Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԱՏԻԿ ՊԱՅՔԱՐ

Ապրիլ 14,2011 00:00

Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ ընթացած 69 կգ քաշայինների պայքարն անչափ դրամատիկ ստացվեց: Այնքան դրամատիկ, որ ուժեղագույնների խմբում հանդես եկած յուրաքանչյուր ծանրորդ կարող էր պատվո պատվանդան բարձրանալ:
Նույնը վերաբերում էր նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներին՝ Սամվել Գրիգորյանին ու Վանիկ Ավետիսյանին: Պոկում վարժությունը Սամվելն ավարտեց 140, Վանիկը՝ 133 կիլոգրամով, իսկ փոքր ոսկին նվաճեց Թուրքիայի ներկայացուցիչ Մետե Բինայը (154 կգ): Թվում էր, թե հրումում, առավել եւս՝ երկամարտում մեր տղաների համար մրցանակային տեղերի հույսեր այլեւս չկան, սակայն Բինայը երկրորդ մրցաձեւում անսպասելի զրոներ ստացավ ու դուրս մնաց պայքարից: Պատվիրած քաշերի մի մասը ձախողեց նաեւ պոկումում մեր ծանրորդներին գերազանցած մրցակիցների մի զգալի մասը եւս: Այնպես որ, հաջող մասնակցության դեպքում հատկապես Սամվելը կարող էր մեդալ էլ նվաճել: Բայց կատարվեց անհասկանալին. հրումում մեկնարկային 173 կգ պատվիրած հայ ծանրորդի մարզիչները, չգիտես ինչու, վրիպել էին, որ հաղորդավար մրցավարը նրան հրավիրել էր մրցահարթակ, եւ Սամվելը ուղղակի ժամանակը լրանալուց 12 վայրկյան առաջ վազքով մոտեցավ ծանրաձողին: Ու… փորձը ձախողեց: Նա հոգեբանորեն չվերականգնվեց նաեւ երկրորդ մոտեցման ժամանակ, եւ միայն երրորդում ծանրությունը ենթարկվեց նրա կամքին: Սամվելը երկամարտի 313 կգ-ով, ի վերջո, գրավեց հինգերորդ տեղը, իսկ Վանիկը, որ հրեց 174 կգ (երկամարտում՝ 312) թիմակցից մեկ աստիճան ցածր տեղ զբաղեցրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել