Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական բժշկի տեղեկանքը

Ապրիլ 07,2011 00:00

Արձագանք՝ «ՀՀ ԳԱԱ ընտրությունների մասին» «Առավոտի»
եւ lragir.am-ի (02.04.11) հոդվածին

Տպավորություն է ստեղծվում, որ «Արամի (Շահինյան) վկաները» կամ խնամակալները, որոնք ցանկացած գնով ուզում են նրան նաեւ ակադեմիկոսի տիտղոսով տեսնել, որոշել են բացահայտվել: Քանի որ նախորդ՝ ակնհայտ սուտ ու կեղծիք պարունակող տեղեկանքը («Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու», Առավոտ, 09.02.2011) նախընտրել էին ներկայացնել խորհրդային տարիներին ընդունված անդեմ՝ «մի խումբ կոլեգաներ» տարբերակով: Առաջընթացն ակնհայտ է: Ինչեւէ, օգտվելով տիկին Բ. Կոզակ–Հարությունյանի տերմինաբանությունից (կարծում եմ, մնացած հեղինակները ներողամիտ կգտնվեն, քանի որ չեմ ճանաչում նրանց), կփորձեմ եւս մեկ անգամ պարզաբանել իմ դիրքորոշումը կամ «զգայական անհավասարակշռությունը»:
Ընդունում եմ, որ «նույնիսկ միջին մեծության գիտնական» չեմ: Չեմ վիճարկում նաեւ ընդդիմախոսիս կարծիքը՝ իր հովանավորյալ եւ առ այսօր ՀՀ ԳԱԱ ինքնակոչ ակադեմիկոս քարտուղար Ա. Շահինյանի մասին, որ նա «հարգված գիտնական է» կամ «համեստ, անաչառ ու հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող մարդ է»: Բայց դե, նմանատիպ բաժակաճառեր հիշեցնող ածականների շարանը, իմ խորին համոզմամբ, մասնագիտություն չէ: Մյուս կողմից, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի ընտրության պաշտոնական պայմանն էր, որ հավակնորդը պետք է «գիտությունը հարստացրած լիներ առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով»: Քանի որ Ձեր խնամակալության տիրույթում հայտնված «հարգված գիտնականը», ով ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից ապահովված բացահայտ սողանցքներով եւ ամեն գնով, ներառյալ թվաբանական անգրագիտությունը, ձգտում է տիրանալ քիմիա մասնագիտությամբ ակադեմիկոսի տիտղոսին, կարծում եմ, որ նույնիսկ ես՝ «միջին մեծության գիտնական» չհանդիսանալով հանդերձ, ինչպես եւ ՀՀ ցանկացած հարկատու, իրավունք ունեմ տեղեկացվելու նրա կողմից քիմիական գիտությունների բնագավառը հարստացրած «առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող աշխատանքներով», որոնք նաեւ ստացել են «միջազգային ճանաչում»: Իմ ունեցած տեղեկություններով, որը հիմնված է միջազգայնորեն ընդունված մասնագիտական տվյալների վրա, Ա. Շահինյանի «բեղմնավոր գիտական աշխատանքի» արդյունքները կապ չունեն քիմիայի հետ: Իսկ հիմա՝ իմ եւ իմ նմանների «զգայական անհավասարակշռության» մասին, որոնք քիմիա մասնագիտության գծով ակադեմիկոսի ընտրությունները բնութագրել են «կոռուպցիոն», իսկ ընտրությունների արդյունքում «ընտրված» ՀՀ ԳԱԱ ինքնակոչ ակադեմիկոս քարտուղար Ա. Շահինյանը՝ որպես դրա կրող: Նախ, ավելի բնութագրական բառ, քան «կոռուպցիոնը», դժվար է գտնել այդ ընտրություններին ուղեկցող երեւույթները բնութագրելու համար: Իհարկե, ակադեմիկոսի տիտղոսը առ ոչինչ է միջազգային գիտական հանրության շրջանակներում, որովհետեւ միջազգային գիտական հանրությունը այլ չափանիշներով է գնահատում գիտական արժանիքները: Բայց քանի որ ակադեմիկոսի տիտղոսը մեր իրականության պայմաններում տիտղոսակրին ցմահ ապահովում է նախ անաշխատ ամսական առձեռն 150 հազար դրամ, ինչպես նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ «ընդունելության քննության հանձնաժողովի անդամի» կարգավիճակ, ապա պարզ է դառնում տիտղոսակիր դառնալու ձգտման իրական դրդապատճառները: Եվ եթե արդեն գործը հասել է նրան, որ ակադեմիկոսի տիտղոսի համար ՀՀ ԳԱԱ ինքնակոչ ակադեմիկոս քարտուղարի «վկաները» մասնագիտական ձեռքբերումների փոխարեն հանրությանն են ներկայացնում տարաբնույթ «տեղեկանքներ», ապա անիմաստ եմ համարում խոսել «հարգված գիտնականի» բարեմասնությունները հաստատող «տեղեկանքների» մասին: Ավելին, չեմ կասկածում, որ անհրաժեշտության դեպքում «հարգված գիտնականը» իր «տեղեկանքների» հավաքածուն կարող է համալրել նաեւ «Ստալինգրադի ճակատամարտի» առնվազն մասնակցի, եթե ոչ հերոսի տեղեկանքով (քանի որ, հանգամանքների բերումով, տեղյակ եմ նաեւ նրա՝ ՀՀ նախագահի մրցանակին արժանանալու ինտրիգներին):
Եվ, վերջապես, շատ համառոտ՝ տիկին Բ. Կոզակ-Հարությունյանի պատմական էքսկուրսի մասին, որտեղ դեպքերի ժամանակագրությունը փոքր-ինչ խեղաթյուրված է: Այսպես, գիտության ոլորտի կառավարման պատասխանատվությունը իմ վրա է դրվել միայն 1994թ. կեսերից: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն «սկզբունքայնություն եւ համառություն ցուցաբերած ԿԳ նախարար Վ. Գնունու, փոխնախարար Ա. Շահինյանի եւ գիտության վարչության պետ Բ. Կոզակ–Հարությունյանին» վստահված գիտության կառավարման խնդիրները վերադարձվել էին էկոնոմիկայի նախարարություն: Միգուցե ընդդիմախոսս նշեր նաեւ այդ վերադարձի պատճառները: Չէ՞ որ նրանք բոլորը «անցյալ դարի 90-ական թվականների» ՀՀ իշխանական վերնախավի՝ ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի հովանավորյալներն էին: Շատերը դեռ կհիշեն անցյալ դարի 90-ական թվականների ՀՀ ԿԳ փոխնախարար Ա. Շահինյանի կողմից տեղին եւ անտեղի հնչեցվող խոսքերը. «Նախագահը խնդրել եւ հորդորել է իրեն վարել գիտությունը»: Եվ իրոք, նա իր թիմով հենց մեկ տարում հաջողացրել էր «վարել» գիտության ոլորտը: Իսկ «ցանքսը», նույնպիսի հաջողությամբ, նա իրականացրեց բուհական ընդունելության քննությունների ոլորտում, որի բերքատվությունը, ինչպես պարզվեց, կախված չէ եղանակային պայմաններից ու բերք է տալիս առ այսօր՝ ի դեմս «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» պետական նպատակային ծրագրի մսխած 100-ավոր միլիոններ միջոցների, հատկապես վերջին մի քանի տասնյակ միլիոն դրամի հասնող հատկացման, որը, կարծես թե, հաջողությամբ մարսվեց արդեն մեր այսօրվա իշխանությունների թողտվությամբ: Հաջողությամբ մարսվեցին նաեւ մեծն կոմբինատորի՝ ՀՀ ԳԱԱ ՄԿՈՒԿ-ի՝ բոլոր ցուցանիշներով լավագույն կազմակերպության վերացման եւ ՀՀ ԳԱԱ համակարգում վճարովի հիմունքներով մագիստրական կրթության կառույցի հիմնադրման նախաձեռնությունները: Իսկ ինչ վերաբերում է 1997թ. դեպքերին, ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախարար Ա. Պետրոսյանի «սկզբունքայնությանը», կառաջարկեի ընդդիմախոսներիս վերընթերցել իմ «Косметика сегодня – как мертвому припарки”, “Новое время”  07.09.2006 հոդվածը, որտեղ գրված է.  “Этот процесс затаптывания реформ был начат еще в 1997 г. посредством первых лиц министерства образования и науки, а именно тогдашним заминистром-ответственным за науку, а ныне академик-секретарем НАН РА, дважды доктором наук А. Шагиняном, конечно же, при согласии тогдашнего министра образования и науки, кандидата физ.-мат. наук А. Петросяна. Естественно, коррупционные явления не заставили себя долго ждать.”, որի համար պատրաստ եմ պատասխանատվություն կրել նույնիսկ այսօր եւ այն դատարանի առջեւ, որի դատավորը կլինի խիստ «անաչառ» Բ. Կոզակ-Հարությունյանը, իսկ դատախազը՝ հենց «հարգված գիտնականը», եթե նրանք որպես նախապայման ընդունեն, որ ութը՝ տասի երկու երրորդից պակաս չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել