Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ ԿԱՄ ՄԵԾ ՀԱՅՈՒՀԻՆ

Ապրիլ 12,2011 00:00

Ապագայի մեջ սեփական մասնակցությունը ունենալու մանկական հավատի հրամայականով

Ոգու կենսագործ եւ մեր ներկան կենդանականից զատող սահմանը փնտրելիս մենք ապաստան ենք գտնում մշակութային եղելությունների եւ դրանցում արձանացած հոգեկերպերի գրկում: Սակայն գլխավորը մշակութային տարատեսակության մեջ այն է, ինչ կհամարձակվենք անվանել լինելու մշակույթ: Անկախ նրանից, այդ ապաստանները կլինեն վանգոգյան կտավները, թե Բեթհովենի սիմֆոնիաները, նրանց մեջ փոթորկվում է այդ սրբազան լինելը, որը ուրվագծելով ստեղծագործողի անհատականությունը, վերամբարձում է այն մինչեւ ինքնուրույն արվեստ:
Լինելու մշակույթը, սակայն, ոչ միայն ինքն իրենով պայմանավորում է ու երանգավորում ողջ մարդկային մշակույթի առարկայացումը, այլեւ դրսեւորում է իրեն մեր առօրյա կյանքում: Վերջիվերջո, հենց այդ լինելն է, որ մենք փնտրում ենք ամենուրեք եւ գտնելուն պես ներքուստ հրճվում՝ հավատալով մեր լինելու անխորտակ կարողությանը: Հենց այդ լինելու մշակույթն է, որը այսօր մեզանում ճգնաժամի մեջ է, ասել է թե՝ սահմանափակվում է չսափրված դեմքով թզբեհ պտտացնող ու որտեղ պատահի թուխս նստող երիտասարդների կամ, եթե ուզում եք, ջահելների եւ պարսիկ մեծահարուստների հետ ամուսնանալ երազող աղջիկների գոյությամբ:
Այդպիսի մի թզբեհապաշտի մենք հանդիպեցինք քաղաքի աղբյուրներից մեկի կողքին՝ արեւածաղիկը բռի մեջ:
Սա շատ սովորական մի բան էր, բայց սովորական չէր այն, ինչ տեղի ունեցավ այդ ընթացքում: Այդ անճոռնուն մոտեցավ մի տասնմեկ տարեկան աղջիկ:
 – Հեռու՜ գնա այստեղից, սա ի՜մն է: Ամեն ինչ այստեղ իմն է, ոչ մի բան սրանից հետո չթափես փողոցներում:
Անճոռնին, իհարկե, զարմացավ, մատ թափ տվեց, բայցեւայնպես թողեց ու հեռացավ:
Չկարողացա անտարբեր անցնել մշակույթի այնպիսի դրսեւորման կողքով, որը այնչա՜փ պակասում է մեզ այսօր, այն էլ այն դեպքում, երբ նրա մարմնացումը ընդամենը փոքրիկ աղջնակ էր:
Բարեհամբույր ընդունելով իմ ծանոթությունը, նա ասաց, որ իր անունը Կատարինե է, որ տասնմեկ տարեկան է, ինչպես արդեն նշել էինք: Հետագա զրույցի ընթացքում նրա խոսացած ու պատմածից հետո միայն զարմանալ կարելի էր, թե ինչպե՞ս էին այդ փոքրիկի մեջ իրար հետ համահունչ զարգացել մանկական եռանդն ու կորովը ու միաժամանակ «Սասնա ծռեր» էպոսի եւ, ընդհանրապես, հայ գրականության իր տարիքի համեմատ փայլուն իմացությունը, լիարժեք ազատությունը, որը իր ծնողների կողմից ընձեռվում է նրան եւ այդ ազատության չափավոր օգտագործումը, որը ուղղորդված էր ապագայի մեջ սեփական մասնակցությունը ունենալու մանկական հավատի հրամայականով:
Մեր խոսակցության մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ Կատարինեն իր խոսելու արագությամբ եռակի գերազանցելով իմ՝ նրա խոսակցի հասկանալու եւ լսածը ըմբռնելու ունակության արագությունը, մի պահ ասաց. Է՜, ափսո՜ս, ոչ մի մեծ բան չի լինում, ոչ պատերազմ, ոչ… չգիտեմ ինչ: Երանի չէ՞ր այն մարդկանց, որոնք ճակատագրական պատերազմների էին ներկա եղել:
Ուրեմն ի՞նչ, կարո՞ղ է դեռեւս վերածնվել մեր ազգը իր այս մշակութային փոշիացումից, կարո՞ղ է վերագտնել իր լինելու մշակույթը՝ այն, ինչ թվում է գերեզմանվել է անցյալի հողերում ու իր բացակայությամբ գլորում է մեզ դեպի մահվան անդունդը: Անկախ ամեն ինչից, երբ հանդիպում ես Կատարինեի նման երեխաների, ոչ միայն ուզում ես հավատալ, այլեւ այո՛, հավատում ես, որ սեւավորված ու բերանը ծռելով խոսացող կամ պարսիկի անկողնում հայտնվել երազող երիտասարդությունը վերացող տեսակ է ու կանցնի- կգնա, առանց պատնեշելու հայ ազգի ստեղծագործ վերածնունդը: Եվ, եթե ուզում եք իմանալ, ո՛չ միայն կանցնի- կգնա, այլեւ, կզոհաբերվի, մատաղ կլինի, սրի կքաշվի հանուն Կատարինեի ու նրա նման հայերի ու հայուհիների, ովքեր ծարավ են վաղվա կայացման մեջ մասնակից լինելուն, ում սրտում հասունանում է այն ստեղծագործ վրեժը, որը մեր մեջ սերմանել են մեր ազգի շարունակական պարտությունները, որ այսօր էլ ցավալիորեն շարունակվում են մեր իսկ ձեռքերով, մեր իսկ անտարբերությամբ առ անցյալը, որը յուրաքանչյուրիս ներկայության հավաստիքն է, եւ առ այն ներկան, որի վերափոխումը կոչված է իմաստավորելու մեր գոյությունը:
Ահա, սա է լինելու մշակույթը, երբ տեր ու պատասխանատու ես այն ամենի համար, ինչը իրոք քեզ է պատկանում, ինչը հենց դու ես: Լինի դա մայթի վրա ցցված սառնորակ աղբյուր, թե մշակութային հազարամյա ժառանգություն, թույլ ես եւ գոյության անարժան, երբ չես կարող տիրոջ կարգավիճակով թեւերդ իշխանական տարածել նրանց վրա, իսկ թույլերը վաղ թե ուշ անհիշատակ փռելու են իրենց դիակները քամիների առաջ: Կծնի՞ մեր ազգը Կատարինեի հոգու պես բոցկլտացող հոգիներ ունեցող մի սերունդ՝ նոր կյանք ու նոր ուժականություն կստանա քսանմեկերորդ դարի հայ մարդը: Կշարունակի՞ այսօրվա եսապաշտը իր գավազանով հարվածներ տեղալ նաեւ այդ նոր սերնդի գլխին՝ ուրեմն, վա՜յ քեզ, հայ ժողովուրդ, վախճանդ մոտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել