Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական անցուդարձ

Ապրիլ 08,2011 00:00

Մի գրպանից վերցնում՝ մյուսն են դնում

Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումներից առավել տպավորիչ էր միջազգային համագործակցությանն առնչվող երկու որոշումները, որոնք հաջորդում էին միմյանց: Առաջինով՝ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշեց Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում։ Իսկ մյուս որոշումը ճիշտ հակառակն էր՝ Չինաստանն էր իր բարոյական պարտքը կատարում մեր առաջ(՞), ընդ որում՝ մեր խնդրանքով. ՀՀ կառավարության խնդրանքով ՉԺՀ կառավարությունը մեր երկրին տրամադրում է անհատույց օգնություն 40 մլն չինական յուանի չափով:

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը նպատակահարմար չէ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում էր կիսով չափ բարձրացնել նվազագույն աշխատավարձը, կառավարությունը երեկ մերժեց՝ համարելով, որ օրենքի այս նախագիծը բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն, ինչի հետեւանքով աճելու են բյուջեի պակասուրդը եւ պարտքը՝ հանգեցնելով ֆիսկալ անկայունության։

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մանրամասն ներկայացրեց իր մտահոգություններն այս կապակցությամբ, սակայն վարչապետին դա չբավարարեց, եւ նա պարոն նախարարին առաջարկեց՝ «հաշվի առնելով ՀՅԴ-ի հետ կառավարության կառուցողական երկխոսությունը»՝ ՀՅԴ խմբակցության պատգամավորներին հրավիրել ՀՀ ֆինանսների նախարարություն եւ ներկայացնել օրինագծի մերժման փաստարկները։

Գյուղացիական վարկերը սկսել են սուբսիդավորել

Ապրիլի 1-ից առեւտրային երեք բանկ՝ «ԱԳԲԱ կրեդիտ-ագրիկոլը», «Արդշինինվեստը» եւ «Կոնվերսը» սկսել են վարկավորել գյուղատնտեսության բնագավառը: Կառավարության սուբսիդավորման շնորհիվ մոտ 14%-ով տրվող այդ վարկերը գյուղացիներին կհասնեն 4-6%-ով պակաս տոկոսագումարով, այսինքն՝ այդ 4-6%-ը կառավարությունը հետո կփոխհատուցի գյուղացուն: Անշուշտ, դա անհամեմատ մատչելի է նախկինում տրվող 18-24%-ից: Բացի այդ՝ համաձայն պայմանավորվածության՝ գյուղացիները վարկը վերցնելուց հետո վեց ամիս չեն սպասարկելու ոչ մայր գումարը, ոչ տոկոսները, եւ միայն վեց ամիս հետո պիտի մարեն՝ մեկ տարվա ընթացքում:

Ինչպես մանրամասնեց ֆինանսների փոխնախարարը՝ բանկերը վարկավորելու են մոտ 14%-ով, այսինքն՝ չի բացառվում, որ որոշ դեպքերում դա լինի 12-13% կամ 15-16%: Սակայն կառավարությունը փոխհատուցելու է 4%-ը, իսկ 200 առավել աղքատ համայնքներում՝ 6%-ը:

Նշյալ բանկերը մոտավոր մոնիտորինգ են իրականացրել՝ պարզելու համար, թե ընդհանուր հաշվով որքան գումարի մասին է խոսքը, եւ պարզվել է, որ կառավարությունը պետք է տրամադրի 250 մլն դրամ՝ սուբսիդավորման համար. դա նշանակում է, որ բանկերը կտան մոտավորապես 6-10 մլրդ դրամի վարկեր:

Վարկերը լինելու են ոչ խոշոր՝ 2-3 մլն դրամի սահմաններում: Այս տարվա ընթացքում ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում գուցե այն շարունակվի նաեւ հետո: Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ եթե այդ արտոնյալ վարկերից օգտվելու ցանկություն հայտնողների քանակն ավելի շատ լինի, քան նախատեսված է, իրենք կառավարության պահուստային ֆոնդից էլ գումարներ կհատկացնեն:

Ի դեպ՝ գյուղատնտեսության ոլորտին առնչվող եւս մի քանի, այս անգամ՝ կադրային որոշումներ է ընդունել վարչապետը: Նրա որոշմամբ իրենց դիմումների համաձայն պաշտոններից ազատվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Ավետիսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Լեւոն Ռուխկյանը եւ նրանց փոխարեն նշանակվել են ՌՈԲԵՐՏ ՄԱԿԱՐյանը եւ Արմեն Պողոսյանը:

Քնարական զեղում

Կառավարության նիստին ներկա տիկնայք եւ աղջիկները բավականին զգացված էին, երբ նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեց Շիրազի հետեւյալ խոսքերով.

«Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,

Առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա…»:

Եվ անմիջապես անցավ պետական ծառայությունների որակին եւ կոռուպցիոն ռիսկերին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել