Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԿԱՆԱՆՑ

Ապրիլ 12,2011 00:00

\"\"Կոռուպցիայի դեմ պայքա՞ր, թե՞ կուսակցական խաղեր

Գյումրու առողջապահական ոլորտում ստուգումներ կատարելուց, Էնրիկո Մատեյի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրեն Տաթեւիկ Փանոսյանին խոշոր չափի յուրացումներ կատարելու մեղադրանքով կալանավորելուց ու «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ուղարկելուց հետո, ստուգումների հերթը հասավ կրթական ոլորտին: Ըստ Գյումրու դպրոցների տնօրենների, ԿԳ նախարարության կրթության տեսչությանը հատկապես հետաքրքրում են աշակերտների շարժը, փոխադրումները, ստուգում են դասամատյանները, ավարտական ատեստատները, հետաքրքրվում նաեւ, թե տվյալ դպրոցի որ աշակերտը որ բուհն է ընդունվել եւ այլն: Ամենայն հավանականությամբ, նման խիստ ստուգումների պատճառն այն է, որ օրերս փաստաթղթեր կեղծելու, էքստեռն կարգով փոխադրում կազմակերպելու, կաշառք վերցնելու ու ատեստատներ վաճառելու մեղադրանքով Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրու թիվ 1 դպրոցի տնօրեն Ջեմմա Ամիրխանյանի դեմ: Սակայն նշենք, որ տիկինը շարքային տնօրեն չէ, Հանրապետական կուսակցության Գյումրու կանանց խորհրդի նախագահն էր, որի աշխատանքը եւ որպես կուսակցականի, եւ որպես տնօրենի՝ տարիներ շարունակ գովաբանվել է, ընդ որում՝ ոչ միայն Գյումրիի մակարդակով, այլեւ՝ երկրի նախագահի: Նա արժանացել է «Լավագույն տնօրեն» կոչմանը, երկրի նախագահի կողմից պարգեւատրվելով հեռուստացույցով, այնուհետեւ նույն կոչմանն արժանացել է նաեւ Գյումրու քաղաքապետի կողմից: Թե ո՞րն է նրա դեմ քրեական գործ հարուցելու պատճառը, կուսակցականները հարցը քաղաքականացնում են՝ կարծիք հայտնելով, որ Հանրապետական կուսակցությունը, տեր չկանգնելով իր կուսակցության աչքի ընկնող անդամին, իմիտացիա է ստեղծում, թե երկրում լուրջ բարեփոխումներ է անում, կաշառակերության դեմ պայքար է մղում: Քրեական գործում մասնավորապես շարադրված է. «Ջեմմա Ամիրխանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2008-2009 ուստարում Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ավարտած Մելինե Հովհաննեսի Մելիքյանին, էքստեռն փոխադրական քննություններ հանձնելու միջոցով, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի 11-րդ ավարտական դասարան ընդունվելու համար, վերջինիս մորից՝ Կարինե Մելիքյանից իր աշխատասենյակում անձամբ ստացել է խոշոր չափի՝ 304 088 ՀՀ դրամին համարժեք 300 եւ 500-ական ԱՄՆ դոլար գումարներ»: Ըստ քրեական գործի, դպրոցի տնօրենը Ռազմիկ Հովհաննիսյանից ձեռք է բերել կեղծ վկայական, անձամբ կեղծել է՝ լրացնելով, որ աշակերտուհին 2008 թ. ավարտել է Երեւանի թիվ 131 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ու այն դրել է Մելինե Մելիքյանի անձնական գործում: Քրեական գործում նաեւ նշվում է, որ «խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ», տիկին Ամիրխանյանն այդ նույն աշակերտուհու մորից դարձյալ 100.000 դրամ կաշառք է «հափշտակել»՝ ասելով, թե իբր կրթության տեսչության աշխատակիցները դպրոցում ստուգումներ են իրականացնում եւ անհրաժեշտ է փակել Մելինեի անձնական գործում հայտնաբերված կեղծ կրթության վկայականի հարցը: Քրեական գործում խոսվում է այն մասին, որ Ջեմմա Ամիրխանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք «լավություններ է արել», մասնավորապես՝ աչք է փակել անհարգալից պատճառներով դպրոց չհաճախող աշակերտների բացակայությունների վրա, ամուսնության պատճառով ուսումը կիսատ թողած Թամարա Վարդանյանին իր մոտ ձեւակերպել է որպես 11-րդ դասարանի աշակերտուհի ու ավարտական վկայական տվել: Նույն կարգի «լավություն» արել է նաեւ Վրաստանի քաղաքացի Խաչատուր Թումասյանին: Քրեական գործում «շոշափվում» է նաեւ Ջ. Ամիրխանյանի որդու՝ Արմեն Հովսեփյանի անունը, որին ատեստատ տալու հարցով երբեմն դիմել են ընկերները: Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ջեմմա Ամիրխանյանից, սակայն մեզ փոխանցեցին, որ տիկինը վատառողջ է, եւ չի կարող պատասխանել մեր հարցերին: Մեղավո՞ր է վերջինս, թե՝ ոչ, շուտով կքննվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Հավելենք, որ հանրապետականները այս կնոջը զոհ տալուց հետո, 2 օր առաջ տեր դարձան մեկ այլ պաշտոնի՝ իտալական պոլիկլինիկայի կալանավորված տնօրենի փոխարեն այժմ պաշտոնի են նշանակել կուսակցության մեկ այլ ներկայացուցչի՝ Գագիկ Ադամյանին, ով լինելով ավագանու անդամ եւ ղեկավարելով Գյումրու ֆրանսիական դիսպանսերը, այդուհանդերձ՝ մասնագիտությամբ բժիշկ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել