Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմին շատ է հավանել

Ապրիլ 12,2011 00:00

«Boom-Boom»-ի տեսահոլովակն արդեն պատրաստ է

Արդեն մի քանի օր է, տարբեր հեռուստաեթերներով պտտվում է Էմմիի եվրատեսիլյան «Boom-Boom» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կայացավ օրերս: «Apricota»-ի հեղինակած «Boom-Boom» երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է: Տեսահոլովակի գլխավոր հերոսը հայ անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է:
Հոլովակի շնորհանդեսին Էմմին ֆիզիկապես ներկա չէր: Բայց նրա ներկայությունը ապահովվեց «Skype»-ով հաստատված կապի միջոցով: Ինչպես նա նշեց, այդ պահին պրոմո-տուրի շրջանակներում գտնվում էր Հոլանդիայում՝ «Եվրատեսիլ 2011» հայաստանյան պատվիրակության հետ, որտեղ Ամստերդամ քաղաքում մրցույթի մյուս երկրների ներկայացուցիչների հետ պետք է համերգ տար:
Ռեժիսորի խոսքով, տեսահոլովակը երկու հայտնի մարդկանց մասին է, որոնք ապրում են եվրոպական քաղաքում, հանդիպում են, կռվում, վիճում, տարբեր իրավիճակներում հայտնվում:
Ներկայացնելով տեսահոլովակը, Էմմին իր հերթին ասաց. «Այն ինձ շատ հոգեհարազատ է: Հասցրել եմ տեսնել տեսահոլովակը, շատ է դուր եկել: Իրականում այն հավանել էի դեռ այն ժամանակ, երբ սկսեցինք նկարահանումները: Եթե գեղեցիկ նկարահանումներ են լինում, նշանակում է, բնականաբար, արդյունքը լավ է լինելու: Այն պատմում է մի աղջկա սիրո պատմության մասին. աղջիկը սիրում է մի տղայի, ով խիստ զբաղված է իր սպորտով: Բացի բոքսից, ռինգից, իր խաղերից, նրան ոչինչ չի հետաքրքրում, իսկ աղջիկը շատ ծանր է տանում այդ փաստը եւ տղային, ի վերջո, կանչում ռինգ, բայց այս անգամ՝ սիրո ռինգ»:
«Boom-Boom»-ի ռեժիսորի խոսքերով, տեսահոլովակը բոքսի մոտիվներով նկարահանելու գաղափարը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որի շուրջ էլ կառուցվել է սցենարը:
Տեսահոլովակում կա մի կադր, որտեղ Էմմին բռունցքով ուժգին հարվածում է Արթուրին: Շա՞տ է ցավեցրել Էմմիի բռունցքով հարվածը բռնցքամարտիկին, թե՝ ոչ, ռեժիսորը լրագրողների հետաքրքրասիրությունը չբավարարեց, միայն ասաց՝ «նկարահանումները շատ լավ են անցել»: Նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Գերմանիայում: Հ. Երիցկինյանն էլ հավելեց. «Պարային մասը Հայաստանում ենք նկարել, մնացածը՝ Գերմանիայում: Երգը շատ լավն է, սա զգացվում էր դեռ նկարահանումների ժամանակից. այն վիրուսի պես տարածվում էր նկարահանման բոլոր վայրերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել