Լրահոս
Օրվա լրահոսը

Անլուրջ կադրային քաղաքականությո՞ւն

Ապրիլ 14,2011 00:00

Բաց նամակ՝ Արամ Շահինյանին կողմ քվեարկած ակադեմիկոսներին

Բոլոր դեպքերում հաղթողին շնորհավորում են ու ես նույնպես կուզենայի շնորհավորել Արամ Շահինյանին՝ քիմիկոս – ակադեմիկոս դառնալու համար: Բայց ուզում եմ նաեւ մխիթարական խոսքեր ասել պարտվողներին, որոնք, ըստ իս, նրան ձայն տվող ակադեմիկոսներ են: Դուք պարտություն եք կրել ճշմարտության առջեւ: Իսկ ճշմարտությունը հետեւյալն է՝ Արամ Շահինյանը երբեք քիմիկոս չի եղել եւ չէր էլ կարող դառնալ: Իմ այս ասածս ապացուցող շատ փաստեր կան, բայց ես կբերեմ միայն մեկը՝ քիմիական մասնագիտական խորհուրդների կողմից մերժվելուց հետո, միայն իր նախկին ղեկավար՝ Ենիկոլոպովի ղեկավարած մասնագիտական խորհրդում կարողացավ դառնալ քիմիական գիտությունների դոկտոր: Հետո ուղղեց իր սխալը եւ նույն աշխատանքը Ալպիկ Մկրտչյանի ղեկավարած խորհրդում պաշտպանեց ֆիզիկա մասնագիտությամբ: Վերջերս «Առավոտում» Արամ Շահինյանին, որպես գիտնական, գովաբանում էին ՀՀ ներքին գործերի նախկին փոխնախարարը, մարդկությանը անհայտ մի ֆիզիկոս եւ նրանց հարող մի քիմիկոս: Իմ խորհուրդը նրանց հետեւյալն է՝ խելոք մնացեք: Ոչ ոք չի խոսում Արամ Շահինյանի աշխատանքների լավ ու վատի մասին կամ նրա գիտական ձեռքբերումների ու զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի մասին: Ձեր շինծու, կոմերիտական գովաբանությունը առ ոչինչ է ակադեմիկոս Անրի Ներսիսյանի եւ ակադեմիայի կազմում Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման հոյակապ կենտրոն հիմնադրած ֆիզիկոս Հարություն Կարապետյանի փաստարկների դիմաց: Այդ փաստարկները պահանջում են չեղյալ հայտարարել քիմիա մասնագիտությամբ կատարված ակադեմիկոսի ընտրությունները: Կատարված նախընտրական խեղաթյուրումները այնքան լուրջ են, որ, անկախ պատճառներից, արդարացում չունեն:
 Մոտիկից, շատ մոտիկից, ծանոթ եմ Արամ Շահինյանի գիտական աշխատանքներին: Բայց օրաթերթը այն տեղը չի, որ դրա մասին խոսվի: Օրաթերթը նաեւ այն տեղը չի, որ ասվի, թե ՀՀ նախագահը Արամ Շահինյանին խնդրել է ղեկավարել գիտությունը Հայաստանում: Երբեք չեմ կարող հավատալ, որ Հանրապետության առաջին նախագահը այդքան անլուրջ կադրային քաղաքականություն կարող էր վարել: Եթե դա իրականություն է եղել, ապա թող Լեւոն Տեր-Պետրոսյանը իր միտինգներից մեկում բացատրություն տա այսօր, թէ ինչ հիմքերով էր նա մի լրիվ անփորձ եւ գիտությանը դեռեւս անհայտ մարդու նման հանձնարարություն տալիս: Այս պատմությունը հիշեցնում է այն դեպքը, որ Լենինը բանկի կառավարիչ էր նշանակում մի երիտասարդ նավաստու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել