Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՈՒՇ ԵՆ ՍԿՍԵԼ

Ապրիլ 07,2011 00:00

Սյունիքի մարզի Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում անասուններին արոտներ պետք է տեղափոխեն ապրիլի 10-ից, սակայն դեռեւս համապատասխան պատվաստումներ չեն արվել: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հրայր Հակոբյանի՝ պատվաստանյութերն այս տարի հանրապետություն ուշ են ներկրվել, ուշ բաշխվել ըստ մարզերի ու այս պահին միայն մանր եղջերավոր անասունների դաբաղի դեմ պատվաստման գործընթացն է ընթացքի մեջ: «Ընդամենը 4 օր առաջ ենք սկսել պատվաստումները մանր եղջերավորների շրջանում, մի քանի օրից էլ կսկսենք խոշոր եղջերավորների շրջանում դաբաղի դեմ պատվաստումները: Պետք է 60 տոկոսն արդեն պատվաստված լիներ, բայց դեռ նոր-նոր ենք սկսել: Ամեն դեպքում անասնաբուժական ծառայության հետ համատեղ պետք է հնարավորինս հասցնենք գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների հակահամաճարակային եւ բոլոր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել ժամանակին: Ուշացնելու դեպքում գյուղացիները անասուններին արոտավայրեր կտեղափոխեն առանց պատվաստման, որի հետեւանքով էլ հետագա վարակներից խուսափելն անհնար կլինի», – ասում է Հրայր Հակոբյանը:
Պետպատվերի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված բրուցելոզի, տուբերկուլյոզի, սիբիրախտի, դաբաղի, խոզերի դասական ժանտախտի եւ այլ հիվանդությունների համար: Անցած տարի Սյունիքի մարզում հավերի շրջանում մեծ տարածում գտած ժանտախտի հետեւանքով արձանագրված հազարավոր անկման դեպքերից հետո այս տարի հավերի ժանտախտի դեմ պատվաստումն էլ պետպատվերով կարվի: Մարզպետարանի տվյալներով՝ պետք է պատվաստվի 49 562 գլուխ խոշոր եղջերավոր, մոտ 70 հազար մանր եղջերավոր:
Սյունիքի բարձրադիր գոտիներում՝ Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջաններում արոտային շրջանը կսկսվի մի փոքր ուշ՝ ապրիլի վերջին եւ մայիսի սկզբներին:
Այս տարի Սյունիքի Գորայք գյուղում Համաշխարհային բանկի աջակցությամբ կիրականացվի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագիրը: Եկող տարի նույն ծրագիրը կմեկնարկի նաեւ Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Ծղուկ, Սառնակունք գյուղերում: Վեց համայնքների համար առանձնացվել են մոտ 38 հազար հեկտար հեռագնա եւ 25 հազար հեկտար գյուղամերձ արոտներ: Ըստ ծրագրի, համայնքներին տրվելու է գյուղտեխնիկա, նորոգվելու են հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները, գյուղերում ստեղծվելու են անասնաբուժական կենտրոններ, արոտ օգտագործողների կոոպերատիվներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930