Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆՆ ԱՎԵԼԻ Է ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ

Ապրիլ 14,2011 00:00

Մեր երկրի բենզինի շուկայում «կարգավորումնե՞ր» են արվում

\"\"

Միջազգային շուկայում վերջին 3 ամիսների ընթացքում բենզինի գինը մոտ 30%-ով թանկացել է, ինչի հետեւանքով Հայաստանում այս վառելիքի 1 լիտրի գինը դարձել է 430 դրամ: Բենզինի հնարավոր թանկացման մասին մասնագետներն ահազանգում էին դեռ տարեսկզբին, երբ այս վառելիքի 1 լիտրի գինը դարձել էր 390 դրամ: Բենզալցակայաններում աննախադեպ թանկացումներ չարձանագրելու, մեծ քանակությամբ բենզին վաճառելու եւ այս շուկայում գին թելադրելու համար բենզինի շուկայում առաջատար ներկրող «CPS» ընկերությունը, մեր տեղեկություններով, իր բենզալցակայաններում շահույթի հաշվին պահպանում է 1 լիտրի համար 430 դրամը, ինչպես նաեւ հորդորում մնացած «ոչ ֆիրմային» բենզալցակայաններին, որոնց նա վառելիք է մատակարարում, նույնպես այդ գնով բենզին վաճառել: Ինչքան էլ բենզինով մեքենա վարողներին այս հանգամանքն ուրախացնում է, սակայն բենզինի շուկայի մնացած ներկրողների համար բավականին խնդիրներ է ստեղծում. նրանք էլ են ստիպված լինում էժան գնով բենզին վաճառել, այն դեպքում, երբ այդ բենզինը թանկ գնով են ձեռք բերել: Բենզին ներկրող կազմակերպությունների բենզալցակայաններից բացի, վնասներ են կրում նաեւ տեղում բենզինի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունները: Նրանք էլ են ստիպված այս վառելիքն էժան վաճառել, որպեսզի դիմանան այսպիսի մրցակցությանը: Այսպիսի բենզալցակայաններից մեկի տնօրենը, որ չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում նշեց, որ սա իսկական տեռոր է իրենց նման կազմակերպությունների դեմ, քանի որ այժմյան պայմաններում 20 լիտր բենզին վաճառելով՝ իրենք վաստակում են ընդամենը 170 դրամ. «Օրական մենք, լինում է, որ այդ 20 լիտրն էլ չենք վաճառում, իսկ եթե անգամ հաշվարկենք, որ օրը 20 լիտր բենզին ենք վաճառել, ապա մեր ամսական շահույթը կկազմի 5100 դրամ, այդտեղից մենք դեռ պետք է աշխատավարձ տանք, հարկերը վճարենք, ինչպես նաեւ ինչ-որ քանակության բենզին գնենք, որպեսզի վերավաճառենք: 5100 դրամով ո՞ր մեկն անենք, դա չի բավականացնի անգամ մեկ հոգու աշխատավարձ տալու համար: Այս պայմաններում ավելի լավ է չաշխատենք: Մեզ նման կազմակերպությունները կփակվեն: Շուկայում արդեն առաջատար դիրքերում եղողներն էլ առավել առաջ կգնան»:
Ճի՞շտ է արդյոք այն, որ «CPS»-ն սկսել է բենզինի շուկայում գին թելադրել՝ հարցին հիշյալ ընկերության տնօրեն Արթուր Դանիելյանը որոշեց չպատասխանել՝ ասելով. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»: Միաժամանակ նա շտապեց հավաստիացնել, որ իրենց ընկերությունը որեւէ այլ բենզալցակայանի բենզին չի մատակարարում, այլ իրենց բենզինը «ցրում» է իր ցանցի ներսում: Հարցին էլ, թե ինչքա՞ն է իրենց ընկերության բենզինի գինը բարձրացել վերջին 3 ամիսների ընթացքում, պարոն Դանիելյանը պատասխանեց. «Մենք նման հաշվարկ չենք արել»:
Մենք այս շուկայում մեծածախ առեւտրով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունից էլ փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է, արդյոք, նման կերպ բենզինի շուկայում գին թելադրել, եւ ի՞նչ հետեւանքներ դա կարող է ունենալ: Ընկերության մարկետինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի խոսքերով. «Ո՞վ կարող է այդպես գին թելադրել: Ոչ ոք էլ չի կարող: Մենք տալիս ենք որոշակի գնով, թող տանողը տանի, ասենք, 1000 դրամով 1 լիտրը վաճառի: Բիզնեսի օրենքներին դեմ կլինի»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է բենզինի գնի աննախադեպ բարձրացման դեպքում միջամտություն լինի պետության կողմից, եւ այս շուկայում գործի ստանդարտ գին, պարոն Էլչյանը պատասխանեց. «Միջազգային շուկայում է բենզինի գինը բարձրացել, պետության կողմից դա չի կարող կարգավորվել: Կարող է վերահսկողություն լինել, եթե, ասենք, էժան է բենզինը ձեռք բերվել, սակայն վաճառվում է բարձր գնով»: Նա ասաց, որ չնայած միջազգային շուկայում բենզինի գինը բարձրացել է 30%-ով, Հայաստանում դեռ միայն 10,3%-ով է բարձրացել. «Եթե բարձր գնով ներկրենք, ինչպե՞ս կարող ենք էժան վաճառել: Մենք այդ թանկ բենզինից էլ ենք բերել, դեռ չենք վաճառել, բայց եթե արդեն սկսենք վաճառել, 1 լիտր բենզինի գինը կբարձրանա եւս 20 դրամով, առնվազն: Նշեմ, որ անցած 2 օրվա ընթացքում արդեն բենզինի գնի իջեցում է նկատվում միջազգային շուկայում»:
Նշենք, որ բենզինի գործ անողների գրպանին է հարվածում նաեւ այն, որ Հայաստանում դոլարի գինը գնալով բարձրանում է, իսկ աշխարհի գրեթե բոլոր երկրներում բենզինի գինը ձեւավորվում է դոլարով: Վերջին մի քանի օրերին Հայաստանում դոլարի գինը բավականին բարձրացել է՝ 377-378, այնինչ միջազգային շուկաներում դոլարն անհուսալիորեն պարտվում է եվրոյի հետ մրցակցությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել