Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ՝ ԿԱՇԱՌԱԿԵ՞Ր

Ապրիլ 09,2011 00:00

Պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափի կաշառք վերցնելու ու խարդախություն կատարելու մեղադրանքով Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասի՝ Սլաբոդկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանի դեմ: Նշենք, որ տիկինը ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներից է, ով ոչ միայն հեռուստաընկերություններով մշտապես գովազդում էր ՀՀԿ-ն, այլ ընտրությունների ժամանակ ակտիվորեն պաշտպանում էր հարազատ կուսակցության պարագլուխներին: Տիկին Ամիրխանյանը մասնավորապես մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու ու ատեստատներ վաճառելու մեջ: Նա 300 եւ 500-ական դոլար «հախ» է վերցրել Կարինե Մելիքյանից եւ նրա դստերը՝ Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Մելինե Մելիքյանին, էքստեռն փոխադրական քննություններ հանձնելու միջոցով ընդունել է իր դպրոցի 11-րդ ավարտական դասարանը, այնուհետեւ նրա անվամբ կեղծ վկայական է սարքել, կոծկել է դպրոց չհաճախող աշակերտների անհարգելի բացակայությունները, Վրաստանի քաղաքացի Խաչատուր Թումասյանին, ինչպես նաեւ ամուսնացած Թամարա Վարդանյանին իր դպրոցի 11-րդ դասարանում ձեւակերպել է որպես աշակերտ ու ավարտական ատեստատներ տվել: Ջեմմա Ամիրխանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրօրենսգրքի 3 ծանր հոդվածներով՝ 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափի կաշառք վերցնելն է, որը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով, 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելն է, եւ 178 հոդվածի 1-ին մասով՝ խարդախություն կատարելն է: Հիշեցնենք, որ տիկինը մի քանի տարի առաջ Գյումրու քաղաքապետի կողմից արժանացել էր լավագույն տնօրենի կոչման: Մանրամասները՝ մեր հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել