Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՄԱՅՐՍ

Ապրիլ 08,2011 00:00

\"\"Ջավախքի, աշխարհից մոռացված, մեր Գոման գյուղում, մանկությանս տարիներին մայրս, մեր հին հազարաշեն օդայում, իրիկնահացի սեղանին բոլորիս դեմ հերթով դնելով մեր բաժին ուտելիքը՝ ինքը մեզ հետ երբեք չէր ուտում եւ սեղան չէր նստում: Նստում էր անկյունում եւ նայում էր, թե ինչպես ենք մենք՝ իր վեց զավակները եւ հայրս, վայելում օրվա հացը: Ձեռքերը ծալած, լամպի լույսի տակ, նայում էր մեզ եւ կիսաձայն, ոչ այն է հորդորելով, ոչ այն է խրատելով՝ ասում էր.

– Վաղը կմեծանաք ու կմտնեք ձեզ համար անճանաչելի աշխարհ: Եվ երբ ձեզ հարգելով սեղանի կհրավիրեն՝ մի՛ ելեք-նստեք վերեւում, վա՛րը նստեք: Եվ երբ հրավիրողները տեսնեն ձեր շնորհքը՝ իրենք կկանչեն ձեզ վերեւ:

– Գարուն է: Վաղը գնալու եք մեր արտը քարերից մաքրելու, հավաքած քարերը հարեւանի արտը մի՛ նետեք, որ չքարկոծվեք: Եվ ընդհանրապես քարի հետ զգույշ եղեք, քանի որ քարի մեջ արյուն կա:

– Կյանք է, կարող է ձեր ջահել, անփորձ ճանապարհին նեղը ընկնեք, հորդորում եմ՝ հարուստներից երբեք օգնություն չխնդրեք: Իրենք կառաջարկեն, երբ տեսնեն ձեր շնորհքը:

– Եվ կարող է լինել այնպես, որ նեղության մեջ ցանկանաք դիմել Աստծուն աղոթքով, եւ ձեր դիմաց եկեղեցի չլինի: Մի՛ նեղվեք, աղոթեք ծաղկած ծառին կամ քարին մամռած, քանի որ նրանք բոլորն էլ Աստծո ստեղծածներն են, ինչպես դուք, եւ բոլորի մեջ էլ Աստծո ներկայությունը կա: Եվ երբ վաղը ուժեղ կլինեք, այդ մամռած քարի վրա մատուռ կառուցեք, որ ուրիշներն աղոթեն:

– Ես իմ կյանքն ապրել եմ ցավիս հետ հաշտ ու օտար: Դուք իմ զավակներն եք, եւ ես գիտեմ, որ վաղը ճանապարհ ելնելով՝ հաստատ տեղ կհասնեք: Սակայն զգույշ եղեք մեծ քաղաքներից եւ այլազգերից: Եվ երբ մի օր ձիու վրա կհայտնվեք, խնդրում եմ, Աստծուն չմոռանաք, իսկ երբ ձիուց կիջնեք՝ ձիուն չմոռանաք:

– Եվ ձեր կյանքի ճանապարհին, որտեղ էլ որ հայտնվեք, խնդրում եմ, երբեք չմոռանաք, որ ձեր Արտաշես պապը ասում էր.

– Հայի ճակատը լայն՝ գիրը մանր, ո՞վ ժամանակ ունի կարդալու: Ու հիշե՛ք, որ ձեր ճակատի գիրը կարդացողն ու թարգմանը դուք եք լինելու:

Այսպես խոսում էր մայրս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել