Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԽԱԲՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ

Ապրիլ 09,2011 00:00

Հայրենիքը փողով չեն պաշտպանում,  բայց խոստումը պետք է կատարել

Բաղրամյանի զորավարժարանում վարժանքների մասնակցած մի շարք պահեստայիններ Էջմիածնի զինվորական կոմիսարիատի մոտ բողոքի ալիք էին բարձրացրել՝ դժգոհելով, որ իրենց վարժանքների են տարել կոնկրետ գումարի դիմաց, սակայն խաբել ու խոստացած փողի կեսն են տվել:
Նախատեսված 10 օրվա փոխարեն նախկին զինվորականները 7 օր են մասնակցել վարժանքներին: Հավաքին մասնակցելուց առաջ նրանց տեղեկացրել էին, որ զորավարժանքներին մասնակցող սպաները օրական 5000, իսկ շարքայինները՝ 3000 դրամ կստանան: Ծառայության ավարտից հետո, սակայն, նրանց խոստացած գումարի կեսն են տվել: Սպաների օրավարձը, ըստ վերջնահաշվարկի՝ 2100 դրամ է եղել, իսկ շարքայիններինը՝ 1200: Ինը հոգի էլ ընդհանրապես չի վարձատրվել:
Զորավարժանքներին մասնակցած 93 պահեստայիններ, որոնցից շատերը լավ ծառայության համար գլխավոր շտաբի պետից պատվոգրերի ու խրախուսական մրցանակների են արժանացել, հիմա իրենց խաբված են զգում:
Ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գուրգեն Էլիզբարյանը, որ աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, չվարձատրվածներից է. «Զորավարժանքների գնալուց առաջ ասացին, որ աշխատավարձս կպահպանվի, ծառայության դիմաց էլ օրական 5000 դրամ կստանամ: Բայց խաբեցին՝ չտվեցին: Պատճառաբանում են, թե պետական աշխատող եմ՝ չի հասնում»:
Իսկ պետական մեկ այլ հիմնարկությունում՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանմունքի աշխատողներից մեկին էլ 7 օրվա հաշվարկով, 35 000 դրամի փոխարեն, 14 952 դրամ են տվել ու ասել, թե աշխատավարձը կադաստրում ամբողջությամբ պահպանվում է, դրա համար քիչ են վճարում:
Ալիկ Առաքելյանն էլ գյուղում է ապրում: Թեեւ դժգոհ չի, որ հայրենիքի համար ծառայության է մեկնել գյուղատնտեսական ամենաեռուն շրջանում, ինչի արդյունքում հողի աշխատանքներից բավականին ետ է մնացել, բայց վիրավորված է, որ փորձել են իրենց հիմարեցնել: «Երբ իմացանք, որ ծառայության դիմաց վարձատրվելու ենք յոթ օր հետո վճարելու պայմանով, պարարտանյութի ու հողի աշխատանքների համար այլ ապրանքներ գնեցինք: Բայց վարձատրվելուց հետո հասկացանք, որ մեծ պարտքերի տակ ենք հայտնվել»,- զինակից-հողագործ ընկերների անունից ներկայացրեց Ալիկը:
Խոստացված 35 000-ի փոխարեն ավագ լեյտենանտ Արման Մխիթարյանը 14952 դրամ է ստացել: Նա էլ հողը վարող տրակտորիստին է խոստացել՝ պարտքը մարել զորավարժանքից վերադառնալուց հետո, բայց «ո՞նց մարեմ, փո՞ղ են տվել, որ պարտքս տամ»:
Պահեստայինների ասելով՝ տեղի ունեցածի մասին ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարությունում են տեղյակ, ե՛ւ զինկոմիսարիատում: Բայց թե կոնկրետ բողոքով ում դիմեն՝ չգիտեն: Սկսել են զորամասի հրամանատարից, նա էլ ասել է՝ դիմեք զինկոմին: Զինկոմիսարիատից էլ հրամանատարի մոտ տանող ճանապարհն են ցույց տվել: «Մենք էլ որոշեցինք նամակով դիմել ՀՀ նախագահին ու պաշտպանության նախարարին՝ տեղեկացնելու գլխներիս եկածը»,- ասաց լեյտենանտ Գեւորգ Հակոբյանը՝ 93 հոգու ստորագրությամբ նամակը ծրարի մեջ տեղադրելով:
Պահեստայինները որեւէ դժգոհություն չներկայացրին ծառայության ընթացքից: Ասացին, որ հայրենիքի համար միշտ էլ պատրաստ են ներդնել իրենց ուժերն ու հնարավորությունները: Միայն թե՝ նման երեւույթները հիասթափեցնում են եւ ստվեր գցում թե բանակի, թե երկրի պատվի ու արժանապատվության վրա: «Բոլորովին պետք չէր ծառայության դիմաց գումար տալու թեմայով խոսակցություն տարվեր: Փողը չէ, որ մեզ հայրենյաց պաշտպանությանը կմղեր: Սխալն այն էր, որ ի սկզբանե առեւտուր սկսվեց: Բայց եթե արդեն կոնկրետ թվեր են ասել, թող իրենց խոսքի տերը լինեն»,- ասաց Գուրգեն Էլիզբարյանը:
Պահեստային զինվորներն «Առավոտին» տեղեկացրին, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Արմավիրի մարզի քաղաքային եւ գյուղական համայքների ղեկավարներին ասվելու է, որ չվճարված գումարը տրամադրվի տեղական բյուջեներից:
Էջմիածնի զինկոմիսարիատում ոչ այն է հաստատեցին «փոխհատուցման» մասին տեղեկությունը, ոչ այն է՝ հերքեցին: Նրանց էլ էր անակնկալի բերել 93 պահեստայինների բողոքը: Այստեղ նույնիսկ ասացին, որ, իրենց տեղեկություններով՝ խոստացած 5000 եւ 3000 դրամների մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Համենայնդեպս՝ իրենք չեն լսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել