Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական հայցերով կպչել Ադրբեջանի գրպանին

Ապրիլ 14,2011 00:00

Առաջարկում է հուշարձանագետ  Սամվել Կարապետյանը

«Հայկական հուշարձանները Ադրբեջանում ոչնչացվել են խորհրդային տարիներին, արցախյան ազատամարտի ընթացքում եւ շարունակում են ոչնչացվել այսօր: Ադրբեջան պետության կեցվածքը հայկական հուշարձանների նկատմամբ բացահայտ թշնամական է, իրենց համար նշանակություն չունի այն, որ ոչնչացնում են սեփական ազգի պատմությունից քսանապատիկ վաղեմության հուշարձանները»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Վարձք» ամսագիրը, նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նոր համարում ներկայացվում է հայկական պատմական հուշարձանների վիճակն Ադրբեջանում: Աղվանական պիտակավորված հայկական հուշարձանների աննախադեպ եւ համատարած ոչնչացման գործընթացը սկիզբ է առել Ադրբեջանի անկախացումից սկսած: Քանի որ հայերը այսօր հնարավորություն չունեն մուտք գործել Ադրբեջան, ամսագրում օգտագործված լուսանկարների մեծ մասի հեղինակները հայեր չեն, որոշ հուշարձաններ չի հաջողվել լուսանկարել եւ հեղինակներին օգնել է «Google earth»-ը: Օրինակ, Հյուսիսային Արցախի Խաչակապ գյուղի մոտ գտնվող Թարգմանչաց վանքի հին լուսանկարում տեսնում ենք, որ համալիրի կազմի մեջ 2 գմբեթավոր շինություն կա: Տիեզերքից արված լուսանկարից պարզ երեւում է, որ վանքի զանգակատունն այլեւս գոյություն չունի: «Ներկայացվածը հավանաբար մի փշուր է, որովհետեւ շատ հուշարձանների լուսանկար չունենք…»,- նկատեց հուշարձանագետը: Ս. Կարապետյանի փոխանցմամբ, 70-ականների վերջերին արդեն եղել են տեղեկություններ, որ որոշ հուշարձաններ ավերված են, որոշներն էլ՝ ավերման ընթացքի մեջ են. «Խորհրդային տարիներից հայկական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող կեցվածքը որպես պետական մոտեցում՝ ակնառու էր: Այդ տարիներին հայկական հուշարձանների ոչնչացումը ավելի ծպտյալ ձեւով էր իրականացվում: Մինչեւ արցախյան ազատամարտի սկիզբ, նյութական մշակույթի հուշարձանների իմաստով ունեինք նշանակալի կորուստներ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ազատամարտից հետո՝ աննախադեպ էր: 1960-ականների սկզբներից ադրբեջանցիները հորինեցին մի պատմական թեզ՝ իրենց ծագման առնչությամբ, թե իբր Ադրբեջանի տարածքի քրիստոնեական հուշարձանները ոչ թե հայկական են, այլ աղվանական»: Հուշարձանագետի խոսքով, Ադրբեջանը հիմնականում քանդել էր տվել գերեզմանոցները, պայթեցրել եկեղեցիները, ոչնչացրել քրիստոնեական շերտը՝ խաչքարերով գերեզմանոցները, վանքերը, մատուռները, եկեղեցիները, այն, ինչ շեշտում էր հայկականությունը: Ըստ նրա, եզակի դեպքեր կան, որ եկեղեցիները չեն քանդել, այլ հարմարեցրել եւ օգտագործել են որեւէ նշանակության համար: Նման պարագաներում ադրբեջանցիները բավարարվել են միայն հուշարձանների վրայից հանելով կամ քերելով հայերեն արձանագրությունները: Այդ ճակատագրին է արժանացել, օրինակ, Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որն այժմ օգտագործվում է որպես Կամերային երաժշտության դահլիճ:
Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես բացել եւ հրավիրել մեր երկրում գտնվող բոլոր դեսպաններին ու բարձրաստիճան պաշտոնյաների. «Ադրբեջանի հետ պատերազմն այսօր քարոզչական է, եւ այստեղ ահռելի աշխատանք ունենք անելու»: Հուշարձանագետը հույս ունի, որ մի օր ամեն մի վնասված հուշարձանի համար Հայաստանը դատական հայցերով կհեղեղի միջազգային ատյանները. «Մենք իրավաբանի, փաստաբանի պակաս չունենք, բայց նրանք այս գործին չեն լծված: Սա արտաքին գործերի, մշակույթի, պաշտպանության նախարարությունների գործն է, որովհետեւ, եթե մշակույթդ վերացնում են, արդեն ազգային անվտանգության հարց է: Պետք է դատական հայցեր պատրաստելով՝ կպչել Ադրբեջանի գրպանին»:
Նրա խոսքով, պետական մակարդակով դատական հայցեր մինչ այժմ չեն եղել, իսկ Ջուղայի «մասով» Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը մասնավոր հայցով երեք տարի առաջ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ հուշարձանագետի, այս տարին վճռորոշ է, որովհետեւ Ադրբեջանը հասել է պատասխան տալու փուլին եւ, հավանաբար, օգոստոսին արդյունքը պարզ կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել