչ միայն ավիաընկերության հեղինակությանը, այլեւ անուղղակիորեն վտանգի տակ են դնում ուղեւորների անվտանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել