Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՓՈՔՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

Ապրիլ 07,2011 00:00

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ գրադարանային առօրյայի եւ ոլորտի խնդիրների մասին

Խորհրդային տարիներին Ռուսաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայի հիմնադիր եւ Պուշկինի տան երկարամյա տնօրեն Դմիտրի Լիխաչովի նախաձեռնությամբ 1960-ականներից սկիզբ դրվեց Գրադարանի շաբաթի: Նման բովանդակությամբ, բայց տարբեր անվանումով՝ Մանկական գրքի, Գրքի եւ գրականության շաբաթները մեզանում առաջին անգամ կազմակերպվեցին 1970-ականներին: Անկախացումից հետո 10-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է Ազգային գրադարանային շաբաթ: Այս տարի այն կմեկնարկի ապրիլի 11-ին: Խորհրդային տարիներին գրքի քարոզչությունը եւ համապատասխան տոները իրենց իմաստն ու բովանդակությունն ունեին, քանի որ կար հստակ պետական քարոզչություն եւ ծրագրային մոտեցում: Վերջին շրջանում Գրադարանային շաբաթ կոչվող տոնը կորցրել է իր իմաստն ու բովանդակությունը, որովհետեւ, ի տարբերություն ամենուր իրենց դռները բացող պերճաշուք խանութների ու ռեստորանների, գրադարանների թիվը գնալով նվազում է: Չնայած այս տխուր պատկերին, այնուամենայնիվ, Գրադարանային շաբաթը ինչ-որ աշխուժություն առաջացնում է: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում են 10 մարզային, երեւանյան՝ 3 (Ազգային, Խնկո- Ապոր անվան եւ Երաժշտագիտական գրադարանները) եւ Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը՝ իր 7 մասնաճյուղերով, վարչական շրջաններում էլ կա շուրջ 20 գրադարան: Նշենք նաեւ, որ շուրջ 15 տարի ԱԺ-ում չարչրկվում է «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը եւ այս հարցը վերածվել է գրադարան-Ազգային ժողով-կառավարություն բերմուդյան եռանկյունու:
«Առավոտը» հանդիպեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ: Մեզ հետ զրույցում տնօրենը համակարծիք չէր, թե Ազգային գրադարանային շաբաթ կոչվող տոնը «գալոչկայի» համար է: Ըստ նրա, այս միջոցառման շնորհիվ խոշոր գրադարանները շաբաթվա ընթացքում անդրադառնում են ընթերցանության ու գրահրատարակչական խնդիրներին, այսպիսով հասարակության եւ պատկան մարմինների ուշադրությունը կրկին սեւեռելով գրադարանների հարցերին. դրանք մեկ-երկուսը չեն, այլ ամբողջ մի փաթեթ՝ գրադարանների վերանորոգում, գրականության պարբերական, մշտական համալրում, տեխնիկական վերազինում, գրադարաններին հատկացվող ֆինանսական փոքր միջոցներ, այդ ենթատեքստում՝ նաեւ գրադարանավարների աշխատավարձ եւ այլն: Տիկին Կարապետյանը փաստեց, որ ամեն օր իրենք ունենում են միջինը 800-1000 այցելու, տեխնիկական վերազինման եւ ֆոնդերի մշտական համալրման քաղաքականության եւ աշխատանքների գիտական կազմակերպման մակարդակով Ավ. Իսահակյանի անվան գրադարանը Հայաստանում եզակիներից է. «Գրադարանում գործում են ինտերնետ ծառայությունների անվճար մատուցում, լեզուների ուսուցման անվճար դասընթացներ, աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվում՝ այս տարվա սեպտեմբերից անցնելու ընթերցողների եւ գրադարանային այլ ծառայությունների էլեկտրոնային սպասարկման»: Հատուկ անդրադարձ եղավ գրադարանավարի չնչին աշխատավարձին: Այս առիթով էլ Հ. Կարապետյանն ասաց. «Հանրապետությունում գրադարանավարի աշխատավարձը տատանվում է՝ 32-35 հազար դրամ, եւ դա՝ անկախ գրադարանի հզորությունից, տեխնիկական վերազինումից, գրադարանավարի որակավորումից եւ կատարած աշխատանքի ծանրաբեռնվածությունից: Սա, կարծում եմ, առիթ է մտածելու՝ արդյո՞ք ժամանակը չէ, որ գրադարաններն իրենց կարեւորությամբ, նշանակությամբ եւ կատարած աշխատանքի ծավալներով դասակարգման սանդղակի բերվեն»:
2012թ. նշվելու է հայ առաջին գրքի տպագրության 500-ամյակը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ էլ Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս առիթով տիկին Կարապետյանն ասաց. «Հուսանք, որ մինչեւ տարեվերջ Երեւանը պատրաստ կլինի պատշաճ մակարդակով անցկացնելու 2012թ. հոբելյանները, իսկ գալիք տարին կդիմավորի՝ «Գրադարանների մասին» օրենքի նախագիծն ընդունած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930