Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Ապրիլ 14,2011 00:00

Եվ հերքեց իր հրաժարականի մասին լուրերը

\"\"

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ի վերջո դարձավ հրապարակային ու հասանելի եւ, ԱԺ նիստից հետո կանգնելով ԶԼՄ-ների առաջ, պատասխանեց բոլոր հնարավոր եւ անհնարին հարցերին: Եվ ճիշտ արեց, հակառակ դեպքում մենք՝ լրագրողներս, այդպես էլ չէինք իմանա, որ կովը մաքուր ձեռքերով կթելու մասին արդեն թեւավոր դարձած արտահայտությունը ոչ թե մեր երկրի վարչապետինն է, այլ Համաշխարհային բանկի ներկայացուցիչը:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Երբ բոլոր տեսախցիկները դիրքավորվել էին, եւ միացվել էին ձայնագրիչները, վարչապետը արդեն պատասխանում էր հարցերին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դահլիճից դուրս գալով՝ անակնկալի եկավ եւ ինքնաբուխ բացականչեց. «Հին, բարի ժամանակների նման», նկատի ուներ այն, որ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր այդպես զրուցում լրագրողների հետ: ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին նկատեց, թե Հանրապետականի բոլոր վարչապետներն են այսպես հասանելի եւ շփվող: Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանի «բեմելը» կարգին աժիոտաժ էր առաջացրել: «Առավոտը» երկու հարց ուղղեց վարչապետին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է այս կարգի հանդիպումները դարձնել հաճախակի եւ այլեւս չի՞ խուսափելու լրագրողներից, վարչապետը ժպտաց եւ խոստացավ, որ հաճախակի է շփվելու չորրորդ իշխանության հետ: Մեր հաջորդ հարցը կովերը կթելու թեմային էր վերաբերում՝ մի՞թե վարչապետը տեղյակ է, թե ինչպես են կով կթում եւ դեռ գյուղացիներին էլ խորհուրդ էր տալիս, թե հարկավոր էր կթել մաքուր լվացված ձեռքերով: Այս հարցը եւս ժպիտով ընդունվեց, եւ պատասխանը բացահայտում եղավ, պարզվեց հետեւյալը. «Ասեմ, որ ես այդպիսի հայտարարություն չեմ արել, որոշ լրատվամիջոցների կողմից այդպես ներկայացվեց: Այդ հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀԲ-ի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրեցին մեր դատին, եւ ես ընդամենը մասնագետների այդ կարծիքը փոխանցեցի դահլիճում նստած գյուղացիներին, հարցնելով՝ արդյոք ՀԲ-ի փորձագետների բացահայտած խնդիրը առկա՞ է մեր գյուղում: Եվ նրանք ասացին, որ այդպիսի պրոբլեմ Հայաստանում կա: Պետք չի ինձ վերագրել ՀԲ փորձագետների մեկնաբանությունները, բայց քանի որ լրատվական միջոցներում գերիշխում էին գարնանային տրամադրությունները, մեկնաբանություններն էլ այդպիսին էին, եւ դա լրագրողների խղճին պետք է թողնել»:
Ի պատասխան՝ ըստ որոշ գնահատականների, կառավարության սկսած բարեփոխումները արդյունավետ չեն լինում, քանի որ վարչապետը թույլ է, վարչապետն ասաց. «Եթե վարչապետը թույլ է, իմա՞ստ ունի այդ թույլ վարչապետի վրա այդքան միջոցներ ծախսել, որոշ լրատվամիջոցներով այսպիսի լայնամասշտաբ հարձակում սկսել: Սա ցույց է տալիս ոչ թե թուլությունը, այլ՝ թե ով է կանգնած նրանց քննադատության կենտրոնում, եւ դա ամենեւին մեզ չի կաշկանդում, հակառակը՝ այդ քննադատությունը մեզ ուժեղացնում է, մանավանդ, մենք գիտենք՝ ովքեր են այդ մարդիկ, ինչ նպատակ են հետապնդում եւ այլն»: Հարց հնչեց հավանական հրաժարականի եւ այն մասին, որ վարչապետ պետք է դառնա Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հիշեցրեց, որ Անդրանիկ Մարգարյանի օրոք եւս շարունակ խոսվում էր վարչապետի հրաժարականի մասին. «Ոչ մի վարչապետ չի խուսափել այդպիսի հարձակումներից, դրանց պետք է շատ հանգիստ վերաբերվենք, որովհետեւ գործադիր իշխանության ղեկավարը միշտ էլ գտնվում է ուշադրության կենտրոնում»: Իսկ կատակով ասաց. «Հենց նոր Հովիկ Աբրահամյանին ես դիմեցի այդ առաջարկով, ասացի՝ այ «168 ժամը» գեղեցիկ նկարներ էր դրել… նա եւս մեկ անգամ հրաժարվեց»:
Լրագրողներից մեկը՝ հիշեցնելով ԱԺ նախագահի մի հայտարարությունն այն մասին, որ տնտեսության վատ վիճակի պատճառը միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր, ուզեց իմանալ վարչապետի վերաբերմունքն այս հայտարարությանը: Իսկ վարչապետը ահա թե ինչ ասաց. «Ես կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը բացարձակապես ճիշտ է, կան նաեւ այլ պրոբլեմներ, բացի համաշխարհային ճգնաժամից: Օրինակ, այն դիմադրությունը եւ դիմադրողականությունը ռեֆորմների, որ առկա է ՀՀ-ում: Վերջերս մենք բավական վճռական քայլեր ենք ձեռնարկում շուկաների կարգավորման դաշտում, մենաշնորհների, օլիգոպոլիաների վերացման գործում, եւ դուք էլ տեսնում եք, որ մեծ դիմադրություն կա: Եվ կարծում եմ՝ այդ դիմադրողներին եւ այդ դիմադրողականությունը գնահատելու կարողությանը լավ տիրապետում են լրատվամիջոցները, եւ մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը»: Ըստ վարչապետի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ առկա են դրական միտումներ, եւ «մեր պարտքն է պահպանել այդ դրական միտումները մինչեւ տարվա վերջ»: Վարչապետը նաեւ հայտարարեց. «Իհարկե, մեր թիմում էլ կան մարդիկ, որոնք քննադատում են կառավարությանը, ինչպես նաեւ ընդդիմության շարքերում էլ կան մարդիկ, որոնք մեզ աջակցում են, եւ դա բնական գործընթաց է, ոչ մի տարօրինակ բան այդտեղ չեմ տեսնում: Դա եղել է եւ մեզանից առաջ, կլինի նաեւ մեզանից հետո, որովհետեւ այս կամ այն քաղաքական կուսակցությանը պատկանելը չի նշանակում, որ անպայման պետք է իրենց կառավարության բոլոր քայլերը ողջունեն, ամբողջ աշխարհում էլ այդպես է: Կուսակցությունների ներսում լինում են տարբեր տեսակետներ, երբեմն այդ տեսակետները դառնում են հանրության քննարկման առարկա, եւ սա նորմալ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել