Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ԵՔ ԹԱՔՑՐԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 12,2011 00:00

Երեկ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով ամբաստանյալ Արա Կարապետյանի պաշտպանական ճառի ունկնդրումը:
Արա Կարապետյանը ներկայացրեց քրգործում առկա հակասությունները, թեքվելով մեղադրողին՝ ասաց. «Դուք եք թաքցրել հանցագործությունը»: Նա ասաց, որ մեղադրողն իր ճառում գեղարվեստական արտահայտություններ է օգտագործել, ուշադրություն չդարձնելով, որ ցուցմունքները, մասնավորապես՝ Սուրեն Մելիքյանի, սկսվում են «ինչքան գիտեմ», «չեմ հիշում ումից վերցրեցի ավտոմեքենա» (խոսքն այն մասին էր, որ ամբաստանյալներից մեկը ցուցմունք էր տվել, թե գնացել է հանցագործության՝ չի հիշել, թե ումից է վերցրել մեքենան- Ռ. Մ.) բառակապակցություններով: Այս խմբին վերագրվել է ոսկու շուկայի թալանը: Մեղադրյալներից մեկը ցուցմունք էր տվել, թե մեքենան կանգնեցրել է «դալանում» ու այնտեղից էլ տեսել է խմբի անդամների գործողությունները: Արա Կարապետյանը դատարանին ներկայացրեց իր փաստաբանների կողմից արված լուսանկարները, տեղանքի նկարագրությունը: Պարզվեց, դալանը գտնել է 9 հարկանի շենքի ետեւում, ոսկու շուկայից 157 մետր հեռավորության վրա, որտեղից անհնար է որեւէ բան տեսնել:
Արա Կարապետյանն անդրադարձավ, իր իսկ բնորոշմամբ, «ողնաշարային վկայի»՝ Հարություն Ալեքսանյանի անձին: Այս վկան հայտնել էր, որ ծանր վիրահատություն է տարել, հիշողության հետ կապված խնդիրներ ունի:
Սակայն վկային չէին ստուգել՝ ճի՞շտ է ասում, թե՞ ոչ:
Դատարան բերված գրատախտակի վրա Ա. Կարապետյանը համադրեց ամբաստանյալներից շատերի ցուցմունքները, ցույց տալով նույն դրվագի հետ կապված հակասությունները: Մեկն ասել էր, թե տեսել է Արային, մեկը ցուցմունք էր տվել, թե այդ օրը Արային չի տեսել դեպքի վայրում ու քանի որ առերեսում չի եղել, Արա Կարապետյանն առաջարկեց, որպեսզի մեղադրողը դրվագ առ դրվագ պատասխան խոսքում ասի, թե որ ապացույցն է ընդունելու հիմք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել